Ներոն

Ներոնը դատ վարելիս գանգատներին պատասխանում էր միայն հաջորդ օրը և միայն գրավոր: Քննությունը նա սովորաբար այնպես էր վարում, որ ընդհանուր դատողությունների փոխարեն յուրաքանչյուր մասնավոր հայց առանձին քննարկվի երկու կողմերի մասնակցությամբ: Հեռանալով խորհրդակցության, նա ոչինչ բացահայտ ու համատեղ չէր քննարկում՝ յուրաքանչյուրը նրան տալիս էր իր գրավոր կարծիքը, իսկ նա դրանք կարդում էր լուռ, ինքն իրեն, հետո էլ հռչակում իրեն հաճո վճիռ, ասես դա լիներ մեծամասնության կամքը:

Հին Հռոմում, Ներոնի օրոք, շատ խստություններ ու սահմանափակումներ վերականգնվեցին, շատերը մուծվեցին առաջին անգամ՝ սահմանափակվեց ճոխությունը, համաժողովրդական հյուրասիրությունները փոխարինվեցին նախաճաշիկի բաժանումով, արգելվեց ճաշարան-խանութներում եփված կերակուր վաճառելը, բացի բանջարեղենից ու կանաչեղենից – իսկ նախկինում այնտեղ վաճառում էին ցանկացած ուտելիքը, արգելվեցին մարտակառավարների զվարճանքներում որոնց վաղեմի սովորույթը թույլատրում էր թափառել ամենուր, զվարճության համար խաբելով ու կողոպտելով անցորդներին:

Կտակների կեղծումների դեմ առաջին անգամ այդ ժամանակ մտահաղացվեց տախտակների վրա անցքեր բացել, դրանց միջով երեք անգամ թել անցկացնել և հետո միայն կնքել: Նախատեսվեց, որ կտակի առաջին երկու տախտակները վկաներին առաջարկվեն մաքուր (Մաքուր տախտակների վրա, ստորագրված վկաների կողմից, կտակողը հետո գրում էր ժառանգորդների անունները, որոնք վկաները չպետք է իմանային), միայն կտակողի անունով, և որպեսզի օտարի կտակ գրողը չկարողանա իրեն նվերներ հավելագրել:

Փաստաբանների համար սահմանվեց հայցվորներից գանձվող հաստատուն և մշտական վճար (Փաստաբանների վարձատրությունը վերացված էր Ցինցիոսի օրենքով մ.թ.ա. 204 թվականին, որը հաստատել էր Օգոստոս կայսրը մ.թ.ա. 17 թվականին: Բայց այդ օրենքը այնքան ոչ պաշտոնական շրջանցումներ և չարաշահումներ էր ծնել, որ արդեն Կլավդիոսի օրոք վերացվեց:), իսկ դատարաններում նստարանային տեղերը (Դատավորական տեղի շուրջը եղած նստատեղիները տրամադրվում էին այն անձանց, որոնք շահագրգռված էին դատավարությամբ, մնացյալ հասարակությունը կանգնած էին մնում) դարձվեցին անվճար և ձրի տրամադրվում էին գանձարանի կողմից:

Գանձարանի դատական գործերը հանձնվեցին ֆորում՝ ռեկուպերատորներին (Ռեկուպերատորներ – բոլոր դասերին պատկանող մի քանի հոգուց կազմված դատական հանձնաժողով, որոնց անդամներին նշանակում էր պրետորը և որոնք արագացված ժամկետում տարատեսակ գործեր էին քննարկում, գերազանցապես պրովինցիայի բնակիչների գանգատներով), իսկ բոլոր գանգատարկումները դատարաններից ուղարկվում էին սենատ: