Արդեն հնադարում մարդիկ սովորել են հաշվել ժամանակը և նրան իրավունքում որոշակի նշանակություն ու տեղ տալ: Մեկին ժամանակը իրավունք էր տալիս, իսկ մյուսին զրկում իրավունքից: Դեռ հռոմեացի իրավաբանները ժամանակը համարում էին իրավաստեղծ, իրավունքը փոխող և դադարեցնող գործոն:
Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ժամկետ», «ժամանակահատված», «վաղեմություն», հայտնի են խոր հնադարից: Ճիշտ է, Հին Հռոմում, XII ա. օրենքը դեռևս չի պատկանում հայցային վաղեմություն հասկացությանը, բայց ձեռքբերման վաղեմության իրավունք դրանք սահմանել են շարժական գույքի (res mobiles) համար՝ մեկ տարով, և անշարժ գույքի (res immobiles) համար՝ երկու տարով: Այդ վաղեմության տակ հասկացվում էր հետևյալը. այն անձը, որ նշված ժամկետներում տիրում էր իրը, դառնում էր նրա սեփականատերը:
Հայցային վաղեմությունը ծագել է հռոմեական դասական իրավունքի զարգացման դարաշրջանում (մ.թ. V դ.): Այն հաստատվել է 30 տարվա ժամկետով: Հուստինիանոսի կոդիֆիկացիան պահպանել է այդ ժամկետը:
Հայցային վաղեմությունն օրենքով սահմանված այն ժամանակահատվածն էր, որի ընթացքում իրավազոր անձը կարող էր հայցով դիմեր դատարան՝ պաշտպանելու իր սուբյեկտիվ իրավունքը, որ խախտվել է այլ անձի կողմից: Հայցային վաղեմության ժամկետի սահմանումը, նրա անհրաժեշտությունը թելադրվում էր քաղաքացիական շրջամառության նյութաիրավական պահանջներով, ինչպես նաև քաղաքացիական դատավարության դատավարական պահանջներով:
Նախ և առաջ, չէր կարելի անվավերության սպառնալիքի տակ երկար ժամկետով անորոշ վիճակում թողնել սուբյեկտների միջև ծագած իրավահարաբերությունները, հատկապես երբ իրավահարաբերությունը զարգանում էր անկանոն կոնֆլիկտներով:
Երկրորդ, դատավարությունը պահանջում էր ապացույցներ, դրանք կարող էին տալ այն վկաները, որոնց հիշողությունը ժամանակի ընթացքում թուլանում էր, իսկ փաստաթղթերը երկար ժամանակ օգտագործվելուց հետո կամ պահելու դեպքում մաշվում էին կամ կորչում:
Այս բոլորը դժվարացնում էին ապացուցման գործընթացը: Ահա թե ինչու էր անհրաժեշտ ժամանակը, որի ընթացքում անձը հայցի միջոցով պետք է գործ հարուցեր դատարանում՝ վերացնելով կոնֆլիկտային իրավական կապը կոնտրագենտի հետ:
Հայցային վաղեմության ժամկետի սկիզբ էր համարվում իրավունքը խախտելու պահը: Հայցային վաղեմությունը կարող էր կասեցվել կամ ընդհատվել: Հայցային վաղեմության ժամկետի կասեցումը հնարավոր էր միայն հարգելի պատճառով, օրինակ՝ եթե լեգեոները գտնվում էր ռազմական երթում կամ պետական ծառայություն էր կատարում Հռոմի սահմաններից դուրս: Ժամկետի ընթացքը վերականգնվում էր, հենց որ դադարեցվում էր հարգելի պատճառի գործողությունը:
Հայցային վաղեմությունն ընդհատվում էր հայցի հարուցմամբ և պարտքի ճանաչմամբ պարտապանի կողմից: Այս պարագայում ժամանակը, որ արդեն անցել էր մինչև ընդհատումը, մարում էր, և ժամկետը սկսվում էր նորից: