Ժողովրդի մասին – Այն ճարտարապետի նման, ով նախքան մեծ շենք կառուցելը հետազոտում և ուսումնասիրում է հողը, թե արդյոք այն կարո՞ղ է կրել շենքի ծանրությունը, այնպես էլ իմաստուն օրենսդիրը չի սկսում լավ օրենքներ գրելուց, այլ նախապես ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, որի համար այդ օրենքները նախատեսում է, կարո՞ղ է ընդունել և կրել դրանք։ Ահա թե ինչու Պլատոնը հրաժարվեց օրենքներ ստեղծելուց աքքադացիների և կրետացիների համար՝ գիտակցելով, որ երկու ժողովուրդներն էլ հարուստ են եղել և հավասարություն չեն հանդուրժի. ահա թե ինչու Կրետեում օրենքները լավն էին, իսկ մարդիկ՝ վատը։ Մինոսը փորձում էր կարգուկանոնի ենթարկեցնել արատներով ծանրաբեռնված ժողովրդին։
Հազարավոր ազգեր, որոնք երբեք չէին ենթարկվի լավ օրենքներին, քայլում էին երկրի վրա, և նույնիսկ նրանք, որոնք կարող էին ղեկավարվել լավ օրենքներով, իրենց գոյության ողջ ընթացքում շատ կարճ ժամանակ էին կիրառել այդ օրենքները։ Ժողովուրդների և մարդկանց մեծ մասը խոնհար են միայն պատանեկության շրջանում, ծերանալիս նրանք անուղղելի են դառնում։ Երբ սովորույթները հաստատված են, և նախապաշարմունքներն՝ արմատավորված, վտանգավոր և անօգուտ նախաձեռնություն է դրանք վերափոխելը։
Հիմար և վախկոտ այն հիվանդների նման, ովքեր միայն բժիշկ տեսնելիս դողում են, ժողովուրդն իր վերքերին նույնիսկ դիպչելը տանել չի կարողանում, նույնիսկ դրանք ոչնչացնելու նպատակով։ Ինչպես որոշ հիվանդություններ հեղաշրջում են կատարում մարդկանց ուղեղներում և նրանցից խլում անցյալի մասին հիշողությունը, այնպես էլ պետությունների գոյատևման ընթացքում երբեմն լինում են բուռն դարաշրջաններ, երբ հեղափոխությունները ժողովուրդների վրա նույն ազդեցությունն են թողնում, ինչպիսին հայտնի ճգնաժամերն են թողնում առանձին անհատների վրա, երբ անցյալի սարսափին փոխարինում է մոռացությունը, և պետությունը երկպառակտչական պատերազմներով տարված, վերածնվում է, այսպես ասած, սեփական մոխրից և, մահվան ձեռքից դուրս պրծնելով, կրկին վերագտնում պատանեկության ուժերը։ Այսպիսին էր Սպարտայի վիճակը Լիկուրգոսի ժամանակ, Հռոմը Տարկվիններից հետո, իսկ մեր ժամանակներում՝ Հոլանդիան և Շվեյցարիան՝ բռնակալների վտարումից հետո։
Բայց այսպիսի դեպքերը հազվադեպ են, դրանք բացառություններ են, որոնց պատճառները միշտ թաքնված են լինում այդպիսի բացառիկ պետության յուրահատուկ կառուցվածքի ներսում։ Այդպիսի դեպքերը հենց նույն ժողովրդի մեջ չեն կարող երկու անգամ կրկնվել, քանի որ ժողովուրդը կարող է ազատ լինել մինչև այն ժամանակ, քանի դեռ բարբարոս է, բայց նա այլևս ազատ չի կարող դառնալ, երբ սպառվել է քաղաքացիականության ոգին։ Նման դեպքերում երկպառակությունները կարող են լիովին նրան ոչնչացնել, և հեղափոխությունն ի վիճակի չէ այն վերականգնելու։
Եվ հենց այդպիսի ժողովրդի կապանքները փշրվում են, ապա այն փլուզվում է և այլևս գոյություն չի ունենում։ Դրանից հետո նրան անհրաժեշտ է լինում տիրակալ, այլ ոչ թե ազատարար։ Ազա՛տ ժողովուրդներ, հիշե՛ք հետևյալ կանոնը․ «Կարելի է ազատությունը նվաճել, բայց կրկին ձեռք բերել երբեք հնարավոր չէ»։
Պատանեկությունը մանկություն չէ։ Ժողովուրդները, ինչպես և մարդիկ, ունենում են պատանեկան կամ, եթե կուզեք, հասունացման շրջան, որին պետք է սպասել նախքան դա օրենքներին ենթարկելը։ Բայց ժողովրդի հասունացումը միշտ չէ, որ հեշտ է գուշակել, և եթե այն ժամանակից շուտ է ի հայտ գալիս, ապա ամբողջ աշխատանքը կորած է։ Մի ժողովուրդ կարգուկանոնին ընդունակ է հենց ծնված պահից, մեկ ուրիշը այդպիսին չի դառնում նույնիսկ տասնյակ դարերի ընթացքում։
Ռուսները երբեք իսկական քաղաքակիրթ ժողովուրդ չեն դառնա, որովհետև նրանց չափից դուրս շուտ են քաղաքակիրթ դարձրել։ Պետրոսը հանճարեղ էր միայն նմանակելու մեջ, սակայն իսկական տաղանդը, որը ստեղծարար է և ոչնչից կերտում է ամեն ինչ, նա չուներ։ Նրա կողմից անցկացված որոշ վերափոխումներ լավ իրագործվեցին, իսկ մեծ մասը տեղին չէր։ Նա տեսնում էր, որ ժողովուրդը բարբարոս է, բայց չէր տեսնում, որ նա չի հասունացել իսկական ղեկավարման համար։ Նա ուզում էր նրան քաղաքակրթել, երբ դեռ պետք էր նրան պատերազմել սովորեցնել։ Նա ուզում էր հենց սկզբից իր հպատակներին դարձնել գերմանացիներ, անգլիացիներ, այն դեպքում, երբ նախ նրանց պետք էր դարձնել ռուսներ։
Պետրոսը խանգարեց ռուսներին երբևիցե դառնալու այն, ինչ նրանք կարող էին լինել։ Համոզելով նրանց, որ նրանք այն են, ինչ իրականում չէին, նա վարվեց ֆրանսիացի այն ուսուցչի պես, որը ջանք չի խնայում, որպեսզի իր աշակերտը մանուկ հասակում փայլի գիտելիքներով, իսկ հետո ընդմիշտ մնա ոչնչություն։ Ռուսական կայսրությունը կցանկանա ենթարկեցնել Եվրոպան, բայց ինքը կնվաճվի։ Թաթարները, նրա հպատակները կամ հարևանները կդառնան նրա և մեր տերերը, այդ հեղափոխությունն ինձ անխուսափելի է թվում։ Եվրոպայի բոլոր թագավորները համերաշխ կերպով ջանք չեն խնայում դա արագացնելու համար։
Օրենսդրի մասին – Ժողովուրդների հասարակական կյանքի լավագույն կանոնները գտնելու համար անհրաժեշտ է բարձրագույն գիտակցություն, որը կտեսնի բոլոր մարդկային կրքերը և չի ճանաչի դրանցից ոչ մեկը, որը ոչ մի հարաբերություն չի ունենա մարդկային բնության հետ, բայց միևնույն ժամանակ կատարելապես կճանաչի այն, որի երջանկությունը կախված չի լինի մեզնից, և որը միևնույն ժամանակ հոժարակամ հոգ կտանի մեր երջանկության մասին, որը, վերջապես, իր համար հեռավոր փառք նախապատրաստելով, կկարողանա աշխատել մի դարում և իր աշխատանքների արդյունքը կտեսնի մեկ այլ դարում։
«Հասարակությունների առաջացման ժամանակ, — ասում է Մոնտեսքյոն, — հանրապետական ղեկավարները ստեղծում են հաստատություններ, բայց հետո հաստատություններն են ստեղծում հանրապետության ղեկավարներին»։
Նա ով իշխում է մարդկանց, չպետք է իշխի նաև օրենքներին, և մյուս կողմից՝ նա, ով իշխում է օրենքներին, չպետք է իշխի մարդկանց։ Հակառակ դեպքում օրենքները նրա կրքերի ծառան կդառնան և հաճախ կհավերժացնեն նրա անարդարությունները, և նա երբեք չի կարողանա խուսափել այն բանից, որ մասնավոր շահերը չխեղաթյուրեն նրա աշխատանքի սրբությունները։
“Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները”, Զանգակ հրատարակչություն, Երևան 2016։