Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտեք: Իմացե՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Տե՛ս, թե ինչպես սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդվեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք: Ահա՛վասիկ եւ նավերը. Ի՜նչ հսկա բաներ են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են ո՛ր կողմը որ նավարարի սիրտն է ուզում: Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչյունների եւ սողունների ամեն տեսակ եւ ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է եւ հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հորը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ եւ անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի: Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր եւ դառն ջուր կբխեցնի՞: Եղբայրնե՛ր իմ, միթե կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ: Նմանապես աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:
ՀԱԿՈԲՈՍ 3, 1:12