Լուցիուս Աննեուս Սենեկան իր կյանքի վերջին շրջանում իր բարեկամ Լուցիլիուսին, ով Սիցիլիայի պրոկուրատորն էր, հղում է նամակներ, որոնք փիլիսոփայական ուղղվածություն ունեին: Ստորև ներկայացված են մի քանի մտքեր այդ աշխատությունից:
Չարակամների կողմը չպետք է անցնել լոկ դրանց մեծաքանակության պատճառով և չպետք է ատես, երբ նրանց չես զինվորագրվում։ Հնարավորինս պարփակվիր ինքդ քո ներսում։ Ժամանակդ անցկացրու միայն նրանց հետ, ովքեր ունակ են քեզ կատարելագործելու, կամ էլ նրանց հետ՝ ում դու կարող ես հղկել։ Դա երկուստեք բան է։ Մարդիկ սովորում են սովորելով։ Մարմնով զբաղվեք այնքան, որ դա ամուր մնա։ Նման կենսակերպն է միակ առողջարարն ու բնականը։ Մարմին կոչվածին խստության մեջ պահեք, որպեսզի երբեք չմեծամտանա և ոգու տիրապետությունից դուրս չսպրդի։ Սնունդը կոչված է սովը հաղթահարելու, ջուրը՝ ծարավը, հագուստը՝ ցուրտը, իսկ բնակատեղին էլ արտաքին հարվածներից պաշտպանելու համար է կառուցվում։ Տարբերություն չկա, թե այդ բնակատեղին ինչից է կառուցված՝ ծղոտակավից, թե շքեղ, անդրծովյան քարերից։ Գիտցե՛ք մի բան․ մարդը ամենևին էլ վատ չի զգում թե՛ ծղոտե հարկի, և թե ոսկե թիթեղների ներքո։ Արհամարեք և արգահատեք ցուցամոլության և զեխության համար զուտ աշխատանքով ստեղծածը։ Հիշեք, որ հիացմունքի առարկան բացառապես հոգին է։ Մեծագույն հոգու հանդեպ ամեն ինչ նսեմ է ու ոչնչություն։ Նամակ 8
Շահի նպատակով ընկերացողը, ավելի մեծ շահ տեսնելիս և ակնկալելիս, կդավաճանի՝ քանզի ուխտադրույժ է այն ընկերը ով, ընկերություն հասկացողությունից զատ, ավելի մեծ արժեք է փնտրում։ Խորհի՛ր Լուցիլիոս, լավագույնդ մարդկանցից, և կզգաս, թե ինչպիսի թեթևամիտներ են նրանք, ովքեր ամեն Աստծո օր դնում են նոր կյանքի հիմքերը, իսկ մեռնելիս էլ աղերսում են նոր կյանք։ Մեկ առ մեկ նայիր և աչքիդ կզարնվեն ոտավորված ծերունիներ, որ պատրաստվում են նոր պաշտոններ զբաղեցնել, ճամփորդել և առուտուր անել։ Կա՞ ավելի եղկելի մի բան, քան կյանքը վերսկսող ծերունին։ Նամակ 13
Նոպայի դադարը բժշկվել համարելը նույնքան հիմարություն է, ինչքան դատական պրոցեսի ընդմիջումը՝ դատը շահած համարելը։ Նամակ 54
Ամենամեծ խանգարիչը, իհարկե, մեր ինքնասիրահարվածությունն է, ինքնահավանությունն է։ Հենց մեկը գտնվի և մեզ առաքինի, խելացի և ողջախոհ մարդ համարի, իսկույն կհամաձայնվենք։ Չափավոր գովեստները ամենևին էլ մեր սրտովը չեն։ Սրտներս յուղեք կեղծավորությամբ։ Ականջներս շոյեք մեզ ամենաիմաստունը կոչելով և լավագույնը համարելով։ Նամակ 59
Ոչ ոք չի մեռնում Նախախնամության սահմանած ժամկետից դուրս։ Քեզ բաշխած ժամանակը դու չես կորցնի, քանզի քեզնից հետո մնացողը՝ արդեն քոնը չէ։ Նամակ 68
Կյանքը պիեսի նման է, կարևորը ոչ թե տևողությունն է, այլ խաղի որակը։ Էական չէ թե որտե՞ղ կփակես վարագույրը, որտեղ կընդհատես գործողությունը։ Ընդհատի՛ր ցանկացած արարում, միայն թե հանգուցալուծումը թող լինի լավագույնը։ Նամակ 77