Սույն գիտական հոդվածում ներկայցվել են իրավական ֆիկցիայի հասկացությունը և դրա կարգավորման գործառույթները՝ իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում: Առհասարակ, ֆիկցիա հասկացությունը հանրության շրջանակում ընդունված է համարել սովորական սուտը, կեղծը, սակայն ինչպես տեսնում ենք դա այդպես չէ: Մի կողմ թողնելով ֆիկցիայի լայն հասկացությունը, որն անշուշտ դրական դեր է խաղացել մարդկության կյանքում (գրականություն, գիտություն և այլն), սույն հոդվածում անդրադարձ է կատարվում իրավական ֆիկցիաներին, որոնք հանդիսանում են այն յուրահատուկ փրկության օղակները, որոնց միջոցով օրենսդիրը կարգավորում է հասարակական հարաբերությունները: Առանց իրավական ֆիկցիաների ուղղակի անհնար կլիներ ապահովել հասարակական հարաբերությունների բնականոն ընթացքը:
Հասարակական հարաբերություններն անընդմեջ զարգանում են ներառելով տարբեր ոլորտներ և դրական դինամիկայի կողքին առաջանում են տարբեր տեսակի իրավական խնդիրներ, որոնք անհնար է լուծել առանց իրավական ֆիկցիաների: Այսինքն, օրենսդիրը ոչ բոլոր դեպքերում է ունակ պարզելու օբյեկտիվ իրականությունը և դրա հիման վրա կազմակերպելու իր իրավաստեղծ գործունեությունը: Ճշմարտությունը բացահայտելուց հետո է, որ օրենսդիրը կարգավորում է հասարակական հարաբերությունները: Այս տեսակետից լինում են դեպքեր, երբ անհնար է պարզել օբյեկտիվ իրականությունը (ճշմարտությունը), իսկ ճշմարտության չպարզումը իր հերթին բերում է մի շարք խնդիրների: Եվ այստեղ է, որ օգնության է հասնում իրավական ֆիկցիան, որի միջոցով ընդունվում է վերացական ճշմարտությունը և դրա հիման վրա կարգավորում է ստանում հասարակական հարաբերությունները: