Բյուզանդիայի կայսր Հուստիանոս I

Հայ կյանքը հին ժամանակներից գտնվելով տոհմային կազմի դրության մեջ, նվիրագործել էր մի սովորություն, որը հատուկ էր նաև ուրիշ արիական ազգերին, օրինակ՝ հույներին և հռոմեացիներին: Այդ այն էր, որ կինը ժառանգելու իրավունք չուներ: Հույն-հռոմեական աշխարհում կյանքի զարգացումը բերել էր իր հետ այդ անհավասարության վերացմանը, և կանայք տղամարդկանց հետ հավասար ժառանգության իրավունք ունեին: Իսկ հայ կյանքը անփոփոխ էր պահել այդ հին սովորութական օրենքը:

Օգոստոս կայսր

Հին Հռոմում համընդհանուր աղետ էին բազմաթիվ չար սովորույթները, որոնք արմատացել էին քաղաքացիական պատերազմների ընթացքում ծնունդ առած անօրինականության սովորությամբ: Հռոմում բազմաթիվ ավազակներ էին թափառում օրը ցերեկով, զինված, իբրեւ թե ինքնապաշտպանության համար. դաշտերում բռնում էին անցորդներին, խտրություն չառնելով ազատներին ու ստրուկներին, եւ բանտարկում էին կալվածատերերի էրգաստուլումներում (կալվածներում զորանոցներ եւ բանտեր ստրուկների համար): Նոր կոլեգիումների (ազատ քաղաքացիների արհեստակցական եւ կրոնական միություններ) անվան տակ հավաքվում էին բազմաթիվ հրոսակախմբեր՝ պատրաստ կատարելու ցանկացած հանցագործություններ:

Հուլիոս Կեսար

Հուլիոս Կեսարը իր ժամանակին ուժեղացրեց հանցագործությունների դեմ պատիժները. Իսկ քանի որ հարուստ մարդիկ այն պատճառով էին հեշտությամբ ապօրինության գնում, որ նրանց կարողությունը վտարանդիության մեջ էլ նրանց էր մնում (յուրաքանչյուր հռոմեական քաղաքացիություն ունեցող անձ հանցագործություն կատարելիս, որպես պատիժ կարող էր դառնալ վտարանդի պահպանելով իր ամբողջ ունեցվածքը), Կեսարը սկսեց պատժել քաղաքացու սպանության համար ամբողջ ունեցվածքի, իսկ այլ հանցագործությունների համար՝ ունեցվածքի կեսի զրկումով: