ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Ահա մի մարդ, որ շատ սիրում է խոսել, բայց խոսել ոչ թե այն նպատակով, որ մի միտք հայտնե, այլ խոսել այն նպատակով, որ առիթ ունենա “իր սեփական ձայնը լսելու”: Խոսելու ժամանակ նա սիրահարվում է իր սեփական ձայնի վրա: Ուրեմն մի մարդ է դա, որ խոսում է խոսելու համար:

Դիմելով կանանց հարցին, Արծրունին կանգ է առնում այն ընթացիկ հասկացողության առաջ, որ մարդիկ ունեն բարոյականության մասին: Ի՞նչ է պահանջվում կնոջից: Որ նա բարոյական լինի:

Եվ ահա այդ հասկացողության համեմատ վարվող կնոջ պատկերը:
Նա աղջիկ է, հարուստ ընտանիքի զավակ: Թեթև հասկացողություն ունի ամեն բանի մասին, ոչինչ գործ կամ գիտություն հիմնավոր կերպով չի ուսումնասիրում, սովորում է զանազան լեզուներ, որոնց չէ գործադրում կյանքում և այնուհետև պսակվում է, առանց ճանաչելու իր ամուսնուն:

Ճանաչել չէ էլ կարող, քանի որ տգետ է, քանի որ մարդ ճանաչելու համար հարկավոր է լինել զարգացած: Նրա կյանքի նպատակը պսակվելն է, ոչ պսակվելուց առաջ, ոչ հետո նա հարկավոր էլ չէ համարում զարգացնել իր մտավոր ընդունակությունները, ծանոթանալ դրական գիտությունների հետ: Մի գործ, մի պարապմունք է նա ճանաչում՝ լինել բարոյական: Լինել տգետ, բայց բարոյական, որպեսզի իր սերը և կուսությունը տա անբարոյական մարդուն, — սա հասարակության հասկացողություններին համապատասխանող դրություն է:

Հին մարդիկ բարի ծնողներ ևս լինելով, կարծում էին, թե երեխաներ սիրել նշանակում է նոցա հետ բռնավորությամբ վարվել: Մենք կարծում ենք, թե երեխաներ դաստիարակել նշանակում է զարգացնել նոցա մեջ անհատականությունը:

Կա մի անհերքելի իրողություն, այն է, որ մինչ այժմ ոչ մի պետություն, նորա եվրոպական բառի նշանակությամբ, չէ հիմնվել մահմեդականություն դավանող ցեղերի մեջ: Մահմեդականության հետ միասին մենք միշտ անբաժանելի ենք գտնում օրենքի բացակայությունը, կամապաշտություն, բռնավորություն, տգիտություն, գերդաստանի և սեփականության բացակայություն և այլն:

Եթե իմ լեզուն հետևանք է իմ բարոյական առանձնահատկություններին, որոնք իրանց կողմից կախված են իմ մարմնի, տիպի կազմվածքի հատկություններից, ուրեմն ինձ համար մայրենի լեզուն ոչ թե միայն այն պատճառով պիտի թանկ լինի, որ ես իմ ազգը սիրում եմ, բայց գլխավորապես այն պատճառով, որ նա բոլոր ուրիշ լեզուներից ամենից հարմարն է իմ ուղեղի մտավոր աշխատանքին, որ նա իմ ուղեղի կազմությանը ամենահարմարագույնն է, որ նա իմ ուղեղի կազմակերպությունից անբաժանելի է, որ նա իմ մտավոր զարգացման համար անհրաժեշտ է:

Սպանել իրան նշանակում է անձնասպանություն գործել, բայց բացի սորանից նա նշանակում է հանցանք գործել ամբողջ մարդկային հասարակության առաջ, զրկելով նորան մի անհրաժեշտ անդամից:

Մեր ամենամեծ թշնամիները

Երևակայեցեք, որ ձեր ծնողները ամբողջ օրը, առավոտից մինչև գիշեր, կրկնում են ձեր ականջում, թե դուք ունեցել եք հարուստ ու երևելի նախնիներ, թե նրանց փառքին սահման չկար, թե նրանց պատվում էին ամեն տեղ: Ի՞նչ դուրս կգար:

Երեխան այդ տեսակ բաները լսելով կփքվի, կհպարտանա, բոլոր իրան շրջապատող մարդիկների վրա արհամարանքով կնայե…

Կորած անցյալի ցնորքների ետևից ընկնելով, նա միջոց չի ունենա ներկան քննելու, նա չի նկատի իր ներկայի պակասությունները ու իր դրության թշվառությունը, նա կմեծանա սարսափելի ինքնահավանության մեջ:

Հետևանքը կլինի մտավոր և բարոյական անշարժությունը:

Մեծանում է այդպիսի կրթությունը ստացած երեխան, սկսում է փորձվել. ճանաչել չարն ու բարին, հարաբերություններ ունենալ աշխարհի հետ. նա սկսում է քննել իրան և հանկարծ նկատում է, որ ամբողջ մանկության ընթացքում ցնորքների ետևից ընկնելով, հափշտակվել էր երևակայական գաղափարներով: Իրականությունը ցույց է տալիս նորան “փոխանակ իր նախնիների փառավոր անցյալի ու իր սեփական անձի հյուսած գեղեցիկ ապագայի, — միմիայն մի թշվառ, ողորմելի ներկան”:
Այս միևնույնը պատահել է և հայ ազգի հետ:

Մեզ ամեն բան վատ կերպով են սովորեցրել, բայց մանավանդ անպիտան կերպով սովորեցրել են մեզ մեր ազգային պատմությունը: Նա մեզ համար դարձել է մեր բարոյական և մտավոր ներկա դրության համար կորստյան պատճառ:

Հափշտակվելով անցյալով, մենք մեր ներկա դրությունն էլ անցյալի չափով ենք չափել: Մեզ ասում էին, թե հայը քաջ է եղել, և մենք չէինք նկատում, որ արդեն հայը ստրկային բնավորություն ունի, մեզ պատմում էին, որ հայը միշտ եղել է անձնվեր, և մենք չէին նկատում, որ այժմ նա պատրաստ է, ընդհակառակն, իր ամենամոտիկ հայրենակցին հարստահարել, վնասել, որ նա միայն մի բարոյական ուղեկից է ճանաչում՝ վայելել կյանքը, որ նորան միայն մի ազնիվ զգացմունք է հայտնի՝ եսությունը:
Մեզ մեր պատմությունը թերի կերպով սովորեցնելով ամենամեծ վնաս բերեցին, որովհետև փքեցին և միայն մեր ինքնահավանությունը և ոչ մի քննադատական հայացք չգցեցին պատմած իրողությունների վրա:

Գրիգոր Արծրունի “Մշակ N 40”