Այստեղ ներկայացված է Պլատոնի “Պետություն” ստեղծագործության որոշակի մտքերը, որոնք արտահայտում է Սոկրատեսն իր փաստարկներն ներկայացնելիս: Այս արժեքավոր աշխատությունը իրավմամբ կարելի է դասել “Պարտադիր ընթերցանություն” շարքին, էլ ավելի պարտադիր իրավաբանների համար: Այս աշխատությունը չի կորցրել իր արդիականությունն անգամ այսօր և իմաստուն լինելու դեպքում կարելի է շատ և շատ օգտակար մտքեր քաղել այս աշխատությունից և փորձել այն իրականություն դարձնել կյանքում:
“Լավ մարդիկ չեն ցանկանում պաշտոնավարել ո՛չ վարձատրության, ո՛չ էլ փառքի համար, քանզի չեն ցանկանում կոչվել վարձկաններ՝ բացահայտորեն վճար վերցնելով, և ոչ էլ գողեր՝ ծածուկ օգտվելով իրենց իշխանությունից։ Հանուն փառքի նրանք նույնպես չեն ցանկանում իշխել, քանի որ փառատենչ չեն։ Պետք է ստիպել, որպեսզի ստանձնեն իշխանություն և, եթե չցանկանան, պատիժներ կիրառել։ Ահա ինչու ամոթալի է համարվում իշխանության կամավոր ձգտելը, երբ չկա ոչ մի հարկադրանք։ Իսկ ամենամեծ պատիժը քեզնից վատթար մեկի իշխանության տակ գտնվելն է, եթե ինքդ իշխել չես ցանկանում։ Ինձ թվում է, դրանից վախենալով է, որ արժանի մարդիկ իշխանության են գալիս ու պաշտոնավարում։ Նրանք անցնում են իշխանության ոչ այնպես, ինչպես եթե մի լավ բան ստանձնեին և ներքուստ բավարարվեին դրանով, այլ՝ անհրաժեշտությունից դրդված, չկարողանալով փոխանցել այն ավելի արժանի մեկին կամ իրենց նմանին։ Եթե պետությունը միշտ կազմված լիներ լավ մարդկանցից, բոլորը կվիճարկեին իշխանությունից խուսափելու իրավունքը, ինչպես որ հիմա վիճարկում են իշխանության գալը։ Այստեղից պարզ կդառնար, որ իրականում ճշմարիտ իշխանավորը հետմահու է օգտակարին ոչ թե իր, այլ հպատակների համար, այնպես որ ամեն ոք ով հասկանում է դա, ուրիշի օգուտի մասին հոգալու փոխարեն, կգերադասեր, որ ուրիշները հոգ տանեին իր օգուտի մասին։
Մարդը վրդովվում է անարդարությունից լոկ այն դեպքում, երբ ունի աստվածային բնություն, և խուսափում է դրանից, երբ ունի իմացություն։ Մնացյալ դեպքերում ոչ ոք կամովին չի հետևում արդարությանը և պարսավում է անարդարությունը վախի, ծերության կամ որևէ այլ տկարության պատճառով, քանի որ չի կարող գործել այն։
Ամեն ոք կարող է լավ զբաղվել միայն մեկ գործով, բայց ոչ շատերով։ Եթե նա ուզում է զբաղվել շատ գործերով, բոլորի մեջ էլ ձախողվում է և ոչնչով աչքի չի ընկնում։
Դատավորը հոգով իշխում է հոգիների վրա, և չի կարելի թույլ տալ, որ նա մանկուց դաստիարակվի հոռի հոգիների մեջ և շփվի նրանց հետ, կրի ամեն տեսակ անարդարություններ և ինքը անարդարություններ գործի, որպեսզի իր օրինակով ճանաչի ուրիշների անարդարությունները, ինչպես որ սեփական մարմնով ճանաչում են հիվանդությունները։ Հակառակը՝ հոգին մանկուց պետք է լինի անարատ և անմասն չար սովորույթներից, եթե պիտի գեղեցիկ և բարի ձևով դատի արդար գործերի մասին։ Ահա ինչու պարկեշտ պատանիները թվում են պարզամիտ և հեշտ են խաբվում անարդարների կողմից, քանի որ չունեն արատավորների բնավորության գծեր։
Հետևաբար լավ դատավոր կլինի ոչ թե պատանին, այլ ծերունին, որը միայն ուշ է սովորել, թե ինչ է անարդարությունը։ Նա նկատել է , որ դա ոչ թե իր հոգու ներքին հատկությունն է, այլ օտար ինչ-որ բան օտարների մեջ, և երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի նա հասկանա, թե ինչպիսին է այդ չարիքի բնությունը, քանզի դա իմացություն է, այլ ոչ սեփական փորձի արգասիք։
Ամեն ոք առավելագույնս հոգ է տանում նրա մասին, ինչը սիրում է։ Մի՞թե քեզ չի թվում, որ մարդիկ բարիքներից զրկվում են ակամա, իսկ չարիքներից՝ կամովին։ Մի՞թե չարիք չէր ճշմարտության հարցում խաբվելը և մի՞թե բարիք չէ հավատալ ճշմարտությանը։ Մի՞թե իրականում գոյություն ունեցողի մասին կարծիք ունենալը չի նշանակում հավատալ ճշմարտությանը։
Բայց եթե արհեստավորը կամ մեկ ուրիշը, որն իր էությամբ գործարար է, բարձրանա իր հարստության, կապերի, ուժի կամ մեկ ուրիշ բաների շնորհիվ և փորձի անցնել զինվորականների խավ, կամ եթե զինվորականներից ինչ-որ մեկը փորձի անցնել պատգամավորների կամ պահապանների խավ, չլինելով դրան արժանի, և նրանք փոխանակեն իրենց գործիքներն ու կոչումները, կամ եթե որևէ մեկը փորձի ամեն բան կատարել միաժամանակ, կարծում եմ՝ կհամաձայնես, որ այդպիսի փոխանակությունն ու միջամտությունը կործանարար կլինի պետության համար։
Այդ երեք խավերի միջամտությունը միմյանց գործերին և մեկ խավի անցումը մյուսին մեծագույն վնասն է պետությանը և իրավացիորեն կարող է համարվել մեծագույն չարագործությունը։
Արդարությունն ու անարդարությունը ոչնչով չեն տարբերվում առողջ և հիվանդ բաներից, միայն թե վերջինները գտնվում են մարմնի մեջ, իսկ առաջինները՝ հոգու։
Առողջ բաները առաջ են բերում առողջություն, իսկ հիվանդածին բանները՝ հիվանդություն։
Այդպես էլ արդար բաները առաջ են բերում արդարություն, իսկ անարդարները՝ անարդարություն։
Քանի դեռ պետություններում չեն թագավորում փիլիսոփաները կամ այժմյան այսպես կոչված արքաներն ու տիրակալները չեն կարող ինչպես հարկն է փիլիսոփայել, և այդ երկուսը՝ պետական իշխանությունն ու փիլիսոփայությունը չեն միավորվել, և քանի դեռ չեն հեռացվել մարդիկ,- իսկ դրանք շատ են,- որոնք հիմա առանձին ձգտում են կա՛մ իշխանության, կա՛մ փիլիսոփայության, պետությունները, սիրելի՛ Գլավկոն, չեն ազատվի չարիքներից, և մարդկային ցեղի համար երբևէ հնարավոր չի լինի և երբեք լույս աշխարհ չի գա այն պետությունը, որի մասին հիմա խոսում ենք։ Ահա այն, ինչի մասին երկար ժամանակ վարանում էի ասել՝ տեսնելով, թե որքան է դա հակասում ընդունված կարծիքին։ Չէ՞ որ դժվար է հասկանալ, որ այլապես թե՛ նրանց անձնական և թե՛ հասարակական բարեկեցությունն անհնար է։
Իսկ նա, ով ուզում է ճաշակել բոլոր գիտություններից և ուրախ է սովորել, ընդ որում՝ անհագուրդ, արդարև կկոչվի փիլիսոփա։ —Իսկ ո՞ւմ ես կոչում ճշմարիտ փիլիսոփաներ։ —Նրանց, ովքեր սիրում են տեսնել ճշմարտությունը։
Չե՞ս նկատել, որ իմացությունից զուրկ կարծիքները բոլորն էլ անպետք են։ Անգամ դրանցից լավագույները նույնպես կույր են։ Եթե մարդիկ կարող են ունենալ ճիշտ կարծիքներ, որոնք հիմնված չեն ըմբռնման վրա, ապա ինչո՞վ են, ըստ քեզ, տարբերվում կույրերից նրանք, ովքեր գնում են ճիշտ ճանապարհով։
Մի՛ զարմացիր, որ այստեղ եկածները չեն ցանկանում զբաղվել մարդկային գործերով։ Փոխարենը նրանք միշտ ձգտում են բարձրանալ վեր։ Դա բնական է, քանի որ համապատասխանում է նշված պատկերին։ Եվ ի՞նչ։ Զարմանալի՞ ես համարում, որ ոմն, աստվածային հայեցումներից անցնելով մարդկային ճղճիմությանը, շատ ծիծաղելի է թվում․ տեսողությունը տակավին թույլ է և չի վարժվել տիրող խավարին, մինչդեռ նրանք ստիպում են հանդես գալ դատարաններում կամ որևէ ուրիշ տեղ և պայքարել արդարության ստվերների կամ այդ ստվերները նետած պատկերների համար և վիճել դրանց շուրջ այնպես, ինչպես դա հասկանում են մարդիկ, որոնք երբեք չեն տեսել ինքը արդարությունը։
Օրենքը հոգ է տանում ոչ թե պետության որևէ խավի բարօրության մասին, այլ՝ ողջ պետության։ Ստիպելով և համոզելով՝ այն միավորում է քաղաքացիներին, անելով այնպես, որ նրանք փոխադարձաբար օգտակար լինեն միմյանց, որքան որ իրենցից յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել հանրությանը։ Օրենքը ներմուծում է այդպիսի մարդկանց պետություն ոչ թե նրա համար, որ յուրաքանչյուրը շեղվի իր ուզած ուղղությամբ, այլ որպեսզի նրանց միջոցով կապակցի պետությանը։
Իշխանության սիրահարները չպիտի գան իշխանության։
Ազատ մարդը ոչ մի գիտություն չպետք է սովորի ստրկորեն։ Քանզի եթե մարմնին բռնի ստիպում են ծանր աշխատանք կատարել, այն չի դառնում ավելի վատը, սակայն հոգու մեջ բռնի կերպով ներդրած գիտելիքը խախուտ է։
Ուրեմն, բարեկամս, զավակներիդ գիտությամբ սնիր ոչ թե ստիպողաբար, այլ խաղալով, որպեսզի կարողանաս ավելի լավ տեսնել յուրաքանչյուրի բնական հակումները։
Հոգնածություն ու քունը գիտությունների թշնամիներն են։
Երբ իշխանության գան իսկական փիլիսոփաները, — լինեն բազում, թե մեկը,- նրանք կարհամարեն պետության այժմյան պատիվները, կհամարեն դրանք նսեմ և սին, իսկ կգնահատեն ուղղամտությունն ու դրա հանդեպ հարգանքը, սակայն ամենից մեծ և անհրաժեշտ կհամարեն արդարությունը․ ծառայելով սրան ու բազմապատկելով՝ նրանք կկարգավորեն իրենց պետությունը։
Նրանք խնայում են դրամը, քանի որ մեծարում են այն, թաքցնում են իրենց ունեցվածքը և սիրում են ապրել ուրիշների հաշվին։
Եթե պետության մեջ գնահատում են հարստությունն ու հարուստներին, չեն գնահատում առաքինությունն ու առաքինիներին։
Մի՞թե պարզ չէ, որ այդ պետության քաղաքացիները չեն կարող միաժամանակ պատվել հարուստությունն ու լինել խոհեմ և որ դրանցից մեկը անհրաժեշտաբար կանտեսվի։
Պարպելով ու մաքրելով երիտասարդի հոգին, որն արդեն գրավել են ու հաղորդակից դարձրել մեծ խորհուրդներին, նրանք այնուհետև մեծ երգչախմբի ուղեկցությամբ ներս կհրավիրեն լկտիությունը, սանձարձակությունն ու անառակությունը՝ զարդարելով դրանք պսակներով ու փառաբանելով։ Լկտիությունը նրանք կկոչեն բարեկրթություն, սանձարձակությունը՝ ազատություն, անառակությունը՝ վայելչություն, անամոթությունը՝ արիություն։
Եթե ժողովուրդն է ծնել բռնակալին և իր բարեկամներին, ինքն էլ պիտի հոգ տանի նրանց մասին։
Այդ մարդիկ այդպիսին են նաև մասնավոր կյանքում, նախքան իշխանության գալը։ Ում հետ էլ շփվեն, պահանջում են շողոքորթություն և կատարյալ հնազանդություն, իսկ երբ ինչ-որ բանի կարիք ունեն, ձգտում են դեպի այդ մարդը, ամեն կերպ ձևացնելով, թե մոտ են նրան, իսկ երբ հասնում են ուզածին, նորից օտար են դառնում։
Նշանակում է՝ ողջ կյանքում ոչ ոքի հետ ընկերություն չեն արել։ Մշտապես կա՛մ տիրել են, կա՛մ ստրկացրել ուրիշին․ այդպես բռնապետական բնությունը երբեք չի ճաշակել ո՛չ ազատություն, ո՛չ էլ ճշմարիտ բարեկամություն“։