Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը: Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև աղքատ՝ կեղտոտ զգեստներով, և դուք նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի և ասեք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատվո տեղը», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի:

Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներ այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին: Իսկ դուք անարգում եք աղքատներին:

Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հենց նրանք էլ ձեզ դատարան են քաշ տալիս: Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք: Ապա եթե կատարեք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում: Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ դատապարտվելով օրենքից որպես օրինազանցներ:

Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին. որովհետև նա, ով ասաց, թե՝ «Չպիտի սպանես», նաև ասաց, թե՝ «Եվ չպիտի շնանաս», քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ:

Այնպե՛ս խոսեցեք և այնպե՛ս գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց:

Հակոբոս 2:1-13