Հայ կյանքը հին ժամանակներից գտնվելով տոհմային կազմի դրության մեջ, նվիրագործել էր մի սովորություն, որը հատուկ էր նաեւ ուրիշ արիական ազգերին, օրինակ՝ հույներին եւ հռոմեացիներին: Այդ այն էր, որ կինը ժառանգելու իրավունք չուներ: Հույն-հռոմեական աշխարհում կյանքի զարգացումը բերել էր իր հետ այդ անհավասարության վերացմանը, եւ կանայք տղամարդկանց հետ հավասար ժառանգության իրավունք ունեին: Իսկ հայ կյանքը անփոփոխ էր պահել այդ հին սովորութական օրենքը:
Պատճառն անշուշտ այն էր, որ այդ կյանքի մեջ անփոփոխ էր մնացել նաեւ հին հիմնարկությունը-տոհմային կազմը, որի վրա էլ հաստատված էր նախարարական ամբողջ սիստեմը:
Այդ դրության մեջ շատ մեծ նշանակություն ուներ տոհմային կալվածը, առանց որի չէր կարող պահվել տոհմային ինքնավարությունը: Տոհմային կալվածը պիտի միշտ մնար տոհմի սեփականություն, եւ ահա հենց այս պատճառով էլ կանայք իրավունք չունեին ժառանգելու իրենց ծնողների կամ ազգականների գույքը: Եթե գոյություն չունենար այս արգելքը, նախարարական-տոհմային կալվածների ամբողջությունը կդառնար անկարելի, որովհետեւ յուրաքանչյուր կին, ամուսնանալով օտար տղամարդու հետ, պիտի տաներ օտարացներ տոհմային կալվածի մի մասը:
Հուստիանոս կայսրը 536 թվականին հրատարակեց մի օրենք, որը շոշափում էր հայոց ընտանեկան իրավունքը եւ վերացնում էր նախկինում ձեւավորված այդ սովորութական իրավունքը: Հուստիանոսը իր օրենսդրության մեջ անտեսելով նախկինում ձեւավորված եւ նախարարական տոհմերի համար մեծ կարեւորություն ունեցող հանգամանքները, լուսաբանում էր այդ իրավահարաբերությունը նոր բարոյական-կուլտուրական տեսակետից:
Ըստ այդմ նա նշում է՝ «Մենք նոր իմացանք, որ նրանց (հայերի) մեջ գոյություն ունի մի անքաղաքավարի եւ դաժան օրենք, որ արժանի չէ ոչ հռոմեացիներին, ոչ էլ մեր պետության արդարության ոգուն, այն է՝ որ ծնողներին ժառանգել թույլատրվում է տղամարդկանց եւ ոչ երբեք կանանց: Մենք հարկավոր համարեցինք նոր օրենքով ուղղել նրանց կյանքի կոպիտ պակասը, որպեսզի անքաղաքավարի սովորույթով ժառանգությունները ծնողներից, եղբայրներից եւ այլ ազգականներից չպատկանեն միայն տղամարդկանց, նույնպես՝ որպեսզի առանց բաժնի կանայք չամուսնացվեն եւ չգնվեն իրենց նշանածների ձեռքով- մեծ անքաղաքավարության այս նշաններն այսօր էլ գոյություն ունեն նրանց մոտ: Ասենք՝ այսպիսի վայրենի բարքեր միայն նրանց մոտ չեն ընդունված, կան եւ ուրիշ ժողովուրդներ, որոնք նույնպես հարգանքով չեն վերաբերվում բնությանն եւ ստորացնում են կանացի սեռը, կարծես, նրան աստված չի ստեղծել եւ ցեղի շարունակությանը չի ծառայում, այլ իբրեւ շատ սակավ կարեւոր եւ ատելի բան դատապարտված է մնալ հարգանքից դուրս»:
Ըստ կայսրի, քանի որ հայերը հպատակվում են հռոմեացիներին ուրիշ ազգերի պես հավասար կերպով եւ վայելում են հռոմեացիների բարիքները, այդ պատճառով նրանց կանայք չպետք է զրկված մնան հռոմեացիների մոտ գոյություն ունեցող հավասարությունից: