Առաջին հանրապետության օրենսդիր մարմնի ճգնաժամը

Խորհրդի հեղինակությունը որոշակիորեն նվազեց առաջին ձմռան ընթացքում: Թեև հռչակված էր խորհրդարանական հանրապետություն և այդ համակարգին համապատասխան մարմիններ էին հիմնված, Հայաստանին պակասում էր փորձը և անհրաժեշտ ժողովրդական հիմքը՝ հաջողությամբ կիրառելու կառավարման այդ ձևը:

1919թ., հակառակ համընդհանուր ձգտումների, պառլամենտական կառավարում փաստորեն չկար, որը և ստեղծեց մի տարօրինակ իրավիճակ: Խորհուրդը հաճախ կրկնօրինակում էր օրենքներ՝ յուրացված ավելի առաջադեմ պետություններից, այն մտայնությամբ, որ նման օրենքները հաջողությամբ փորձարկվել են այդ երկրներում, իսկ Հայաստանը կամենում էր հետևել նրանց օրինակին: Խորհուրդը, հավանաբար միայն մասնակիորեն գիտակցելով դրա հիմնավորումը, հավատացած էր, որ պաշտպանելով առաջադիմական, թեև երկրի համար վաղաժամ օրենքները, կարող է արագացնել Հայաստանի վերածումը իսկապես խորհրդարանական հանրապետության: Այդպիսի գործընթացը նաև կցուցադրեր Դաշնակից պետություններին, որ Հայաստանը արժանի է նրանց անվերապահ դիվանագիտական աջակցությանը և տնտեսական-ռազմական օգնությանը:

Մյուս կողմից, մի շարք քաղաքական ղեկավարներ համոզված էին, որ Հայաստանում առկա հանգամանքները պահանջում են վճռական գործողություններ՝ հեղափոխական դեկրետների միջոցով, և ո՛չ թե ավելի դանդաղ, ավելի ցանկալի, բայց երբեմն վնասակար խորհրդարանական ընթացքով: Իրարամերժ տեսակետները բյուրեղացան ծառացած մահմեդական հարցի շուրջ:

Ակտիվիստներն ընդգծում էին, որ Հայաստանը դեմ-հանդիման է կանգնել Հանրապետությունը քայքայելու թուրք-ադրբեջանական համաձայնեցված ծրագրին: Հայաստանի մահմեդականները, որպես այդ դավի մասնակից, երբևէ կամովին չէին հնազանդվի կենտրոնական կառավարության իշխանությանը: Հետևաբար, զիջողական և աստիճանական անցման քաղաքականությունը, նույնիսկ ներքին ինքնավարության շնորհման դեպքում, չէր ապահովի մահմեդականների օրինապահությունը պետության նկատմամբ, բայց փոխարենը կարող էր խրախուսել ավելի շատ խռովություններ: Այս տեսակետի կողմնակից էին ոչ միայն բազմաթիվ կոփված խմբապետներ, այլև նշանակալի թվով պետական ծառայողներ և օրենսդիր մարմնի անդամներ: Հանրապետության գոյատևումը, պնդում էին նրանք, կախված է ուժից, որը մահմեդական տարրերին հասկանալի և հարգելի միակ լեզուն է:

Նրանք, ովքեր մերժում են այդ տեսակետը, հայտարարում էին, որ Հայաստանը երբեք ապահով չէր լինի, մինչև որ չնվաճվեր բոլոր բնակիչների, ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների, անկեղծ օրինապահությունը, և որ այդ կարելի էր ձեռք բերել միայն զգուշավոր քաղաքականության, ճկունության և փոխզիջման միջոցով: Հետևաբար, մահմեդական բնակչությունը պետք է որ բավարարվեր և խաղաղվեր:

Այս խնդրի շուրջ օրենսդիր մարմնում բորբոքվեցին կատաղի վիճաբանությունները, հատկապես, երբ բանակը պատրաստվեց շարժվելու Երևան նահանգի մի շարք մահմեդականների ձեռքում գտնվող շրջանների վրա: Երբ կառավարությունը Սուրմալուի գավառում ռազմական դրություն հայտարարեց և այդ շրջանում մահմեդականների դեմ սանձարձակությունների վերաբերյալ հաղորդագրություններ հասան Խորհուրդ, տեղերից կրքոտ մեղադրանքներ հնչեցին:

Սոցիալիստ-հեղափոխական և սոցիալ-դեմոկրատ պատգամավորները գրոհ ձեռնարկեցին՝ փորձելով ջախջախիչ հարված հասցնել դաշնակցական-ժողովրդական բլոկին և կոալիցիոն կառավարությանը: Սոցիալիստ-հեղափոխականներ Արշամ Խոնդկարյանի և Վահան Մինախորյանի հռետորական պերճախոսությունը հատկապես արտահայտիչ էր ազգամիջյան ներդաշնակության հարցում: Քննադատները, սակայն, ի վիճակի չեղան զորացնել իրենց դիրքերը՝ մահմեդական ղեկավարների աջակցությունը ձեռք բերելու չափ: Երևան նահանգի համարյա բոլոր մահմեդականները լիովին մերժում էին հայկական տիրապետությունը՝ լիներ “հեղափոխական”, թե “խորհրդարանական”:

Իրարամերժ ճառերը օրենսդիր մարմնում՝ հրահրեցին նրա ակտիվիստներին, որոնք խայթող դիտողություններ էին անում վերնասրահից և նույնիսկ ընդհատում նիստերը: Մինչև 1919թ. մարտ ամիսը, Խորհուրդը անհուսալիորեն ցնցվում էր տարաձայնություններից, զգացմունքները փոթորկել էին և տեսակետները բևեռացել: Օրենսդիր մարմինը դարձավ հռետորության և ճարտասանության բեմահարթակ: Փակուղին, ի վերջո, տեղի տվեց ապրիլի 27-ին, երբ Խորհուրդը ընդունեց դաշնակցականների առաջարկությունը՝ մեկ ամսով ընդմիջում հայտարարել և այդ ընթացքում իր բոլոր իրավասությունները փոխանցել կառավարությանը:

Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, “Հայաստանի Հանրապետություն”,
Հատոր I, առաջին տարին,
1918-1919,
Տիգրան Մեծ հրատ.
Երևան 2005,
էջ 164-166: