Հին Հռոմում համընդհանուր աղետ էին բազմաթիվ չար սովորույթները, որոնք արմատացել էին քաղաքացիական պատերազմների ընթացքում ծնունդ առած անօրինականության սովորությամբ: Հռոմում բազմաթիվ ավազակներ էին թափառում օրը ցերեկով, զինված, իբրեւ թե ինքնապաշտպանության համար. դաշտերում բռնում էին անցորդներին, խտրություն չառնելով ազատներին ու ստրուկներին, եւ բանտարկում էին կալվածատերերի էրգաստուլումներում (կալվածներում զորանոցներ եւ բանտեր ստրուկների համար): Նոր կոլեգիումների (ազատ քաղաքացիների արհեստակցական եւ կրոնական միություններ) անվան տակ հավաքվում էին բազմաթիվ հրոսակախմբեր՝ պատրաստ կատարելու ցանկացած հանցագործություններ:
Ավազակությունների դեմն առնելու համար Օգոստոսը հարմար տեղերում պահակախմբեր կարգեց, էրգաստուլումները խուզարկեց, բոլոր կոլեգիումները, բացառությամբ հների եւ թույլատրվածների, ցրեց: Գանձարանի վաղեմի պարտապանների ցուցակները, որոնք ամենից ավելի էին կշտամբանքների տեղիք տալիս, այրեց. Հռոմում վիճելի պետական հողամասերը նա զիջեց դրանց տիրակալներին. երկարաձգված դատավարությունները, որոնց ժամանակ մեղադրյալների նվաստացումը միայն զվարճացնում էր մեղադրողներին, դադարեցրեց, հայցը վերսկսելու համար սպառնալով հավասար տույժով (Հին Հռոմի օրենք, ըստ որի եթե մեղադրողը չէր կարողանում ապացուցել մեղադրանքը, նա ինքն էր ենթարկվում այն պատժին, որը սպառնում էր մեղադրվողին):
Որպեսզի ոչ մի հանցագործություն կամ դատական գործ անպատիժ չմնար եւ չձգձգվեր, նա դատաքննությանը հատկացրեց այն ավելի քան երեսուն օրերը, որոնք մագիստրատները նվիրում էին խաղերին: Երեք դատական դեկուրիաներին նա ավելացրեց նաեւ չորրորդը՝ ստորին կացությանը, այդ դատավորներին անվանելով «երկհարյուրականներ» (200.000 սեստերցիում ցենզից) եւ նրանց հանձնարարելով ոչ մեծ գումարների հայցերը:
Օգոստոսն ինքը անձամբ էր մեծ ջանասիրությամբ վարում դատերը, երբեմն անգամ գիշերը, իսկ եթե հիվանդ էր լինում, ապա՝ պատգարակից, որը դնում էին դատավորական տեղերի կողքին, եւ նույնիսկ տանը՝ անկողնում պառկած: Դատավարության ժամանակ նա ոչ միայն մեծ մանրախուզություն, այլեւ մեղմություն էր դրսեւորում. օրինակ, ցանկանալով մի հայրասպանի փրկել պարկից եւ ջրահեղձումից (վաղեմի մահապատիժ հայրասպանության համար. դատապարտվածին շան, օձի, աքլորի եւ կապիկի հետ (կենդանիների, որոնք համարվում էին ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորողի օրինակ) կարում էին կաշվե պարկի մեջ եւ ծովն էին նետում), իսկ նման պատիժ նշանակվում էր միայն խոստովանողներին, նա, ասում են, մեղադրյալին դիմեց հետեւյալ կերպ. «Նշանակում է, դու չե՞ս սպանել հորդ»:
Իսկ երբ դատաքննվում էր կտակի կեղծման մի գործ, եւ բոլորը, ովքեր ստորագրել էին այն, ենթակա էին պատժի համաձայն Կոռնելիոսի օրենքի (կեղծումի համար ստրուկներին մահվան պատիժ էր հասնում, իսկ ազատներին՝ աքսոր), Օգոստոսը կարգադրեց քվեարկության երկու սովորական տախտակներից զատ՝ արդարացնող եւ մեղադրող, դատավորներին բաժանել նաեւ երրորդը, որը ներում էր հռչակում նրանց, ովքեր ստորագրել էին դրդմամբ կամ չհասկանալով:
Քաղաքացիների բողոքարկումները նա ամեն տարի հանձնում էր քաղաքային պրետորին, պրովինցիաների բնակիչներից ստացված բողոքարկումները՝ կոնսուլական կոչում ունեցող անձանց, որոնց նա մեկական նշանակում էր քննության համար յուրաքանչյուր պրովինցիայում:
Օգոստոսը վերանայեց հին օրենքները եւ մտցրեց մի քանի նոր օրենքներ. օրինակ, ճոխության, ամուսնական անհավատարմության եւ անառակության մասին, կաշառքի, բոլոր դասերի համար ամուսնական կարգի մասին:
Քանի որ Սենատը ուռճացել ու վերածվել էր անկերպարանք եւ անկարգ մի ամբոխի – այնտեղ ավելի քանի հազար անդամ կար, եւ նրանց թվում՝ ամենաանարժան մարդիկ, որոնք ընդունվել էին Կեսարի մահից հետո, ծանոթությամբ կամ կաշառքով, եւ որոնց ժողովուրդը անվանում էր «անդրշիրիմյան» սենատորներ: Օգոստոսը սենատը վերադարձրեց նախկին թվաքանակին (900-ից դարձնելով 600) ու փայլին, երիցս անցկացնելով ցուցակների վերանայում: Առաջին անգամ ընտրությունները կատարում էին սենատորներն իրենք, անվանելով միմյանց, երկրորդ անգամ կատարեց անձամբ Օգոստոսը Ագրիպպայի հետ միասին: