«Խնդիր ունենք մարզից ԲԴԽ անդամ ընտրելու, սա շատ էական է, այս համամասնությունը անհիշելի ժամանակներից խախտվել է»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը: Վկայակոչելով Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, նա նկատում է, որ ըստ այդ կետի, ԲԴԽ դատավոր-անդամները պետք է ունենան մեկ անդամ Վճռաբեկ դատարանից, մեկ անդամ Վերաքննիչ դատարանից, 3 անդամ առաջին ատյանից, ընդ որում՝ առաջին ատյանի դատարանից մեկ անդամը պետք է մարզից լինի. «Եթե մենք մարզից չընտրենք, ապա այս այդ հոդվածը կշարունակի խախտված մնալ, ինչը բացասական հետեւանքների կբերի»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Դատական դեպարտամենտը ծանուցումն ուղարկել մարզի միայն Սնանկության դատավորներին, Գեւորգ Գյոզալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ ժամանակ Դատական դեպարտամենտը օրենքի խախտմամբ է ծանուցում ուղարկել եւ նա առնվազն պարտավոր էր այդ ժամանակ եւ դրանից ավելի վաղ ծանուցել մարզին, որովհետեւ մենք մարզից դատավոր չունենք»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր ներկայացրած տրամաբանությամբ, որ մարզային դատավորները պետք է ներկայացնեն եւ պաշտպանեն մարզային դատարանների շահերը, այդ դեպքում, ասենք, Երեւանի քրեական դատարանի շահերն ո՞վ պետք է ներկայացնի: Գեւորգ Գյոզալյանը հակադարձեց՝ տվյալ դեպքում կա Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ԲԴԽ-ում ներկայացված անձինք այդ դատարանների շահերը ներկայացնու՞մ են, թե՞ ոչ, հարցին նա ասաց, որ չի կարող պատասխանել, զուտ օրենքի տեսանկյունից է հարցին անդրադառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/04/1359696/
© 1998 — 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից