Դատավորների հաստատումը

Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնել էր Մովսեսի շուրջը: Յոթորը (Մովսեսի աները) տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդի համար, ասաց «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնած է շուրջդ»: Մովսեսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մոտ Աստծուց իրավունք հայցելու համար: Երբ նրանց միջեւ վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ: Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին եւ հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»:

Մովսեսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ: Սոսկալի տանջանքներով ես տանջվում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը: Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող: Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստված քեզ հետ կլինի: Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն: Նրանց տեղյակ կպահես Աստծու հրամաններին ու օրենքներին, նրանց ցույց կտաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պետք է կատարեն:

Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզություն (ագահություն) ատող մարդկանց ու ժողովրդի վրա սրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսունապետներ ու տասնապետներ կարգի՛ր: Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող հանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կթեթեւացնես քո գործերը, եւ նրանք կլինեն քո օգնականները: Եթե այս բանն անես, Աստված կզորացնի քեզ, դու կկարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղությամբ կվերադառնա իր տեղը»:

Մովսեսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամենը, ինչ նա ասաց իրեն: Մովսեսը բոլոր իսրայելացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսունապետներ ու տասնապետներ կարգեց:

Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու: Նրանք կարեւոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք: