ԱՄՆ-ի Գերագույն դատարանը

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Չարլզ Էվանս Հագսը նշել է, որ Դատարանը, իր կոնցեպցիայով և գործառույթներով տիպիկ ամերիկյան է և քիչ բանով է պարտական նախկին դատական ինստիտուտներին (ԱՄՆ Գերագույն դատարանը 1966թ.): Որպեսզի պարզ լինի, թե ԱՄՆ սահմանադրության հիմնադիրները Գերագույն դատարանին ինչ դեր էին նպատակ ունեցել հատկացնել, անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ կոնցեպցիա, այն, որ ԱՄՆ կառավարման դաշնային համակարգ ունեցող երկիր է:

Սահմանադրության հիմնադիրները նպատակ ունեին, որպեսզի և’ ազգային կառավարությունը և’ նահանգային կառավարությունները ենթարկվեին դաշնային օրենքներին: Սակայն, դաշնային օրենքների վերջնական մեկնաբանությունը չպետք է տրվեր նահանգային դատարաններին և ոչ էլ մի շարք նահանգների տրիբունալներին, որոնց վճիռները կարող էին հակասել իրար: Ուստի, դաշնային օրենքների մեկնաբանության իրավունքը պետք է տրվեր միայն Գերագույն դատարանին:

Սահմանադրության հիմնադիրները մեկ այլ նպատակ էլ էին հետապնդում, ըստ որի դաշնային կառավարությանը պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի դրա գործողությունները ուղղակիորեն տարածվեին անհատ քաղաքացիների և առանձին նահանգների վրա:

Քանի որ Գերագույն դատարանին կարևոր տեղ էր հատկացվել ԱՄՆ պետական կառավարման համակարգում, ապա բնական է, որ այս դատարանը պետք է բախվեր մեծ դժվարությունների հետ: Այս առիթով Գերագույն դատարանի պատմությունն ուսումնասիրող Չարլզ Ուորենը նշել է. «Դատարանի պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ չնայած այս դատարանի նշանակությունը և անհրաժեշտությունը դաշնային տիպի կառավարման համակարգի մեջ միշտ ընդունվել է ողջամիտ և հայրենասեր անձանց կողմից, այնուամենայնիվ, կառավարության ոչ մի մարմին կամ Սահմանադրության ոչ մի ինստիտուտ չի ենթարկվել ավելի շատ հարձակումների և չի ունեցել ավելի ուժեղ ընդիմադիր դաշտ, քան Գերագույն դատարանը»:

Իր գործունեության առաջին տասնամյակում դատարանը կայացրել էր միայն 50 վճիռ: Այս ժամանակահատվածում ամենանշանակալիցը դատավոր Ջեյի ներդրումն էր Գերագույն դատարանի պրակտիկայում: Մասնավորապես, նա հիմք դրեց մի պրակտիկայի, ըստ որի արգելվեց, որպեսզի Գերագույն դատարանը գործադիր իշխանությանը իրավական խորհրդատվություն կամ պարզաբանումներ տա: Ֆինանսների քարտուղար Ալեքսանդր Համիլթոնը խնդրեց դատարանին, որպեսզի վերջինս կարծիք հայտնի Վիրջինիայի Ներկայացուցիչների պալատի մի որոշման սահմանադրականության կապակցությամբ: Մեկ այլ դեպքում նախագահ Վաշինգտոնը խնդրեց, որպեսզի դատարանը պարզաբանումներ տա «Չեզոքության հուշագրի» վերաբերյալ: Երկու դեպքում էլ դատավոր Ջեյի պատասխանը «ոչ» էր, քանի որ Սահմանադրության III փոփոխությունը նշում էր, որ դատարանը պետք է որոշումներ կայացնի միայն կոնկրետ վեճերի կապակցությամբ:

Ջոն Մարշալը հանդիսացել է Գերագույն դատարանի նախագահ 1801-1835 թվականներին: Նա մեծ ազդեցություն ուներ դատարանում՝ ավելին, քան Գերագույն դատարանի որևէ այլ նախագահ: Իր ունեցած աննախադեպ ազդեցության շնորհիվ նա կարողացավ մեծ փոփոխություններ մտցնել Դատարանի պրակտիկայում, մասնավորապես՝ վճիռների ընդունման պրակտիկայում: Մինչ նրա նախագահելը դատավորները սովորաբար գրում էին կարծիքը վճռից առանձին (կոչվում էր «seriatim» կարծիքներ – լատիներեն՝ «մեկը մյուսի հետևից»): Մարշալը փոխեց այս պրակտիկան և ներմուծեց մեկ կարծիք տրամադրելու կարգը: Մարշալի նպատակը չհամնկնող կարծիքները նվազագույնի հասցնելն էր: Պնդելով, որ չհամնկնող կարծիքները թուլացնում են դատարանի իշխանությունը, նա փորձում էր համոզել դատավորներին իրենց տարաձայնությունները լուծել մասնավոր կերպով, իսկ հանրության առջև հանդես գալ միասնական ճակատով: Մարշալը նաև օգտագործեց իր իշխանությունը, որպեսզի դատարանին ընդգրկի քաղաքականության մշակման գործընթացում: Այդպիսի մի օրինակ էր իր նախագահության սկզբում կայացրած որոշումը «Մարբուրին ընդդեմ Մեդիսոնի (1803թ.)» գործով, որով դատարանը կոնգրեսի ընդունած ակտը համարեց հակասահմանադրական:

Այս գործի համար սկիզբ հանդիսացան 1800 թվականի նախագահական ընտրությունները, որի ժամանակ Թոմաս Ջեֆերսոնը հաղթեց Ջոն Ադամսին, երբ վերջինս ցանկանում էր վերընտրվել: Վերջինս, մինչ իր լիազորությունների դադարեցնելը, ստորագրեց մի շարք հրամանագրեր ֆեդերալ դատավորների նշանակումների մասին, որտեղ նոր թեկնածուների մեծ մասն իրեն հավատարիմ ֆեդերալիստներից էին: Այնուհետև Ադամսը հրամանագիր ստորագրեց՝ Ջոն Մարշալին, որն իր օրոք զբաղեցնում էր պետական քարտուղարի պաշտոնը, Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու մասին:

Դատական նոր նշանակումների լիազորությունները իրականում պատկանում էին Մարշալին՝ որպես պետական քարտուղարի: Ինչևէ, 17 նոր նշանակումների մասին հավատարմագրերը մինչև նոր նախագահի ինագուրացիան դեռ չէին առաքվել: Նոր նախագահը իր նորանշանակ պետքարտուղար Ջեյմս Մեդիսոնին հրամայեց չառաքել հավատարմագրերը: Նոր նշանակված թեկնածուներից երեքը՝ Վիլիամ Մարբուրիի գլխավորությամբ, որոնք նշանակվել էին Կոլումբիայի օկրուգի ֆեդերալ դատավորներ, որոշեցին դիմել Գերագույն դատարան, որպեսզի վերջինս Մեդիսոնին պարտադրեր առաքել հավատարմագրերը: Իրենց պահանջը նրանք հիմնավորում էին 1789 թվականի դատական ակտի 13-րդ բաժնով, ըստ որի Գերագույն դատարանը իրավունք ուներ դատական հրաման (writ of mandamus) արձակել, որպեսզի հանրային պաշտոնյան կատարեր իր պաշտոնական, ոչ հայեցողական պարտականությունները:

Այս գործը Մարշալին կանգնեցրեց երկընտրանքի առջև: Որոշ մարդիկ նրան խորհուրդ տվեցին հրաժարական տալ, քանի որ ինքն առնչվել էր գործին՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս: Սակայն կար նաև դատարանի լիազորության հարց: Եթե Մարշալը դատական հրամանն արձակեր, ապա Մեդիսոնը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեր հավատարմագրերը առաքել: Այդ դեպքում Գերագույն դատարանն իշխանություն չէր ունենա, որպեսզի հրամանն ի կատար ածվեր: Ինչևէ, Մարշալն ընդունեց մի հետաքրքիր որոշում, որով լավագույն կերպով դուրս եկավ ստեղծված իրավիճակից: Նա հայտարարեց, որ 1789թ. Դատական ակտի 13-րդ բաժինը հակասահմանադրական է, քանի որ դա Գերագույն դատարանին տալիս է առաջնային իրավազորություն, մինչդեռ նման իրավազորությունը Գերագույն դատարանին տրված է նաև Սահմանադրության III հոդվածով:

Այսպիսով, սրանով հաստատվեց դատարանի լիազորությունը Կոնգրեսի ընդունած ակտերը վերանայելու և դրանց սահմանադրականությունն որոշելու հարցում: Այս որոշումն իրավմամբ համարվում է Գերագույն դատարանի ընդունած ամենակարևոր որոշումներից մեկը: Մի քանի տարի անց դատարանը սահմանեց նաև նահանգային օրենսդրական մարմինների վրա դատական վերահսկողության իր իրավունքը: Մարշալի պաշտոնավարության ընթացքում Գերագույն դատարանը բեկանեց մի քանի տասնյակ նահանգային օրենքներ՝ սահմանադրականության հիմքով: