Սույն հոդվածի ուսումնասիրության առարկան հանդիսանում է լռությամբ (անգործությամբ) ընդունված դրական կամ բացասական բնույթի ֆիկտիվ ակտերի հասկացությունը, դրանց դատական կարգով վիճարկման հնարավորությունը, կարգը: Այս տեսակետից անդրադարձ է կատարվում, թե արդյո՞ք ՀՀ օրենսդրության մեջ առկա են բավարար գործիքակազմեր, որպեսզի երաշխավորվի անձանց արդյունավետ դատական պաշտպանությունը և արդար դատաքննությունն այն դեպքերում, երբ ընդունվում են ֆիկտիվ ակտեր, որոնցով խախտվում են անձի իրավունքները:
Հոդվածի նպատակը – Հոդվածը նպատակ է հետապնդում գիտական հենքի վրա վերլուծել, թե ՀՀ օրենսդրության տեսանկյունից ինչ կարգով կարող են դատական կարգով վիճարկվել ֆիկտիվ ակտերը, և թե ինչ խնդիրներ են առկա ՀՀ օրենսդրությունում անձանց՝ ֆիկտիվ ակտերը վիճարկելու իրավունքի իրացման համար:
Արդյունքները – Հոդվածում հիմնավորվում է, որ սահմանադրական և վարչական մարմինների ֆիկտիվ ակտերը ենթակա են դատական վերահսկողության՝ ՀՀ վարչական դատարանում, և դրանք կարող են վիճարկվել առավելապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակով: Այդուհանդերձ, հոդվածում հիմնավորվում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը շատ դեպքերում կարող է լիարժեքորեն չպաշտպանել անձի խախտված իրավունքը:
Հետևությունները – Օրենսդիր մարմինը պետք է առավելապես պարզեցնի ֆիկտիվ ակտերի վիճարկման ընթացակարգերն ու կառուցակարգերը: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարությունում պետք է իրականացվեն փոփոխություններ, որոնցով պետք է վերացվեն հայցատեսակների բաժանումները․ այն պետք է թողնվի որպես դատարանի կողմից պարզման ենթակա հարց: Ֆիկտիվ ակտերի մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել առանձին գլուխ, որով կկարգավորվեն այդ ակտերը վիճարկելու ընթացակարգերը:
Հիմնաբառեր – վարչական իրավունքի ֆիկցիա, վարչական ակտ, անգործություն, վարչական լռություն, դրական բնույթի ֆիկտիվ ակտ, բացասական բնույթի ֆիկտիվ ակտ, ֆիկտիվ ակտի վիճարկում: