Հոգու և մարմնի հակամարտությունը

Ասես մի կածանով գալիս ենք այն մտքին, որ քանի դեռ մարմին ունենք և մեր հոգին անբաժանելի է այդ չարիքից, երբևէ բավականաչափ չենք տիրի մեր տենչանքի առարկային: Իսկ դա ճշմարտությունն է: Չէ՞ որ մարմինը բյուրավոր դժվարություններ է պատճառում մեզ, քանի որ սննդի կարիք ունի, բացի այդ՝ վրա են հասնում հիվանդությունները, որոնք խոչընդոտում են մեզ որսալ գոյը:

Մարմինը լցնում է մեզ բազում այնպիսի ցանկություններով, երկյուղներով և այլևայլ տեսիլներով ու ցնորքներով, որ իսկապես նրա պատճառով ոչինչ հնարավոր չէ մտածել: Թե՛ պատերազմների, թե՛ խռովությունների և թե՛ կռիվների պատճառը մարմինն է և իր ցանկությունները: Չէ՞ որ հարստությունը տիրելու պատճառով են ծագում բոլոր պատերազմները, իսկ տիրանալ հարստությանը ստիպում է մարմինը, որին մենք ստրկորեն ծառայում ենք:

Ահա այս ամենի պատճառով է, որ փիլիսոփայությամբ զբաղվելու պատեհություն չունենք: Իսկ վատթարագույնն այն է, որ նույնիսկ եթե ազատ ժամանակ ենք ունենում դիմելու հետազոտությանը, ապա քննությունների մեջ նույնպես մարմինն անհանգստացնում է մեզ աղմուկով, շփոթեցնում է ու կաշկանդում, այնպես որ չենք կարողանում տեսնել ճշմարտությունը: Մինչդեռ մեզ համար իսկապես ապացուցված է, որ եթե ուզում ենք ինչ-որ բան իմանալ զուտ ձևով, պետք է հրաժարվենք նրանից և հենց հոգով հայենք իրենք իրերը:

Այդժամ, իհարկե, կունենանք այն, ինչ տենչում ենք սիրահարվածի պես՝ բանականություն, բայց դա, ինչպես երևում է մեր դատողությունից, կլինի միայն, երբ մահանանք, իսկ կյանքի օրոք՝ ոչ: Քանզի եթե ոչ մի զուտ իմացություն մարմնով հանդերձ հնարավոր չէ, ապա երկուսից մեկը՝ կա՛մ ոչ մի իմացություն որևէ կերպ հասանելի չէ, կա՛մ էլ՝ միայն մահից հետո:

Չէ՞ որ այդժամ է հոգին լինում ինքն ըստ ինքյան, առանց մարմնի, ոչ ավելի վաղ: Իսկ կյանքի օրոք կարծես թե ավելի մոտ կլինենք իմացությանը, եթե հնարավորինս քիչ կառչենք մարմնից և հաղորդակցվենք նրան, բացառությամբ անհրաժեշտ դեպքերի, և չվարակվենք նրա բնությամբ, այլ մաքրվենք նրանից, մինչև որ աստված ինքը չազատի մեզ վերջինից: Եվ այդկերպ մաքրված, ազատված մարմնի անմտությունից, մենք, թվում է, կլինենք ուրիշ այդպիսինների հետ և ինքներս կիմանանք ամենայն մաքուրը, որն էլ հավանաբար հենց ճշմարիտն է: Քանզի պատշաճ չէ, որ անմաքուրը դիպչի մաքուրին:

Սոկրատեսի զրույցը Սիմմիասի հետ: