Աթենքում՝ Հին Հունաստանի մայրաքաղաքում, փաստաբանության առաջացման համար ստեղծված էին բոլոր պայմանները՝ դեմոկրատական կառուցվացքը, հասարակության զարգացած կյանքը, ծաղկած հռետորական արվեստը, քաղաքացիական եւ քրեական գործընթացների մրցակցության սկզբունքը եւ այլն: Որպես փաստաբան հանդես էին գալիս հունական հայտնի հռետորներ՝ Անտիֆոնը, Սոկրատեսը, Դեմոսֆենը եւ այլոք:
Հին Հռոմը մ.թ.ա. 753-509թթ. — Հին հռոմում պաշտպանին անվանում էին պատրոն: Եթե նա հռետոր էր, ուրեմն փաստաբան էր, եթե օգնում էր իրավաբանական խորհրդատվություններով՝ հավատարմատար, իսկ եթե իր վրա էր վերցնում գործը, ապա՝ կոննիատոր: Ժամանակի ընթացքում փաստաբաններ սկսեցին անվանել այն մարդկանց, ովքեր օգնում էին անձանց դատական գործընթացներում:
Հռոմը մ.թ.ա. 509-30թթ. հանրապետության ժամանակաշրջանում — Հռոմում այս թվականներին փաստաբանական գործունեությունը դեռեւս օրենքով կարգավորված չէր, ըստ այդմ էլ, որպես փաստաբան հանդես էին գալիս Ֆորումում հայտնի անձիք, բայց ոչ ցածր կոնսուլի աստիճանից: Այս ժամանակաշրջանի առավել հայտնի փաստաբաններն էին Ցիցերոնը, Հուլիոս Կեսարը, Պոմպեոսը եւ այլոք:
Մեծն կայսեր Հուստիանոսի օրենսգրքում հստակ երեւում էր փաստաբանական կազմակերպված համակարգը: Հիմնական սկզբունքն այն էր, որ փաստաբանի մասնագիտությունը հավասարեցվում էր քաղաքացիական ծառայությանը: Հռոմեական իրավունքը եւ նրա հետ անքակտելիորեն կապված հռոմեական փաստաբանությունը հետագայում ամուր հիմք հանդիսացան Եվրոպական բոլոր երկրների համար:
Ֆրանսիան 5-13դդ. — Մինչեւ 5-րդ դարը Ֆրանսիան համարվում էր Հռոմի գավառը եւ այդ պատճառով էլ այնտեղ գործում էր հռոմեական իրավունքն ու փաստաբանությունը: Միջնադարում, Ֆրանսիայում քրեական եւ քաղաքացիական դատական գործընթացները սկսեցին լուծվել սուսերամարտի միջոցով: Ով կենդանի էր մնում, նա էլ համարվում էր ճիշտ:
13-րդ դարից հետո միայն սկսեց զարգանալ փաստաբանությունը:
Անգլիան 13-րդ դարում — Անգլիայի ազգային փաստաբանությունը ստեղծվել է 1285թ. Էդուարդ Առաջին թագավորի հրամանի հիման վրա: Դատական պաշտպանները բաժանվում էին երկու մեծ փաստաբանական խմբերի բարիստերների, ատորնեյների եւ սոլիսիտորների:
Բարիստերները, իրենց ճառերով պաշտպանում էին վստահորդին դատարանում եւ ստորագրում էին ատորնեյների կողմից կազմված հայցերը: Նրանք վստահորդների հետ էին շփվում բացառապես ատորնեյների միջոցով:
Ատորնեյներն աշխատում էին վստահորդների հետ, կազմում էին դատական նյութերը եւ դատի ժամանակ հանդես էին գալիս միայն որպես փաստաբանների օգնական: Փաստաբանների այսպիսի բաժանումը Անգլիայում գործում է մինչ այսօր:
Գերմանիան 18-19 դդ.- Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը 1781 թվականին հրատարակեց Դատական Կանոնադրությունը: Դատավորներն այլեւս կախում չունեին թագավորների կամքից: Ըստ Ֆրիդրիխ Մեծի, պետք չէ խառնվել դատական գործերին, դատարանի դահլիճում պետք է խոսեն օրենքները եւ լռեն գերիշխանները:
Գերմանիայի փաստաբանների բախտը գրեթե չբերեց այն պարզ պատճառով, որ նրանց դատական գործընթացում փոխարինեցին ասիստենտ-խորհրդականներով, որոնք պետական ծառայողներ էին եւ հանդիսանում էին որպես դատավորի օգնականներ: Ազատ փաստաբանության համար պայքարը Գերմանիայում տեւեց մոտ հարյուր տարի եւ հասավ հաջողության:
1878- ին ընդունվեց փաստաբանության մասին կանոնադրություն եւ փաստաբանները դարձան անկախ եւ՛ պետությունից, եւ՛ դատարանից:
Լեհեստանը 18-19 դդ. – 1726 եւ 1764 թվականների Լեհական սահմանադրությունը պահանջում էր, որպեսզի փաստաբանը պատկաներ ազնվականների դասին, ունենար կալվածքներ եւ տիրապետեր օրենքներին:
1808 թվականին ընդունված օրենքով` լեհական փաստաբանները բաժանվում էին երեք խմբի՝ պատրոնների, փաստաբանների, մեկենասների:
Ռուսաստանը 19- րդ դարում – Քանի որ Ռուսական կայսրությունում չէր զարգանում փաստաբանությունը, ուստի եւ այն բացասաբար էր անդրադառնում արդարադատության զարգացման վրա:
Ռուսաստանում փաստաբանների դասն ի հայտ եկավ 1864 թվականին Ալեքսանդր երկրորդի կողմից ընդունած Դատական օրենքների շնորհիվ: Այն երկար սպասված ռեֆորմ էր, որի արդյունքում դատավարությունը դարձավ հրապարակային, դատավորներն անկախ, իսկ դատական գործընթացն ընդունեց մրցակցային բնույթ: