Իրենց զարգացման ճանապարհին Ամերիկայի Միացյալ Նահանգները ականատես են եղել շատ իրադարձությունների: Դրանցից է օրինակ, «Անկախության Հռչակագիրը», որը միաձայն ընդունվել է Ամերիկայի 13 նահանգների ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայում կայացած Երկրորդ Կոնտինենտալ Կոնգրեսի 1776թ. հուլիսի 4-ի նիստում, «Կոնֆեդերացիայի Հոդվածները», որն ընդունվել է արդեն իսկ հռչակված ԱՄՆ պատվիրակների կողմից 1777թ. նոյեմբերի 15-ին և ԱՄՆ սահմանադրությունը, որն ընդունվել է 1787թ. սեպտեմբերի 17-ին:
Վերոհիշյալ կարևորագույն պատմական փաստաթղթերը, հատկապես վերջինը, այս կամ այն չափով իրենց մեջ ներառելով ժամանակի առաջադեմ մտածողների և լուսավորիչների (Ջոն Լոք, Թոմաս Հոբս, Հուգո Հրոցի, Վոլտեր, Շառլ-Լուի Մոնթեսքիո, Ժան Ժակ Ռուսո, Դենի Դիդրո) պետաիրավական հայացքները, կարողացան հաստատել նոր ապրելակերպ, մարդկանց նոր փոխհարաբերություններ, նոր պետականություն, որի հիմքում դրվեցին ժողովրդի սուվերենության, իրավական պետության, իշխանությունների տարանջատման, ֆեդերալիզմի, մարդու բնական և անքակտելի իրավունքների ու ազատությունների հիմնակազմիչ սկզբունքները:
Հյուսիսամերիկյան գաղութների ազատագրական պայքարը XVIII դարում իր առջև երկու պատմական խնդիր էր դրել. ազգային ազատագրական և ընկերային: Դրանք լուծվեցին բրիտանական գաղութային լծի դեմ մղվող հեղափոխական պատերազմում տարած հաղթանակի հետևանքով: 1775թ. մայիսի 10-ին, 13 ամերիկյան գաղութների ներկայացուցիչներ Ֆիլադելֆիայում հավաքվեցին Երկրորդ Կոնտինենտալ Կոնգրեսի՝ մետրոպոլիայի տնտեսական, քաղաքական և հատկապես սրված ռազմական ճնշման առնչությամբ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար: Երկար բանավեճերից հետո, որոնք տևեցին ավելին քան մեկ տարի, որոշում ընդունվեց Անգլիայից լիովին անջատվելու մասին: Մեծ Բրիտանիայի նախկին 13 գաղութները, իսկ այժմ 13 միացյալ սուվերեն պետություններն այդ մասին միահամուռ հայտարարեցին դարակազմիկ նշանակություն ունեցող փաստաթղթում՝ 1776թ. հուլիսի 4-ի «Անկախության Հռչակագրում»:
«Հռչակագրի» բովանդակած դրույթներից առնվազն երեքը չափազանց առաջադիմական, հեղափոխական բնույթի են: Այստեղ հռչակված է, որ բոլոր մարդիկ հավասար են և Արարչի կողմից օժտված որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում՝ կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքը: «Հռչակագիրն» ամրագրեց ժողովրդի սուվերենության սկզբունքը՝ արձանագրելով, որ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ Ի ԿԱՄՈՔ ԿԱՌԱՎԱՐՎՈՂՆԵՐԻ՝ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵՎ ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽԱՐԻՆՎԻ ՄԵԿ ՈՒՐԻՇՈՎ:
«Հռչակագիրն» առաջին քայլն արեց իշխանությունների տարանջատման սկզբունքի ներդրման գործում: XVIII դարի վերջին քառորդում աշխարհում չկար մի պետություն, որ ղեկավարվեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության սկզբունքով: Հետագայում այս դրույթները փոխակերպվեցին սահմանադրական նորմերի:
1787թ.-ի մայիսի 25-ի Ֆիլադելֆիայում բացվեց Սահմանադրական կոնվենտը, որի աաշխատանքներին մասնակցում էր 55 պատվիրակ: Այս մարմնի կազմում էին ականավոր պետական և քաղաքական գործիչներ, գիտնականներ, փիլիսոփաներ և իրավաբաններ (Ջորջ Վաշինգտոն, Ալեքսանդր Համիլտոն, Բենջամեն Ֆրանկլին, Ջեյմս Մեդիսոն, Էդմունդ Ռենդոլֆ, Ջեյմս Վիլսոն և այլն): Կոնվենտի մասնակիցներին ամերիկացիներն անվանում են «Հիմնադիր հայրեր»:
ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակվել է կոնվենտի փակ նիստերում (հասարակական կարծիքի որևէ ազդեցությունից զերծ մնալու համար), որոնք գումարվել են Ֆիլադելֆիայում, 1787թ.-ի մայիսի 14-ից սեպտեմբերի 17-ը: Կոնվենտի կազմում էին 74 պատվիրակ, սակայն աշխատանքներին մասնակցել է միայն 55-ը, մի շարք պատվիրակներ կոնվենտից հեռացել են մինչև նրա փակվելը, և միայն 39-ն են իրենց ստորագրությունը դրել հիմնական օրենքի տեքստի տակ:
1787թ.-ի սեպտեմբերի 17-ին ընդունված սահմանադրությունը հանձնվել է Կոնտինենտալ Կոնգրես, որը նույն թվականի սեպտեմբերի 28-ին այն ուղարկել է «նահանգների լեգիսլատուրաներ, որպեսզի սրանք ներկայացնեն կոնվենտների քննարկմանը, որոնք բաղկացած էին յուրաքանչյուր նահանգում իր ժողովրդի ընտրած պատվիրակներից՝ կոնվենտի որոշումներին համապատասխան (United States Code. 1998 Edition olume one. Organte Laws. Washington, 989. P.LIII)»:
Սահմանադրությունը վավերացրել են յուրաքանչյուր նահանգում ընտրված կոնվենտները: Առաջինը, որ դրան հավանություն էր տվել 1787թ. դեկտեմբերի 7-ին, Դելավեր նահանգն էր, իններորդ նահանգը, որի վավերացման շնորհիվ 1788թ. հունիսի 21-ին այդ ակտը մտավ ուժի մեջ, Նյու Հեմփշիրն էր:
Ֆիլադելֆիայի Սահմանադրական կոնվենտի՝ 1787թ.-ի սեպտեմբերի 17-ին ընդունված ԱՄՆ-ի սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1789թ. սեպտեմբերի 3-ին, իբրև Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես միասնական ֆեդերատիվ, միջազգային լիակատար իրավասուբյեկտությամբ օժտված պետության առաջին գրված սահմանադրություն: