Իրավունքի գերակայության մասին

Իրավունքի գերակայությունը շատ թշնամիներ ունի: Դրանցից մեկը վատ օրենքն է: Հատկապես ի՞նչ ենք պատկերացնում՝ ասելով իրավունքի գերակայություն: Անգլիայի ու Ուելսի նախկին գլխավոր դատավոր, լորդ Թոմ Բինգհեմն այս վերնագրով իր գրքում (Tom Bingham, The Rule of Law (London, 2010) առանձնացրել է 7 չափանիշ.

Օրենքը պետք է լինի հասանելի, պարզ, հասկանալի ու կանխատեսելի:

Իրավունքների և պարտավորությունների հարցերը, որպես կանոն, պետք է կարգավորվեն ոչ թե հայեցողությամբ, այլ օրենքներով:

Օրենքի առաջ բոլորը հավասար են. տարբերակումն այստեղ արդարացված է միայն օբյեկտիվ գործոններով, օրինակ՝ անմեղսունակության պատճառով:

Նախարարներն ու բոլոր մակարդակների պետծառայողները պարտավոր են բարեխիղճ և անկաշառ իրականացնեն իրենց լիազորություններն ի նպաստ այն նպատակների իրագործման, որոնց համար իրեն տրվել է այդ լիազորությունը: Նրանք պետք է չչարաշահեն իրենց տրված իշխանությունը:

Օրենսդրությունը պետք է ապահովի մարդու հիմնարար իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Պետք է միջոցները հատկացվեն լուծելու համար bona fide քաղաքացիական վեճերը, որոնք կողմերն ի վիճակի չեն ինքնուրույն կարգավորել:

Դատական ծախսերը պետք է լինեն համարժեք, քննությունն էլ չպետք է լինի չափազանց երկարատև: Դատարանը պետք է կողմնակալ չլինի:

Անգլիայի պատմությունն աշխարհին տվել է երեք սրբազան սկզբունք:

Առաջին. Իմ տունն իմ ամրոցն է: “Էնտիքն ընդդեմ Քարինգթոնի” գործով դատավորը՝ լորդ Քեմդենը, վճիռ կայացրեց հօգուտ Ջոն Էնտիքի: Իշխանության ներկայացուցիչները խուզարկության համար ներխուժել էին արմատական հայացքների տեր այս լրագրողի տուն: “Մարդիկ հասարակության մեջ են մտնում հանուն մի գերագույն նպատակի՝ իրենց սեփականությունը պաշտպանելու համար”, — Ջոն Լոկի խոսքը մեջբերեց Քեմդենը: “Ըստ անգլիական օրենքների, մասնավոր սեփականության դեմ որևէ ոտնձգություն, որքան էլ չնչին լինի, իրավախախտում է”:

Երկրորդ սկզբունքը հետևյալն է. արա ինչ ուզում ես, բայց առանց ուրիշին վնասելու: “Մտածեք, ասեք ու արեք՝ ինչ ուզում եք, հարստացեք՝ որքան կարող եք. որևէ սահմանափակում չկա: Միայն թե այդ ամենը չպետք է վնասի ուրիշին կամ հանրությանը: Ահա մեծագույն իրավունքը, որն արտոնում է ազատությունը”: Սա “Կատոնի” (Ջոն Թրենչարդի և Թոմաս Գորդոնի կեղծանունը) ձևակերպումն էր 1720-ականների սկզբին:

Երրորդ սկզբունքը. քիթդ մի՛ խոթիր ուրիշի գործերի մեջ: “Կյանքի մասին քո պատկերացումները մի՛ փաթաթիր մեկ ուրիշի վզին”, — ֆրանսիացի լիբերալ Ալեքսիս դե Թոքվիլին բացատրում էր Ջոն Ստյուարտ Միլլը: Այնտեղ, որտեղ պետությունները սահմանափակված չեն օրենքով, ավելի ապահով են դառնում ոչ պետական ինստիտուտները: Ես համաձայն եմ ամերիկացի իրավական քննադատ Ֆիլիպ Հովարդի հետ, որ պետք է հնացած օրենսդրության “մեծ շաբաթօրյակ” անենք և նոր օրենքներում “պիտանելիության ժամկետ” ներառենք (Philip K. Howard, “It’s Time to Clean House”, Atlantic Monthly, 14 March 2012):

Նիլ Ֆերգյուսոն, Մեծ անկում: