Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Եվ կրկին Բլեզ Պասկալ

12.06.2011


Պասկալը «ապակողմնորոշող» ուժերի թվին է դասում ինքնասիրությունը: «Ինքնասիրության զգացողությունը հեռացնում է բանականությունը իրականությունից, ըստ որում ոչ միայն հոգեբանական տեսակետից, այլ սոցիոլոգիական: Ինքնասիրություն ասած հրեշը խանգարում է ճիշտ գնահատել իրադարձությունները, այն միշտ առաջին պլան է մղում սեփական շահն ու դրանով էլ մարդուն դարձնում կույր:

Մարդը լի է թերություններով, և վատն այն է, որ նա չի ուզում տեսնել դրանք: Ավելին՝ նա ստեղծում է պատրանք, որ իր մոտ ամեն ինչ լավ է, կատարյալ: Ճշմարտությունը տեսնելու համար հարկավոր է թոթափել ինքնասիրության զգացումը, բաց աչքով նայել իրականությանն ու կարողանալ ճիշտ գնահատել սեփական ուժերը: Մինչդեռ մարդուն ոչինչ չարժե ականջ դնել հանիրավի թմբկահարմանը կամ թե արբենալ թմրեցուցիչ գովասանքներով: Ու զայրանում է, երբ մատնացույց են անում իր թերությունները: Իրականում ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակ ձևով: Եվ դա՝ ինքնասիրության կուրացուցիչ լույսի պատճառով: Այդպիսին պարզապես ատելությամբ է լցվում բոլոր նրանց հանդեպ, որոնք ճշմարտությունն են դնում նրա առաջ, ու սիրում՝ խնկարկելով նրանց, ովքեր հաճելի ու քաղցրավուն սուտն են դնում նրա առջև:

Մարդիկ այդպես են վարվում ինձ հետ, որովհետև գիտեն, որ դա ինձ հաճույք է պատճառում: Հատկապես այն դեպքում, երբ ես զբաղեցնում եմ այնպիսի դիրք ու օժտված եմ այնպիսի իշխանությամբ, որից կախված են ինձ շրջապատողների շահերը. հաճելիորեն ստում են ու ծամածռության աստիճան քծնում: Իսկ իմ ետևից ասում ու անում ճիշտ հակառակը:

Ինչքան մարդ ավելի է շարժվում սոցիալական սանդուղքով դեպի վեր, այնքան ավելի է մեծանում վտանգը ճշմարտությունից հեռանալու: Մարդիկ միշտ առանձին վախ ունեն սանդուղքի վերև հասածներից, չէ՞ որ նրանցից է կախված իրենց բախտը, շահերը, կյանքը, և միշտ էլ վտանգավոր է այդպիսինների նկատմամբ հակակրանքի ցուցադրումը, նույնիսկ զգալ տալը:

Մարդիկ, գոհացնելով նրան, որ ունի դիրք ու իշխանություն, հաճոյանալով նրան, ի վերջո մտածում են միայն իրենց շահերի մասին և ոչ բնավ տիրողի ու պետության շահերի մասին: Իհարկե, բոլոր դեկորացիաները և ողջ թատերականությունը՝ նման սոցիալական ներկայացման, պահպանվում են հավուր պատշաճի, բայց այդ ներկայացման բոլոր դերակատարներն էլ այսպես թե այնպես վնասում են և՛ իրար, և՛ պետությանը, և՛ ընդհանուր շահերին:»:

Ըստ Պասկալի մարդուն հատուկ է ևս մի թմրեցնող ուժ՝ փառասիրությունը: «Մարդը հաճույքով է խոսում իր բարեմասնությունների մասին, թեպետ դրանք իրենց քանակով ու որակով չեն գերազանցում իր ունեցած թերություններին: Պարծենկոտությունից ու փառասիրությունից զերծ չէ ոչ ոք», պնդում է Պասկալը: «Նույնիսկ փիլիսոփաները, որոնք դատապարտում են փառասիրությունը, ի վերջո ձգտում են փայլել հենց այն բանում, թե ինչպես են փետրատում այդ փառասիրությունը. մեկը՝ սրամտությամբ, մյուսը՝ բարձր ոճով ու գրելաձևով, երրորդը՝ տրամաբանության ուժով:

Բոլորը չէ, որ փիլիսոփա են, բայց փիլիսոփայությունը արհամարել կամ թերագնահատել նույնպես փիլիսոփայություն է նշանակում. ահա փառասիրության ևս մի դրսևորում:

Հետաքրքրասիրությունը, թվում է, կապ չունի փառասիրության հետ, բայց իրականում այն դառնում է նպատակ... դարձյալ փայլելու համար իր երկրպագուների շրջանում: Հազիվ թե մարդիկ ձեռնարկեին, ասենք, վտանգներով ու զրկանքներով լի ճանապարհորդություններ՝ միայն ի սեր հետաքրքրասիրության, եթե հույս չունենային ասել ու խոսել այդ ամենի մասին ի լուր բոլորի...»:

Վերը ասվածը Պասկալը ապացուցեց նաև իր գործերով: Ինչպես հայտնի է Ցիկլոիդի խնդրի լուծումը եղավ Պասկալի մաթեմաթիկական մտքի ու գիտական երևակայության անօրինակ մի հրավառություն: Դա հաղթանակ էր, փայլուն հաղթանակ, որի համար կարող էր և իրավունք ուներ ուրախանալ ամեն մի մահկանացու: Եվ նա, պետք է կարծել, ապրեց այդ ուրախությունը, գոնե դրա ակնթարթը: Բայց հենց այդ միտքն էլ՝ ուրախություն ապրելու փաստը, դնում է նրան մռայլ տրամադրության մեջ. նրան համակում է խղճի խայթի պես մի բան: Խղճի խայթ այն բանի համար, որ ինքը թույլ է տվել իր մեջ զարթնելու այդ փառասիրություն կոչված հրեշը: Մինչդեռ վաղուց ի վեր նա սկզբունք էր դարձրել, գոնե իր համար. բարոյական կատարելության հասնելը պետք է լինի մի անընդհատ ու անընդմեջ պրոցես, նա չպետք է ունենա ընդմիջումներ, թեկուզ կարճատև նահանջ, ինքնագոհունակություն ու բավարարվածության նույնիսկ աննշան դրսևորում: Առավել ևս րոպեական հաճույքի տրվելու թուլություն: Իր հաջողությունը, թեկուզև շատ խոշոր, իրավունք չի տալիս իրեն արբեցում ապրելու, ինքնագոհ մտորումների տրվելու: Հարկավոր է զգոնություն՝ ճանապարհից դուրս չգալու համար:

Այն միտքը, որ չի կարելի տրվել գովեստի արբեցումին, այնքան էր ամուր նստած նրա մեջ, որ նույնիսկ հարկադրում էր դիմել ծայրահեղ միջոցների: Այսպես՝ նա իր համար պատրաստել է տալիս հատուկ գոտի ներսից սուր մեխերով ցցված, և ամեն անգամ, երբ զգում էր, որ հպարտության, ինքնասիրության կամ հպարտության ոգին գլուխ է բարձրացնում իր մեջ, նա ամուր սեղմում էր հագուստի տակ թաքցրած այդ գոտին և անասելի ցավ պատճառելու գնով հարկադրում իրեն վերգտնել զգոնությունը:

Այսպիսի ներքնաշխարհը բերում է որոշակի հետևանքների: Ինքը՝ Պասկալը, դառնում է ավելի ու ավելի հեզ, բարեհոգի, հանդուրժող ու մարդկանց նկատմամբ, իրեն սովորեցնում է՝ չպահել քեն, տեղին ու արդարացի արված դիտողություններն ընդունում է հանգիստ ու անվրդով: Պասկալը սովորում է անտարբեր լինել ամեն տեսակի աշխարհիկ կրքերի ու հաճույքների հանդեպ, մերժում է փառասիրությունը և խուսափում է սեփական ես-ը ընդգծելուց:

Антология мысли ''Блез Паскаль'' ''Мысли'' перевод и комментарии Юлии Гинзбург.

Կարդացեք նաև