Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբանի էթիկայի խնդիրները

01.08.2012


«Ակնհայտ է, որ իրավակարգը առավել կայուն է այնտեղ, որտեղ գույություն ունի ճշմարիտ հավատք և սեր Աստծո ու մերձավորների նկատմամբ, հաստատուն բարի բարքեր (կայուն բարոյակարգ), իրավաչափորեն գործող օրենսդրություն, դրա ժամանակին և հստակ կատարում, խախտված իրավունքի ժամանակին վերականգնում, իրավախախտումների անհրաժեշտ և բավարար պատիժ և իրավախախտումների արդյունավետ սոցիալական կանխարգելում:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միմյանցից տարանջատված եսասեր անհատների, ընտանիքների, կորպորացիաների, քաղաքական կուսակցությունների, և ժողովուրդների ամբողջությունը ճշմարիտ սիրո և հավատքի, բարձր իրավագիտակցության և ինքնասահմանափակման միջոցով համերաշխություն հաստատեն և ձևավորեն կայուն իրավակարգի պահպանմամբ հետաքրքրված միասնական, ամբողջական հասարակություն:

Իզուր չէ, որ հեգնանքով հռոմեական իրավաբաններն ասում էին. – օրենքներն առանց բարի բարքերի ոչինչ չարժեն, ինչպես նաև բարքերն առանց ճշմարիտ հավատքի բավարար չեն (Quid sunt leges sine moribus – quid sunt mores sine fide?):

Անիրավական հասարակությունում, նույնիսկ ծաղկող տնտեսության պայմաններում, չի կարելի խոսել կայունության և կարգուկանոնի մասին, թեկուզ այն պատճառով, որ ոչ մի անհատ վաղվա օրվա նկատմամբ հաստատակամ չի լինի, քանի որ իրավական ամենաթողության պայմաններում նրան կարող են ցանկացած պահի կալանավորել, զրկել իր ունեցվածքից, սահմանափակել նրա մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, իրավակարգը, իրավական հասարակությունը ենթադրում են ոչ միայն լավ ու կայուն օրենքների առկայություն, ոչ միայն դրանց պահպանում քաղաքացիների ու պետության կողմից, այլև բնակչության հարգանքը Օրենքի ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, փաստաբանների, նոտարների, ներքին գործերի մարմինների աշխատակիցների, մաքսատան, հարկային տեսչության և այլոց նկատմամբ: Վերջիններս էլ իրենց հերթին պետք է լավ իմանան, հարգեն և հաճախ հիշեն Աստծո պատվիրանները և օրենքի պահանջները, հաճախակի անդրադառնան իրենց խղճի կանչին, մարդկային արժանապատվությանը և պատվին, մասնագիտական կոչմանը և հնարավորինս մնան հոգեպես և բարոյապես կարգին, որպեսզի իրենց հոգու կարգը վերափոխեն սոցիալական իրավակարգի:

Մեր համաքաղաքացիների օրենքների հետ առնչությունների մեծ մասը կատարվում է փաստաբանների միջոցով և նվազ չափով՝ նոտարների: Բնական է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները նույնպես բավականին նկատելի են, սակայն միայն այն ժամանակ, երբ նրանց վարքը դառնում է հակաիրավական: Այսպես, եթե պետ. ավտոտեսչության տեսուչը հստակ հետևում է օրենքի պահանջներին, գումար չի պահանջում, չի չարաշահում իր լիազորությունները, ապա մենք երբեմն նույնիսկ չենք նկատում նրա ներկայությունը ճանապարհին:

Այլ են փաստաբանները: Նրանց դիմում են իրավական օգնություն ստանալու համար: Փաստաբանի անարժան կամ ոչ բարեխիղճ վերաբերմունքը միշտ վերածվում է քննարկման առարկայի հաճախորդի և նրա ընկերների, բարեկամների, գործընկերների միջև: Ստացվում է այնպես, որ փաստաբանի ոչ բարեխիղճ արարքի մասին միշտ և անհրաժեշտաբար հայտնի է դառնում մարդկանց բավականին լայն շրջանակին, մանավանդ Հայաստանի պես փոքր երկրում: Մասնագիտական հեղինակությունը սկսում է անկում ապրել: Հոգ տանելով իր մասնագիտության նկատմամբ հարգանքի մասին, փաստաբանները պաշտպանում են պետության ողջ Իրավական Համակարգի շահերը: Սակայն շարքային քաղաքացիների համար փաստաբանական գործունեության հեղինակությունը հեշտությամբ փոխանցվում է բոլոր «Ֆեմիդայի ծառայողների» վրա, իսկ դրանով, մասնավորապես, որոշվում է Օրենքի նկատմամբ հարգանքն ընդհանրապես: Այսպիսով, փաստաբանների նկատմամբ անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտական էթիկայի և վարքի չափորոշիչների պահպանման ամենախիստ պահանջները:

Երբ մենք խոսում ենք փաստաբանի մասնագիտության հեղինակության մասին, ամենևին էլ նկատի չունենք, թե որքան մեծ պետք է լինի փաստաբանի սեփական կարծիքը հասարակության մեջ իր կարևորության և դերի մասին: Դա քիչ կարևոր չէ, սակայն ամենակարևորն էլ չէ: Մասնագիտության հեղինակությունը որոշվում է ոչ թե ներքին ինքնագնահատականով, այլ հակառակը, շրջապատի գնահատականով:

Դժվար թե այսօր մեկը վիճի, որ հայրենական փաստաբանության հետագա զարգացման համար մասնագիտական էթիկական սահմանումների հստակ թվարկման մշակումը նույնքան անհրաժեշտ է, որքան փաստաբանության մասին օրենքը: Ինչի է բերում «խաղն առանց կանոնների», մենք հստակորեն նկատեցինք գործնականում՝ 2005թ.-ի մարտին ՀՀ փաստաբանների պալատի առաջին հիմնադիր ընդհանուր ժողովում պալատի նախագահի և մարմինների ընտրությունների ժամանակ և դրանից հետո: Ամենավտանգավորն այն էր, որ փաստաբանները սկսեցին հալածել միմյանց, «խրվելով» ինտրիգների, բամբասանքների, միմյանց մասին անհարգալից արտահայտություններ անելու, «սև պիառի» բոլոր միջոցները կիրառելու մեջ:

Այսօր էլ ծաղկում են վստահորդներին միմյանցից խլելու երևույթները և փոխադարձ վիրավորանքները: Ձևավորվում է միայնակ գայլի հոգեբանությունը, որի համար ոչ ոք և ոչինչ հիմք չեն: Բացի այդ, պատմականորեն ապացուցված է, որ էթիկական սկզբունքներ չճանաչող փաստաբանությունը չի կարող վայելել հասարակության վստահությունը: Դրա արդյունքը միշտ եղել է փաստաբանության գործերի մեջ պետության միջամտության ուշեղացումը, որն անհրաժեշտաբար բերել է փաստաբանական կառույցների իրական անկախության սահմանափակման, առանց որի փաստաբանությունը չի կարող իրականացնել իրավապաշտպան ինստիտուտի իր առաքելությունը

Ընդ որում, պետք է հասկանալ, որ փաստաբանական համակցության մեջ էթիկական խնդիրների առաջացման համար գոյություն ունեն յուրահատուկ օբյեկտիվ պատճառներ: Շատ հաճախ մենք գործ ենք ունենում անհատական աշխատանքի վրա հիմնված գործունեություն իրականացնող որևէ մասնագետի իր նմաններից առանձնանալու և ավելի նկատելի դառնալու բաձարձակ նորմալ ձգտման հետ: Սակայն մրցակցությունը փաստաբանների միջև չպետք է կատարվի դարվինյան գոյատևման համար պայքարի օրենքներով, երբ բոլոր միջոցները լավ են ու թույլատրելի: Այդպիսի պայքարը բնական է և այդ պատճառով՝ հնարավոր, սակայն այն պետք է տեղի ունենա մասնագիտական էթիկայի շրջանակներում:»:

Ենոք Ազարյան:

Կարդացեք նաև