“ՇՈԼՑ ԱԳ” ընկերությունն ընդդեմ Հայաստանի

Սույն գործով ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է ճանաչել։ Գործի փաստերը հանգում էին նրան, որ անձին մերժվել է արդարադատություն իրականացնելու գործում։ Մասնավորապես մի դեպքում ՀՀ դատարանները չեն իրականացրել արդարադատություն այն հիմնավորմամբ, որ առկա է արբիտրաժային համաձայնություն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժային տրիբունալը մերժել է իրականացնել վեճի լսումներ այն հիմնավորմամբ, որ արբիտրաժային համաձայնագիր չկա։

Թամրազյանն ընդդեմ Հայաստանի

Սույն գործը վերաբերվում էր նրան, որ անձի շուրջ քսաներեք տարի իր տիրապետության տակ գտնվող հողամասն օտարվել է երրորդ անձի, որի նկատմամբ ինքը, ներպետական իրավունքի համաձայն ուներ ձեռք բերելու նախապատվության իրավունք՝ ձեռքբերման վաղեմության ուժով: Դիմումատուն նաև բողոքել է, որ Վճռաբեկ դատարանը չի կատարել վիճարկվող վարույթում իր որոշումը պատճառաբանելու պարտականությունը:

Մնացականյանն ընդդեմ Հայաստանի

Ստրասբուրգի դատարանը կայացրել է բավականին ուշագրավ վճիռ՝ Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով, որով ճանաչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի խախտում (հիշեցնեմ, որ սա այն գործն էր, որ Ավան և Նոր Նորք դատարանի դատավոր Սամվել Մնացականյանը ԱԽ-ի որոշման հիման վրա ազատվել էր դատավորի պաշտոնից և ԱԽ որոշումը բողոքարկելու արդյունավետ հնարավորություն չէր ունեցել (մանրամասները ՍԴՈ-1063 որոշման մեջ):