Ըստ պատմիչ Լեոյի Հայաստանում 1830-1853 թվականներին. «Ստորին աստիճանների պաշտոնեության մեջ տիրում էր կատարյալ սանձարձակություն: Կաշառակերությունն այնքան համարձակ էր, այնքան տիրական, որ նկարագրվում էր իբրեւ ժողովրդական դժբախտություն Երեւան այցելած գերմանացի Վագների ճանապարհորդության մեջ:
Անկարգությունները չէին խուսափում նաեւ Պասկեւիչի (ռուս զորահրամանատար) աչքերից եւ նա նկարագրում էր դրությունը Նիկոլայ կայսրին ուղարկած զեկուցման մեջ ամենամռայլ գույներով:
Ամեն տեղ կաշառք, ամեն տեղ բռնություն, ճնշում, կամայականություն, չկա արդարադատություն, ժողովուրդը նահատակվում է, ժողովուրդը կորցրել է ամեն ինչ: Ժողովրդի կրած թշվառությունները վեր են իր ուժերից եւ բարեբախտություն է, որ այնուամենայնիվ, չսպառվեց նրա համբերությունը: Պասկեւիչը քննություն նշանակեց եւ քննությունը երեւան հանեց ավելի եւս քստմնելի փաստեր չինովնիկական գործունեությունից:
Տեղեկան ոչ մի միջոց այլեւս չէր մնացել այդ համատարած չարիքի դեմ կռվելու համար: Եվ Պասկեւիչը դիմում էր բարձրագույն իշխանության օգնությանը, խնդրելով, որ կայսրը նշանակե սենատորական քննություն, որ եւ կարող կլիներ արմատական փոփոխություններով առողջացնել ռուսական վարչությունը Կովկասում:
Նիկոլայը երկու սենատոր ուղարկեց, որոնք եկան քննեցին, բաց արին բոլոր խոցերը: Սակայն Պետերբուրգի բյուրոկրատիան էլ կովկասյանի հետ մի ծառի պտուղ էր եւ նույնպես ամուլ ու անկարող հանդիսացավ կովկասյան կյանքը պատշաճավոր կազմակերպության մեջ մտցնելու հարցում: Ինքը-Պասկեւիչը, կարծում էր, թե նորանվաճ երկրները բարեկարգելու ամենալավ միջոցն է վերցնել եւ միանգամից մտցնել Կովկասի մեջ Ռուսաստանում գործող օրենքները:
Այսպիսի կարծիք ունեին եւ շատերը Պետերբուրգի բյուրոկրատական շրջաններում: Բայց վերջ ի վերջո գերակշռեց այն կարծիքը, որ ռուսական վարչությունը Կովկասում պիտի հարմարեցվի տեղական առանձնահատկություններին: Այսպիսի մի գործ իրականացնելու համար Թիֆլիս ուղարկվեց մի ամբողջ կառավարչական հանձնաժողով սենատոր Հանի նախագահությամբ:
Այս մարմնի մշակած օրենսդրական նախագիծը քննվեց Պետերբուրգում, հաստատվեց եւ գործողության մեջ մտցվեց: Սակայն բյուրոկրատական մտքի այս արտադրությունն այնքան խամ ու խակ էր, այնքան անհամապատասխան էր տեղական առանձնահատուկ պայմաններին, որ հարուցեց ընդհանուր անբավականություն եւ տրտունջ:
Նոր կանոնները եթե մի նորություն մտցնում էին, այդ անսահման ձեւապաշտություններն էին, որոնք սպանում էին ամեն մի կենդանի գործ, հուսահատություն պատճառելով ամեն մի մարդու, որ գործ էր ունենում դատաստանական եւ վարչական հիմնարկությունների հետ:
Ձեւապաշտությունը սպանում էր մանավանդ, արդարադատության գործը, անչափ դանդաղեցնելով նրան եւ դնելով այնպիսի պայմանների մեջ, որ ակնհայտնի քրեական հանցավորներն ու ավազակները արդարացվում էին: Ազգաբնակությունը կորցնելով ամեն մի վստահություն դեպի արդարադատությունը, իր սեփական միջոցներն էր գործ դնում իր իրավունքները պաշտպանելու համար:»:
ԼԵՈ, Երեւան 1984թ.
IV հատոր, էջ 488