Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մոտ էր, եւ Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չնվաճեց:
Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին:
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան: Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին:
Ավետարան ըստ Հովհաննեսի