Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Արդարությունն ըստ Պասկալի

06.03.2011


Ըստ Պասկալի արդարությունը, ինչպես նաև ճշմարտությունը, եղել է ու կմնա մարդու համար միշտ անհասանելի մի բան: Դա էլ հասցրել է մարդուն նողկալի վիճակի: Երբ մարդը ենթարկվում է օրենքին, ապա նա ըստ էության ենթարկվում է երևակայական արդարությանը:

Ի՞նչ է օրենքը: Օրենքը պարզ մի պայմանականություն է, որտեղից չի հետևում բնավ, որ օրենքը արդարություն է նաև: Օրենքի ծնվելն ունի շատ հասկանալի մի պատճառ՝ վստահության բացակայությունը մարդկանց միջև. մարդը մարդուն չի հավատում: Վստահության փոխարեն մարդու մեջ նստած է այդ հրեշը՝ կասկածամտությունը: Եվ որպեսզի համակեցությունը մարդկանց միջև դարձվի հնարավոր, հորինել են օրենքը: Օրենքի էությունն ինքը օրենքն է:

Ենթարկվել ընդունված օրենքին, չի նշանակում դեռևս, որ այն արդարացի է ու բնական: Ճիշտ այնպես, երբ զինվորը ենթարկվում է հրամանատարին. նա կատարում է հրամանը ոչ այն պատճառով, որ հրամանը ճիշտ է կամ արդարացի, այլ որ այդպես է կարգը՝ պետք է կատարել հրամանատարի հրամանը: Ու վերջ: Ահա սրան է հանգում մեր երկրային խղճուկ արդարության ամբողջ իմաստը:

Պասկալը բերում է օրինակ. մի՞թե ճիշտ բան է, երբ երկրի ղեկավար է նշանակվում անշնորհքի մեկը սոսկ այն պատճառով, որ սա ազնվական ծագում ունի կամ թե դարձել է երկրի տիրակալ իր ճանապարհին կանգնածներին ճզմելու գնով: Չէ՞ որ այդ նույն մարդուն չէին դնի նավի կապիտան. այս դեպքում նավի խորտակվելը կդառնար անխուսափելի ու ակնհայտ: Եվ եթե երկրի ղեկավարի ընտրության հարցում մենք գնում ենք նման խեղկատակության, ապա դա չի՞ վկայում արդյոք մարդկային մտքի ու մտածելակերպի անուղղելի սահմանափակվածությունը:

Իհարկե, կարելի է համաձայնել, որ պետության ղեկավար պետք է դրվի ամենից խելացի և առավել բարյացակամ մարդը: Բայց ինչպե՞ս ընտրել այդ մարդուն: Մրցակցություն, որը կարող է վերածվել ու վեր է ածվում պատերազմի: Մինչդեռ տուժողը ժողովուրդն է: Ահա այսպես է ստեղծվում այն վիճակը, երբ մարդիկ, չհասկանալով իրար, ավելի ճիշտ, չուզենալով իրար հասկանալ, լսել արդարության ձայնը, հարկադրում են իրենց դիմել ուժին:

Եվ այսպես, եզրակացնում է Պասկալը, պետությունը չարիք է, և նրա գոյության մեջ չպետք է փնտրել ոչ բավականաչափ հիմնավորվածություն և ոչ էլ լիակատար արդարություն: Բայց այդ չարիքը անհրաժեշտություն է: Արդարությունը ձուլված է անարդարության հետ, ինչպես բանականությունը՝ երևակայության հետ, մարմինը՝ հոգու հետ: Մարդկային արդարությունն ընկած է երկու ծայրահեղությունների միջև՝ անսահման բարու և անսահման չարի:

Կարդացեք նաև