Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր: Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ:
— Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ։ Բայց ո՞վ է մեղավորը,— ասում էր նա ինձ,— մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք։
Մեր ժողովուրդը մեղավոր չէ։ Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունեն, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը։ Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Եվ կատաղում էր և բառ չէր գտնում որակելու…
Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք Դաշնակցությունը և Հնչակյանությունը, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը։
է՛ս կոտրած ձեռքերովս ի՜նչ կռիվ եմ մղել մեր պահպանողականների դեմ, բայց պատմությունը ապացուցեց, որ Պետրոս Սիմոնյանները, Աշըգյանները, Օրմանյանները իրավունք ունեին։
Նրանք իրատես եղան, նրանք ճանաչում էին լիրբ աշխարհը, նրանք գիտեին, որ մեծ պետությունները մեզ պիտի շահագործեն, վաճառեն և վերջը թքեն մեզ վրա…
Դու գիտես, որ մեր արհամարհած Պետրոս Սիմոնյանը 1880 թվին գրել է, թե՝ վազ անցեք հայկական հարցից, թողեք 61-րդ հոդվածը, որ դժբախտությունների դուռ պիտի բանա։
Հայ ժողովուրդը բարեկամ չունի. Հայաստանը Բուլղարիա չէ, ետևը ցար կանգնած չկա։ Կկոտորեն ժողովրդին, մեր արյունով իրենց հաշիվները կմաքրեն և այլն, և այլն… Մարգարեներ էին նրանք, իսկ մե՞նք… Այս բոլորը դու կկարդաս իմ հիշողությունների գրքի մեջ։ Շա՛տ կուզենայի, որ նոր սերունդը կարդա գիրքս՝ չկրկնելու համար մեր գործած ոճիրները։
Հիմա ես միայն մի մխիթարություն ունեմ— ավերակված Հայաստանից այս կտոր հողը, թանկ գնով գնած այս կտոր հողը, ուր հանգիստ կարող եմ գլուխս դնել և որը վաղը ինձ պիտի ծածկե…
Եվ այսօր, ավաղ, սիրելի Լեո, այս թանկագին հողը ծածկում է քո վաստակաբեկ ոսկորները և թո՜ղ հայրենի այդ քաղցր հողը ծանր չլինի քո տառապած սրտին…
1933
Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից», ԼԵՈ Առաքել Բաբախանյան
Երկերի ժողովածու վեց հատորով, հատոր 5-րդ