ՈՒնայնություն

Ունայնություն ունայնությանց, ասաց ժողովողը, — ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է:

Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջվում է արեգակի ներքո: Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավերժ:

Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է:

Հողմը ելնում է դեպի հարավ և դառնում է դեպի հյուսիս, պտտվելով պտտվում՝ փչում է հողմը և վերադառնում նորից իր շրջապտույտին:

Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում, և նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են:

Ամեն ինչ ջանք ու տքնանքով է լինում, և չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում:

Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույն էլ պիտի կատարվի:

Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո. որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ “Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ”:

Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում եկողների մեջ:

Ժովովող 1:2-11