Լուցիուս Աննեուս Սենեկա

Lucius Anneus Seneka – Սենեկան ծնվել է Իսպանիայի Կորդովա (նախկին Կորդուբա) քաղաքում մոտ 4 թվին (Ք.Ծ.Ա): Հայրը պատկանում էր հեծյալների դասին և նշանավոր հռետոր Սենեկան էր, որի երեք զավակներից մեկը՝ ապագա փիլիսոփա-պոետ Լուցիուս Սենեկան էր: Մանուկ հասակում Սենեկան հոր և ընտանիքի հետ տեղափոխվում է Հռոմ, հաստատվում քաղաքում և ծանոթություն ստեղծում տեղի բազմաթիվ իրավաբանների, գրականագետների և մտավորականների հետ:

Այս միջավայրում էլ դաստիարակվում է Սենեկան և ստանում հռետորական ու փիլիսոփայական կրթություն ժամանակի նշանավոր փիլիսոփաների ու հռետորների մոտ: Նրա ուսուցիչներն են եղել ստոիկյան փիլիսոփա Ատալուսը, Նոր Պյութագորեսյան դպրոցի փիլիսոփա Սոտիոն, Սեկստիուս ավագը, ցինիկ Դեմետրիուսը և ուրիշներ: Սենեկան փիլիսոփայական խնդիրներում հակված էր Պլատոնի իդեալիզմին, իսկ բարոյագիտությունում՝ Էպիկուրին: Լինելով ստոիկ՝ Սենեկան հարում էր Հռոմում մեծ հռչակ ստացած գրող Պոսիդոնիուսին, որը վերամշակել էր Զենոնի ուսմունքը:

Հռոմում կրթություն ստանալուց հետո Սենեկան ճանապարհորդում է դեպի Եգիպտոս, որի կառավարիչն էր նրա մորաքրոջ ամուսինը՝ Վետրասիուս Պոլլիոն: Հռոմ վերադառնալով, Սենեկան, հմտացած հռետորության մեջ, անցնում է դատական աշխատանքի ու կարճ ժամանակամիջոցում իր հռետորական տաղանդով հռչակվում Հռոմում, ապա հասնում քվեստորի (questor – գանձարանի վարիչ) պաշտոնին, իսկ հետո դառնում սենատոր: Այդ հաջողությունը գրգռում է Կալիգուլա կայսեր նախանձը, որը նրան դատապարտում է մահվան, բայց ներում է ստանում, քանզի Կալիգուլային համոզում են, որ Սենեկան հիվանդ է թոքախտով և պիտի շուտով մեռնի:

Երբ Կալիգուլայից հետո գահ է բարձրանում Կլավդիուսը, Սենեկան դառնում է նրա կնոջ՝ Մեսսալինայի բանսարկության զոհը և 41 թվին (Ք.Ծ.Հ.) աքսորվում Կորսիկա: Աքսորվելու պատճառներից մեկը ոմանք համարում են Սենեկայի շուրջ տարածված բանսարկությունը՝ նրա և Կալիգուլայի քրոջ՝ Յուլիա Լիվիլլայի հետ ունեցած կասկածելի հարաբերությունների շուրջ:

Ութ տարի մնալով աքսորավայրում՝ Սենեկան Օվիդիուսի նման ստեղծագործում էր և գրում էր մի քանի աշխատություններ: Աքսորից վերադառնում է 49 թվին: Նրան ազատում է ապագա կայսր Ներոնի մայրը՝ Ագրիպինան, որը Մեսալինայի մահից հետո ամուսնանում է Կլավդիուս կայսեր հետ: Աքսորավայրից վերադառնալուց հետո Սենեկան նշանակվում է Ներոնի դաստիարակ և միաժամանակ վարում պրետորի (preator – բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչ) պաշտոնը: Կլավդիուսի մահից հետո կայսր դարձած Ներոնը (54 թվին) Սենեկային նշանակում է իր խորհրդականը և 58 թվին շնորհում կոնսուլի կոչում (consul – պետական բարձրագույն պաշտոն թագավորի իշխանության իրավունքով): Հին Հռոմում կոնսուլները երկուսն էին և ընտրվում էին մեկ տարով: Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նրանց թիվը անցել էր երկուսից, կորցրել իրենց ռեալ նշանակությունը և վերածվել պատվավոր տիտղոսի:

Ներոնի ղեկավարության սկզբի տարիներին Սենեկան Բուրբուսի՝ պրետորյաների (praetorian – կայսեր թիկնապահներ) պետի հետ, փաստորեն, ղեկավարում էր պետությունը և վայելում երիտասարդ Ներոնի բացարձակ վստահությունը: Սենեկան Ներոնին դաստիարակել էր հումանիստական ոգով, որը սկզբում չի եղել դաժան և խստասիրտ: Սենեկան Ներոնից ստանում է շատ մեծ նվերներ և կարճ ժամանակամիջոցում մեծ հարստության տեր դառնում (նրա կարողությունը հասնում էր 300 միլիոն սեստերցի (15 միլիոն ոսկյա դրամի)):

Սենեկայի ազդեցությունը, գրաված դիրքը արքունիքում և կուտակած հարստությունը գրգռում են նրա հակառակորդների նախանձը, որոնք Բուրբուսի մահից հետո ավելի են ուժեղանում և նրա հասցեին չարախոսում Ներոնի մոտ: Այդ տարիներին փոխվել էր նաև Ներոնի բարքը, որը բռնել էր այլասերման ուղին: Նա կազմակերպում է եղբոր՝ Բրիտանիկուսի և մոր՝ Ագրիպինայի սպանությունը, որը թաքցնում և սքողում էր Սենեկան: Այս քայլը չի հանդուրժում պալատական ընդիմությունը, որը նրան հորջորջում է խաբեբա և շողոքորթ մականուններով, Սենեկային մեղադրում շռայլ կյանք վարելու և բոլոր՝ ներելի ու աններելի միջոցներով բազմաթիվ կալվածքներ և հարստություն ձեռք բերելու մեջ (որը հակասության մեջ էր գտնվում նրա փիլիսոփայական հայացքների հետ): Դրան գումարվում էր Ներոնի բացահայտ թշնամական վերաբերմունքը Սենեկայի հանդեպ, որն այլևս չէր լսում իր դաստիարակին, զոհ էր դարձել պալատական բանսարկությունների և չարախոսությունների ու առիթ էր որոնում կորցնելու Սենեկային:

Արդյունքում, 62 թվին, Սենեկան հեռանում է արքունիքից, հրաժարվում պաշտոններից ու կալվածքներից, ապրում մեկուսացված, վարում շատ համեստ կյանք, կերակրվում բուսեղենով և պտուղներով, խմում առվի ջուր: 64 թվին Ներոնն անհաջող փորձ է անում թունավորելու իր ուսուցչին: 65 թվին բացահայտվում է Ներոնի դեմ Պիսոյի դավադրությունը, որի մեջ մեղադրվում է նաև Սենեկան: Ներոնն օգտվում է պատեհ առիթից, որպեսզի հաշիվները մաքրի Սենեկայի հետ: Սենեկան Ներոնի կողմից դատապարտվում է մահվան՝ թողնելով նրան ընտրել մեռնելու եղանակը:

Տակտիուսը նկարագրում է Սենեկայի կյանքի վերջին րոպեները: Ցենտուրիոններից մեկը մտնում է Սենեկայի սենյակը, երբ նա ճաշում էր կնոջ՝ Պոմպեա Պավլինայի և երկու հյուրի հետ ու Սենեկային հանձնում Ներոնի հրամանը: Սենեկան առանց վախենալու, ստանալով մահվան հրովարտակը, պահանջում է տախտակ, որպեսզի գրի կտակ, սակայն մերժում է ստանում ցենտուրիոնից և դառնալով իր բարեկամներին, հայտարարում է, որ նրանց կտակում է լավագույնը՝ իր կենցաղաձևը, հորդորում նրանց զսպել իրենց արցունքները, լինել կայուն և արիասիրտ …, որովհետև «ո՞ւմ հայտնի չեն Ներոնի վայրագությունները. մոր և եղբոր սպանելուց հետո նրան ոչինչ չէր մնում անել, եթե ոչ դրան ավելացնել իր դաստիարակի և ուսուցչի բռնի մահը:»:

Հետո Սենեկան արիաբար կտրում է երակը, սակայն արյունը դանդաղ է հոսում և մահն ուշանում է: Նա խնդրում է իր հավատարիմ մարդուն՝ Ստատիուս Աննեուսին, բերել վաղուց պահված թույնը, որով մեռնում էին մահվան դատապարտվածները Աթենքում (խոսքը, ըստ երևույթին, ցիկուտայի մասին էր, որով թունավորել էին Սոկրատեսին): Սենեկան ընդունում է թույնը, որը ևս չի ներգործում, քանզի մարմինն արդեն սառել էր: Թույնի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով՝ Սենեկան ընդունում է տաք լոգանք, ապա նրան տանում են բաղնիք, որտեղ մեռնում է գոլորշուց:

«ՍԵՆԵԿԱ» նամակներ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին, 2011 Երևան, «Բյուրոկրատ» հրատարակչություն: