Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռանար:
Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեեւ, բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դո՛ւ խելքդ վրադ պահի՛ր ինչպես պողպատ կուռ վահան:
Մի՛ հավատա ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
Եվ լայն օրում թե՛ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:
Լսի՛ր տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
Ավետիք Իսահակյան