Սոկրատեսի պաշտպանականը կամ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ

«Մի՛ աղմկեք, աթենացի՛ այրեր, անգամ եթե ձեզ թվա, թե մեծամիտ եմ խոսում: Ես ոչ թե իմ խոսքն եմ ասում, այլ վկայակոչում եմ ձեր իսկ վստահած մեկին: Որպես վկա իմ իմաստունության, — եթե ունեմ իմաստունություն, — վկայակոչում եմ Դելփիքի աստծուն: Դուք գիտեք Քերեփոնին: Նա պատանի տարիքից եղել է իմ և շատերիդ ընկերը, ձեզ հետ եղել է աքսորում, ձեզ հետ վերադարձել: Եվ դուք գիտեք, թե ինչպիսին էր Քերեփոնը, որքան աննկուն էր իր նախաձեռնություններում:

Մի անգամ, գալով Դելփիք, նա տվեց պատգամախոսին հետևյալ հարցը: — Ասում եմ ձեզ, մի՛ աղմկեք, այրե՛ր: — Նա հարցրեց՝ արդյոք գոյություն ունի՞ ինձնից իմաստուն որևէ մեկը: Եվ Պյութիան (գուշակություն անող) պատասխանեց, որ ավելի իմաստուն ոչ ոք չկա: Այդ մասին ձեզ կվկայի այստեղ ներկա Քերեփոնի եղբայրը, քանզի ինքը Քերեփոնը վախճանվել է:

Տեսեք, թե ինչու եմ դա ասում. չէ՞ որ ես ուզում եմ բացատրել ձեզ, թե որտեղից է գոյացել իմ դեմ այս զրպարտանքը: Երբ իմացա այդ գուշակության մասին, սկսեցի ինքս ինձ մտածել. «Արդյոք ի՞նչ նկատի ունի աստված և ի՞նչ է ակնարկում: Չէ՞ որ ես ինձ բոլորովին էլ իմաստուն չեմ համարում: Ի՞նչ նկատի ուներ ուրեմն, ասելով, թե ես եմ ամենաիմաստունը: Չէ՞ որ չէր ստում, վայել չէ»: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ էր ուզում ասել, իսկ հետո մեծ դժկամությամբ այսպես շարունակեցի փնտրտուքս:

Գնացի մեկի մոտ նրանցից, որոնք իմաստուն են համարվում, մտածելով, թե հենց այստեղ, և ոչ այլուր, կհերքեմ գուշակությունը և կհայտնեմ պատգամախոսին. «Սա ինձնից իմաստուն է, իսկ դու ինձ ես իմաստուն կոչում»: Բայց մի լավ տնտղեցի նրան, — անունը հիշատակելու կարիք չկա, քաղաքական գործիչներից էր, — և տեսնելով, թե ինչ է անում, աթենացի՛ այրեր, ու զրուցելով նրա հետ, որոշեցի, որ այդ մարդը միայն թվում է իմաստուն թե՛ ուրիշներին և թե՛ հատկապես ինքն իրեն, սակայն բնավ այդպիսին չէ:

Հետո փորձեցի ցույց տալ, որ իրեն միայն թվում է, թե ինքը իմաստուն է, և որ դա այդպես չէ: Ահա ինչու թե՛ նրան, թե՛ ներկաներից շատերին ատելի դարձա, իսկ երբ հեռանում էի նրանից, ինքս ինձ մտածում էի, որ ես ավելի իմաստուն եմ, քանզի մեր երկուսից ոչ ոք կարգին ոչինչ չգիտի, մինչդեռ նա չիմանալով կարծում է, թե գիտի, իսկ ես թեև չգիտեմ, բայց չեմ էլ կարծում: Ինձ թվաց, որ այդ փոքր հարցում նրանից ավելի իմաստուն եմ, քանզի չիմանալով՝ չեմ կարծում, թե գիտեմ: Այդտեղից գնացի մեկ ուրիշի մոտ՝ նրանցից, ովքեր առաջինից ավելի իմաստուն էին թվում, և տեսա նույնը: Այդժամ ատելի դարձա և՛ նրանց, և՛ ուրիշ շատերին:

Այնուհետև արդեն այցելում էի բոլորին իրար ետևից. տեսնում էի, որ ատելի եմ դառնում, վշտանում էի ու երկյուղում, բայց անհրաժեշտ էի համարում աստծո խոսքը դասել ամենից բարձր: Պատգամի իմաստը հասկանալու համար պետք է այցելեի բոլոր ինչ-որ բան իմացող համարվողներին: Եվ, շունը վկա, աթենացի՛ այրեր, պարտավոր եմ ասել այն ճշմարտությունը, որին բախվեցի. նրանք, ովքեր վայելում էին ամենամեծ փառքը, երբ ես քննեցի նրանց աստծո հրամանով, (իմաստունության հարցում) ամենապակասավորները թվացին ինձ, իսկ մյուսները, ովքեր պակաս իմաստուն էին համարվում, ավելի խոհեմ էին: Սակայն ես պետք է ձեզ պատմեմ իմ դեգերումների մասին: Ասես չարչարանք կրեի, իսկ պատճառը ցանկությունն էր, որ գուշակությունն այլևս անհերքելի դառնա ինձ համար:

Քաղաքական այրերից հետո այցելեցի պոետներին՝ թե՛ ողբերգականներին, թե՛ ներբողագիրներինև թե՛ այլոց՝ տեղում հավաստիանալու, որ ես նրանցից տգետ եմ: Ձեռքս առնելով նրանց գրվածքները, որ ինձ թվում էին առավել մշակված իրենց կողմից, հարցնում էի, թե ինչ են ցանկացել ասել, որպեսզի ես էլ ինչ-որ բան սովորեմ նրանցից: Ամաչում եմ, ո՛վ այրեր, ասել ձեզ ճշմարտությունը, բայց պետք է ասեմ: Ըստ էության քիչ էր մնում, որ կողմնակի մարդիկ ավելի լավ խոսեն նրանց ստեղծագործության մասին, քան իրենք: Այսպես, կարճ ժամանակում պոետների մասին իմացա, որ ստեղծագործում են ոչ թե իմաստունությամբ, այլ բնությամբ ու ներշնչանքով, ինչպես գուշակներն ու պատգամախոսները: Չէ՞ որ վերջիններս էլ բազում լավ բաներ են ասում, բայց իրենց ասածներից ոչինչ չեն հասկանում: Նման ինչ-որ բան հատուկ է նաև պոետներին: Միաժամանակ հասկացա, որ իրենց ստեղծագործության պատճառով իրենք իրենց մարդկանցից ամենաիմաստունն են համարում նաև այլ հարցերում, բայց նրանք այդպիսին չեն: Հեռացա նաև պոետներից՝ մտածելով, որ գերազանցում եմ իրենց այն նույն բանով, ինչ քաղաքական այրերին:

Եվ ահա եկա արհեստավորների մոտ: Ես գիտակցում էի, որ ինքս ըստ էության ոչինչ չգիտեմ, բայց հույս ունեի վերջապես գտնել բազում լավ բաներ իմացողների: Եվ չսխալվեցի. նրանք գիտեին այն, ինչ ես չգիտեի, և դրանով ավելի իմաստուն էին ինձնից: Սակայն, աթենացի՛ այրեր, այդ լավ արհեստավորները ունեին նույն թերությունը, ինչ պոետները: Իր վարպետության պատճառով յուրաքանչյուրն իրեն ամենաիմաստունն էր համարում նաև այլ ոլորտներում, և այդ մոլորությունը ստվեր էր գցում եղած իմաստունության վրա: Ուստի ինքս ինձ հարցնում էի պատգամի մասին. Ինչպե՞ս վարվել՝ մնալ այդպիսին, ինչպիսին կամ, և չլինել իմաստուն նրանց իմաստունությամբ և ոչ էլ տգետ նրանց տգիտությա՞մբ, թե՞ նրանց պես համատեղել այդ երկուսն էլ: Եվ ինձ ու պատգամախոսին պատասխանեցի, որ ավելի լավ է մնամ այնպիսին, ինչպիսին կամ:

Հենց այդ քննության պատճառով, աթենացի՛ այրեր, շատերին ատելի դարձա և այն էլ շատ ատելի, այնպես որ բազմաթիվ դավեր նյութեցին՝ ինձ տալով իմաստունի անուն, քանզի ներկաներն ամեն անգամ ինձ իմաստուն էին համարում այն հարցերում, որոնցում բացահայտում էի մեկ ուրիշի տգիտությունը: Մինչդեռ, ո՛վ այրեր, իմաստունն աստվածն է. նա իր պատգամի մեջ նկատի ուներ, որ մարդկային իմաստունությունը ոչինչ է: Եվ թվում է, նկատի ունի ոչ թե Սոկրատեսին, այլ օգտվում է իմ անունից օրինակի համար, ինչպես եթե ասեր. «Մարդիկ, ձեզնից ամենաիմաստունը նա է, ով Սոկրատեսի նման գիտի, որ իր իմաստունությունն իրականում ոչինչ չարժե»:

Պլատոն, «Սոկրատեսի պաշտպանականը»: