Նեղ օրեր ունեցա, սակայն Տերն ինձ նեցուկ եղավ: Նա ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի նա ինձ սիրեց: Տերն ինձ հատուցեց ըստ իմ արդարության, և ըստ իմ ձեռքերի մաքրության պիտի հատուցի իմ Տերը: Ես պահել եմ իմ Տիրոջ պատգամները և իմ Աստծու դեմ ամբարշտություններ չեմ գործել: Նրա բոլոր օրենքներն իմ առաջ են, և ես նրա պատգամներից չեմ շեղվել: Նրա առաջ անբիծ եմ եղել և նախօրոք հեռու մնացել անօրենություններից:
Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու ըստ իմ ձեռքերի մաքրության, որ կան Տիրոջ աչքի առաջ: Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարյալի հետ` կատարյալ: Ընտրյալի հետ ընտրյալ պիտի լինես, իսկ ծուռի հետ` ծուռ: Դու պիտի փրկես տնանկ ժողովրդին, իսկ անբարտավանների աչքերը պիտի խոնհարեցնես: Դու ես իմ ճրագը, Տե~ր, և դո՛ւ ես լուսավորելու իմ խավարը: Քեզնով միայնակ զինված պիտի վազեմ և իմ Աստծու շնորհիվ պիտի անցնեմ պարսպի վրայով:
Իմ հզո~ր Աստված, քո ճանապարհն անարատ է: Տիրոջ խոսքը ճշմարիտ է, նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին: Ո՞վ է հզոր, բացի քեզանից, Տեր, և ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց:
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բ 22-50