Օրենսգետի առավելությունը արհեստավորի վրա

Օրենսգետի իմաստունությունը ձեռք է բերվում հանգստի հաճելի ժամին, եւ ով մի բանի կարիք ունի, ջանք կթափի եւ իմաստուն կդառնա: Ի՞նչպես կարող է իմաստանանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղվում իր գործերով, եւ նրա զրույցը իր որդիների հետ հորթերի մասին է: Նրա սիրտը զբաղված է լինում ակօս բացելով, եւ նրա հոգսը հորթերին կերակրելն է: Այսպես են նաեւ ամեն հյուսն եւ ճարտարապետ, որ գիշերն անցկացնում են իբրեւ ցերեկ, նաեւ նրանք, ովքեր արձաններ են քանդակում. Նրանցից յուրաքանչյուրի զբաղմունքը ձեւերի բազմազանություն ստեղծելն է: Ամեն մեկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, եւ նրա հոգսը իր գործն ավարտելն է:
Այդպես է եւ դարբինը, որ նստում է սալի մոտ եւ մտածում երկաթե առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, եւ նա ոգորում է հնոցի տապի դեմ:
Մուրճի ձայնը խլացնում է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստվող անոթի նմանությունն է: Նրա սիրտը ձգտում է գործի ավարտին, եւ ավարտելիս նրա մտահոգությունը այն բարեզարդելն է:
Այդպես է եւ բրուտը, որ նստած իր գործն է անում եւ ոտքով պտտում է դուրգը, նա իր գործի համար տեւապես հոգսի մեջ է, եւ նրա ամբողջ աշխատանքը կապված է հաշվարկի հետ: Իր բազկով նա ձեւ է տալիս կավին եւ ոտքով մեղմում նրա պնդությունը: Նրա սիրտը ձգտում է ավարտել ծեփը, եւ նրա հոգսը թրծարանը մաքրելն է:
Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրա եւ յուրաքանչյուրը հմուտ է իր գործի մեջ:
Առանց սրանց քաղաք չի կառուցվի, մարդիկ չեն բնակվի այնտեղ եւ չեն շրջի, բայց սրանց ժողովարան չեն հրավիրում, սրանք դատավորի աթոռին չեն նստում, արդարության եւ իրավունքի մասին դատողություն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում եւ չեն զբաղվում առակներով:
Սրանք միայն այս աշխարհի շինվածքն են ամրացնում, եւ սրանց աղոթքը միայն իրենց արհեստի համար է. Բայց այդպես չէ նա, ով իր անձը նվիրում եւ խորհրդածում է Բարձրեալի մասին:

ՍԻՐԱՔԻ ԻՄԱՍՏՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ 38:25-39