Հուլիոս Կեսար

Հուլիոս Կեսարը իր ժամանակին ուժեղացրեց հանցագործությունների դեմ պատիժները. Իսկ քանի որ հարուստ մարդիկ այն պատճառով էին հեշտությամբ ապօրինության գնում, որ նրանց կարողությունը վտարանդիության մեջ էլ նրանց էր մնում (յուրաքանչյուր հռոմեական քաղաքացիություն ունեցող անձ հանցագործություն կատարելիս, որպես պատիժ կարող էր դառնալ վտարանդի պահպանելով իր ամբողջ ունեցվածքը), Կեսարը սկսեց պատժել քաղաքացու սպանության համար ամբողջ ունեցվածքի, իսկ այլ հանցագործությունների համար՝ ունեցվածքի կեսի զրկումով:

Կեսարը դատը վարում էր խիստ եւ արտակարգ մանրազնին: Նրանց, ովքեր դատապարտվում էին շորթումի համար, Կեսարը անգամ վտարում էր սենատորական դասից: Մի նախկին պրետորի ամուսնությունը մի կնոջ հետ, որը միայն նախօրյակին էր ապահարզան ստացել նախորդ ամուսնուց, նա հայտարարեց անվավեր, թեեւ դավաճանության մասին կասկածներ չկային: Օտարերկրյա ապրանքների վրա Կեսարը սահմանեց մաքսեր:

Պատգարակները, ինչպես նաեւ ծիրանի հագուստները եւ մարգարտյա զարդերը օգտագործելը Կեսարը վերապահեց միայն որոշակի այն անձանց, որոնք 55 տարեկանից մեծ էին, ամուսնացած էին եւ երեխա ունեին: Կեսարը հատկապես խիստ էր պահպանում պերճանքի դեմ ուղղված օրենքները (Շռայլության դեմ օրենք):

Կեսարը Հռոմի շուկաների մոտ պահակներ էր կարգում, որպեսզի վերջիններս խլեն եւ իր մոտ բերեն օրենքով արգելված եւ շուկաներում վաճառվող խորտիկները, իսկ եթե որեւէ բան վրիպում էր պահակների աչքից, Կեսարը ուղարկում էր լիկտորների՝ զինվորներով հանդերձ, որպեսզի ուղղակի սեղաններից հավաքեն արդեն մատուցված ճաշատեսակները: