Ինչո՞ւ, Տե՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղության ժամանակ: Ամբարշտի հոխորտալուց տոչորվում է աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, քանզի գովաբանվում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանվում է և նա, ով զրկում է:
Իսկ մեղավորն ինչո՞ւ բազում դառնությամբ զայրացրեց Աստծուն, թե չի ստանա հատուցում: Չկա Աստված նրա աչքերի առջև, մշտապես պիղծ են նրա ճանապարհները: Իրավունք ասվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին: Նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կ՛ապրի առանց փորձանքի:
Անեծքով, դառնությամբ և նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք: Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին: Նրա աչքն աղքատի վրա է, դարանակալվում է թաքստոցում՝ ինչպես առյուծն իր որջում, դարանակալում է հափշտակելու աղքատին, հափշտակելու աղքատին և ճանկելու նրան:
Նրան կգցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կխոնարհվի ու կընկնի: Նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնավ չտեսնելու համար: Ելի՛ր, Տե՛ր իմ Աստված, թող բարձրանա քո ձեռքը, և մի՛ մոռացի տնանկներին:
Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թե ինքը չի քննվի: Տե՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցավին ու սրտմությանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար:
Քեզ է ապավինել աղքատը, և դու ես որբի օգնականը: Թող խորտակվի մեղավորի ու չարագործի բազուկը, թող փնտրվեն նրա մեղքերն ու այլևս չգտնվեն: Տերը թագավոր է հավիտեանս հավիտենից, թող կորչեն հեթանոսները նրա երկրից:
Տնանկների ցանկությունը լսեցիր, Տե՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամությանը՝ տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպեսզի մարդը չշարունակի իր հոխորտանքը երկրի երեսին:
ԴԱՎԻԹԻ ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ԳԻՐՔ 9:18