Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբանի մտածողության հոգետեխնիկան

14.04.2012


Հնարավոր չէ նշել գործունեության մի տեսակ, որտեղ մտածողությունը կարևոր նշանակություն չունենա: Խելքը մարդու հոգեկան կառուցվածքի բարձրագույն արտացոլումն է: Առանց չափազանցման կարելի է ասել, որ փաստաբանական գործունեությունը իսկապես խելացի, խորաթափանց անձանց համար է:

Խելացի հարցեր ծագում են բոլորի մոտ, սակայն խելացի պատասխաններ կարող են տալ ոչ բոլորը: Փաստաբանը պետք է կարողանա բարդ հարցերին խելացի պատասխանել, ներթափանցել երևույթների էության մեջ, տեսնել դրանց պատճառա-հետևանքային կապերը, մտածել երկար, լինել շրջահայաց, խորաթափանց և կանխատեսել իրադարձությունները:

Մտածողությունը փաստաբանի տրամադրության տակ եղած հիմնական միջոցն է իր առջև կանգնած խնդիրների լուծման համար: Մտածողությունը վերահսկելու և լավացնելու կարողությունն փաստաբանի կարևոր հմտություններից է: Փաստաբանն անընդհատ հանդիպում է կյանքի այնպիսի դեպքերի՝ հանցագործություններ, իրավախախտումներ և այլն, որոնք հանդես են գալիս որպես փաստաբանական դիտարկման ինքնուրույն առարկաներ: Ըստ որում, իմաստավորման են ենթակա նաև հոգեբանական առանձնահատկությունները, քանի որ այդ դեպքերը կատարվում են մարդկանց հետ, հագեցված են նրանց արարքներով և գործողություններով, կրքերով, շարժառիթներով, հարաբերություններով, վեճերով և այլ հոգեբանական գործոններով, իսկ այդ առանձնահատկությունները մտածողությունում անպայման պետք է արտացոլվեն: Այդ պատճառով իրավաբանի մտածելակերպը պետք է հոգեբանական լինի:

Այդ առումով արհեստավարժ փաստաբանի համար կարևոր նշանակություն ունի մտածողության հոգետեխնիկան: Մտածողությունը շատ հաճախ կամայականորեն չի կարգավորվում, խելքային հմտությունները նպատակաուղղված չեն ձևավորվում: Հոգետեխնիկական հնարքներն են ստեղծում համապատասխան հնարավորությունները:

Ամեն անգամ բարդ իրադրությանը, խորը ընկալում պահանջող փաստին հանդիպելիս, փաստաբանը պետք է պատասխանի մի շարք առաջնակարգ հարցերի՝ ինչի՞ց սկսել, ի՞նչ անել անհրաժեշտ արդյունքի նվաճման համար: Փաստաբանը պետք է ստիպի իրեն հաղթահարել շտապողականությունը, շփոթությունը, հուզմունքը, անհանգստությունը և սկսել մտածել, փնտրել խնդրի լուծման ուղիները դատողությունների միջոցով:

«Փաստաբանության հիմունքները»
Ե.Ռ.Ազարյան
Երևան 2006

Կարդացեք նաև