«Ես չեմ ստացել ո՛չ sms, ո՛չ նամակ որեւէ գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,-այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը՝ պատասխանելով հարցին՝ ասում են նախկինում զանգերի միջոցով էին որոշումներ կայացվում, դուք sms, նամակ ստանո՞ւմ եք: Անդրադառնալով դատական համակարգին, նա ասաց՝ կան բազմաթիվ խնդիրներ․ «Դատական համակարգում իմ հայտնվելը կոչված է նրան, որ փորձեմ խնդիրների մի մասը լուծել։ Մեր խնդիրներն այս ընդհանուր ժողովի ընթացքում են լուծվում, ժողովի ժամանակ ենք խնդիրները բարձրաձայնում»։ Համակարգում բարեփոխումներն, ըստ Գյոզալյանի, դանդաղ են ընթանում։ Իսկ թե ինչու են դանդաղ ընթանում, դատավորն ասաց, որ պատճառները բազմաթիվ են, սկսած սուբյեկտիվ գործոններից մինչեւ՝ օբյեկտիվ։ «Օրենսդրական խնդիրներ ունենք, անձերի խնդիր ունենք։ Ցավոք, մեզ մոտ այդ հայկական խնդիրը չի լուծվում, երբ ցանկացած արդարություն անցկացնում ենք մեր ներքին կշեռքի միջով, եւ եթե այդ արդարության մասին բարձրաձայնելը պետք է մեզ, այսինքն, երբ այդ արդարությունը մեր սուբյեկտիվ շահերը բավարարում է, ապա խոսում ենք այդ արդարության մասին։ Այս խնդիրը պետք է լուծվի, մարդիկ դատավորները, պետք է անարդարության վերաբերյալ միշտ բարձրաձայնեն»,-ասաց Գյոզալյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
https://www.aravot.am/2023/07/19/1356214/
© 1998 — 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից