Տիբերիոս կայսր

Օգոստոս կայսրի մահից հետո, Տիբերիոսն իր տրիբունական իշխանության զորությամբ սենատ գումարեց և ուզում էր ճառով դիմել սենատին, բայց, ասես ուժ չգտնելով հաղթահարելու վիշտը, հեկեկալով բացականչեց, որ ավելի լավ կլիներ ինքը ոչ միայն ձայնից, այլև կյանքից զրկվեր, և ճառը կարդալու հանձնեց իր որդի Դրուզոսին: Ապա ներս բերեցին Օգոստոսի կտակը, այն կնքած վկաներից նա կուրիա ներս թողեց միայն սենատորական դասին պատկանող անձանց, մյուսներն իրենց կնիքները պետք է վկայեին մուտքի մոտ:

Ազատարձակի կողմից հրապարակված կտակն սկսվում էր այսպիսի բառերով «Քանզի ճակատագիրը դաժան ինձ զրկեց իմ զավակներ Գայոսից և Լուկիոսից, թող իմ ժառանգը երկու երրորդի չափով լինի Տիբերիոս Կեսարը»: Դրանով առավել ամրապնդվեց կասկածը նրանց մեջ, ովքեր կարծում էին, որ Տիբերիոսին նա իր ժառանգ էր ճանաչել ավելի շուտ անհրաժեշտությունից դրդված, քան թե բարի կամքով, քանի որ նա չէր զսպել իրեն նման ներածական գրելուց:

Թեև նա վճռականություն հանդես բերեց գերագույն իշխանությունը (principatus) իսկունևեթ ընդունելու և կիրառելու, թեև նա արդեն շրջապատել էր իրեն զինված պահակախմբով՝ տիրակալությանը երաշխիքով ու նշանով, սակայն խոսքով նա երկար ժամանակ հրաժարվում էր իշխանությունից, խաղալով ամենաանպատկառ մի կատակերգություն՝ մերթ կշտամբանքով ասում էր աղերսող բարեկամներին, թե նրանք չգիտեն էլ, ինչպիսի հրեշ է իշխանությունը, մերթ երկիմաստ պատասխաններով ու խորամանկ անվճռականությամբ լարված անգիտության մեջ էր պահում սենատը, որը մերձենում էր նրան ծնկաչոք խնդրանքներով:

Ոմանք նույնիսկ կորցրեցին համբերությունը՝ ընդհանուր աղմուկի մեջ ինչ-որ մեկը բացականչեց. «Թող նա կամ կառավարի կամ հեռանա», ինչ-որ մեկը նրա երեսին հայտարարեց, որ ոմանք հապաղում են անել այն, ինչ խոստացել են, իսկ նա դանդաղում է խոստանալ այն, ինչ արդեն անում է: Վերջապես, ասես կամքին հակառակ, դառն տրտնջանքով նրանց կողմից իր վրա դրվող դժնդակ ստրկությունից, նա ընդունեց իշխանությունը: Բայց այստեղ էլ ջանաց հույս ներշնչել, որ երբևէ վայր կդնի այն. ահա նրա խոսքերը. «… մինչ այն պահը, քանի դեռ ձեզ չի թվա, որ եկել է ժամանակը հանգստություն տալու և իմ ծերությանը»:

Տիբերիոսը սկզբնապես իրեն պահում էր որպես լավ քաղաքացի և համարյա թե այնպես հասարակ, ինչպես մի մասնավոր անձ: Բազմաթիվ բարձրագույն պատիվներից նա միայն քչերն ու համեստներն ընդունեց: Երբ նրա ծննդյան օրը համընկավ Պլեբեյական խաղերին (նոյեմբերի 4-17-ին), նա դժվարությամբ համաձայնեց նշել այն մեկ ավելի մարտակառքով կրկեսային արշավների ժամանակ: Նա արգելել էր իրեն տաճարներ, քրմեր, հոգևոր սպասավորներ նվիրաբերել, նա սոսկ հատուկ թույլտվությամբ էր թույլատրում դնել արձաններն ու պատկերները, այն էլ պայմանով, որ դրանք տեղադրվեն ոչ թե աստվածների քանդակների հետ, այլ տաճարի զարդարանքների միջև:

Նա արգելեց հավատարմություն ուխտել իր գործերին, արգելեց սեպտեմբեր ամիսն անվանել «Տիբերիոս», իսկ հոկտեմբերը՝ «Լիվիոս»՝ սենատին պատասխանելով «Իսկ դուք ինչ եք անելու, եթե տասներեք կեսար ունենաք»: Նա մերժեց իմպերատորի կոչումը, հայրենյաց հայր մականունը, կաղնե պսակը դռան վերևում (ժամանակին այն շնորհվել էր Օգոստոսին որպես «բոլոր քաղաքացիների փրկարարի»), նույնիսկ Օգոստոսի անունը, թեև նա ստացել էր այն ժառանգաբար, օգտագործում էր միայն թագավորներին ու կառավարիչներին գրած նամակներում: Այդ ժամանակից նա երեք անգամ էր կոնսուլություն ընդունել՝ մեկ անգամ մի քանի օրով, մյուս անգամ երեք ամսով, երրորդ անգամ, հեռակա կարգով, մինչև մայիսյան իդերը:

Հաճոյակատարությունից նա այնպես էր գարշում, որ սենատորներից ոչ ոքի մոտ չէր թողնում իր պատգարակին՝ ոչ ողջունելու համար, ոչ էլ գործով: Երբ մի կոնսուլյարիս, նրանից ներողություն հայցելով, ուզում էր նետվել նրա ոտքերը, նա այնպիսի թափով նրանից ետ քաշվեց, որ փռվեց մեջքի վրա: Նույնիսկ երբ խոսակցության կամ երկարաշունչ ճառի ժամանակ քծնանք էր լսում, անհապաղ ընդհատում էր խոսողին, նախատում և տեղնուտեղը ուղղում: Երբ ինչ-որ մեկը դիմել էր նրան «տիրակալ» բառով, նա ասել էր. «Ես տիրակալ եմ ստրուկների համար, կայսր՝ զինվորների համար, պրինցեպես՝ մնացյալ բոլորի համար» և հայտարարել էր, որ իրեն այլևս այդպես չվիրավորեն: Ոմն ուրիշը նրա գործերն անվանել էր «սրբազան» և ասել, որ դիմում է սենատին համաձայն նրա կամքի, նա ուղղել էր նրան և ստիպել «համաձայն նրա կամքի» փոխարեն ասել՝ «ըստ նրա խորհրդի», իսկ «սրբազանի» փոխարեն՝ «կարևոր»:

Բայց և՛ անհարգալից վերաբերմունքը, և՛ չարախոսությունը, և՛ իր մասին գրված վիրավորական ոտանավորները նա համբերությամբ և աննկուն էր տանում, հպարտությամբ հայտարարելով, որ ազատ տերության մեջ պետք է ազատ լինի և՛ միտքը, և՛ լեզուն: Մեկ անգամ սենատը նրանից պահանջել էր քննություն կատարել նման հանցագործությունների և հանցագործների վերաբերյալ. նա պատասխանել էր. «Մենք չափից դուրս քիչ ժամանակ ունենք, որպեսզի խճճվենք այդ անհարմար գործերի մեջ: Եթե դուք բացեք այդ օդելույզը, արդեն չեք կարողանա որևէ այլ բանով զբաղվել՝ այդ առնչությամբ բոլորը ձեզ մոտ քարշ կտան իրենց ճղճիմ վեճերը»: Պահպանվել է նաև նրա՝ սենատում արտասանած այս ճառը, որը լիովին արժանի է քաղաքացուն. «Եթե որևէ մեկը իմ մասին վատ արտահայտվի, ես կաշխատեմ նրան բացատրել իմ բոլոր խոսքերն ու գործերը. իսկ եթե նա համառի, ես նրան կպատասխանեմ փոխադարձ անբարյացակամությամբ»: