Կեսար Կլավդիոսը դատերը վարում էր եւ կոնսուլության ժամանակ, եւ կոնսուլությունից դուրս, մեծագույն ջանասիրությամբ, նույնիսկ իր եւ ընտանեկան հանդիսությունների օրերին, իսկ երբեմն էլ հին տոներին եւ նվիրական օրերին: Միշտ չէ, որ հետեւում էր օրենքների տառին եւ հաճախ գործից ստացված տպավորությունների տակ գթասիրությամբ ու արդարությամբ չափավորում էր նրանց խստությունը կամ ներողամտությունը:
Այսպես, եթե որեւէ մեկը քաղաքացիական դատարանում տանուլ էր տալիս գործը չափից դուրս մեծ պահանջների պատճառով, նրան թույլատրում էր նորոգել հայցը, իսկ եթե որեւէ մեկը մերկացված էր լինում ծանրագույն հանցանքներում, նա, ավելացնելով օրինական պատիժը, հրամայում էր հանցագործին նետել վայրի գազանների առաջ:
Իսկ երբ նա ինքն էր քննում եւ վճռում գործերը, ապա իրեն զարմանալիորեն անկայուն էր պահում. երբեմն զգույշ ու խելամիտ էր վարվում, երբեմն՝ անխոհեմ ու հապճեպ, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ խելահեղության աստիճանի անհեթեթ:
Ստուգելով դատավորների ցուցակները, դատամոլության կրքի համար նա հեռացրեց մի մարդու, որը կարող էր թողություն ստանալ որպես ընտանիքի հայր (Որպես ընտանիքի հայր – արտոնություններից մեկը ըստ lex lulia de maritan-dis ordinibus-ի. պարզ չէ, թե երեխաների որպիսի քանակն էր դրա իրավունքը տալիս:) եւ լռել էր այդ մասին: Մեկ ուրիշ դատավորի, որը մի մասնավոր գործով մեղադրվել էր նրա առջեւ եւ գանգատվում էր, որ այդ գործը ենթակա է ոչ թե կայսերական, այլ հասարակ դատարանի, տեղնուտեղը կարգադրեց իր ներկայությամբ պաշտպանվել, որպեսզի սեփական գործում իր վարքով ցույց տա, թե արդյո՞ք լավ կդատի օտարի գործերը:
Մի կին հրաժարվում էր ճանաչել իր որդուն, բայց ոչ տղան, ոչ էլ կինը չէին կարողանում համոզիչ ապացույցներ գտնել. Կլավդիոսը նրան առաջարկեց կնության գնալ պատանուն եւ դրանով ձեռք բերեց կնոջ խոստովանությունը: Երբ կողմերից մեկը դատարան չէր ներկայանում, նա առանց տատանվելու գործը վճռում էր ի վնաս նրա, չքննարկելով, բացակայության պատճառը հարգելի էր թե անհարգելի (In absentia դատապարտելու պրակտիկան հառնում էր մինչեւ XII տախտակների օրենքները եւ սոսկ վերանորոգվել էր Կլավդիոսի կողմից):
Մեկ անգամ խոսք էր գնում կտակը կեղծելու մասին, ինչ-որ մեկը գոռաց, որ դրա համար պետք է ձեռքերը կտրել, իսկ նա իսկունեւեթ հրամայեց կանչել դահիճին դանակով ու կոճղով: Մի ուրիշ անգամ խոսք էր գնում քաղաքացիության իրավունքի մասին, եւ փաստաբանները դատարկ վիճաբանություն սկսեցին, պատասխանողը թիկնոցով հանդես գա թե տոգայով (Հռոմեական տոգայով – ասես թե նա արդեն շահել էր գործը, հունական թիկնոցով – որպես թե արդեն այն տանուլ էր տվել:), իսկ նա, ասես պարծենալով իր անաչառությամբ, պատասխանողին հրամայեց ամբողջ ժամանակ փոխել զգեստը, նայած ով էր խոսում՝ մեղադրողը թե պաշտպանը:
Մեկ գործով նա հայտարարել էր, եւ նույնիսկ գրավոր. “Ես պաշտպանում եմ նրանց, ովքեր ճշմարտությունն են ասել”: