Փաստաբանի դերը արդարադատության գործընթացում

Իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարևոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձևավորվող իրավիճակներում: Սույն վերլուծությամբ ես փորձել եմ հնարավորինս հակիրճ շարադրել իմ այն փորձը և տեսական գիտելիքները, որոնք կուտակել եմ այս տարիների ընթացքում: Կարծում եմ, որ հոդվածը հետաքրքիր կլինի փաստաբանական և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց համար:

Մարդուց դեպի պետություն: Օրենսդրական պաշտպանություն:

Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը: «Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից: