Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ո՞վ է բոլորից հաղթողն ու զորավորը

01.07.2010


Դարեհ թագավորը մեծ խրախճանք սարքեց, հրավիրեց իր բոլոր իշխաններին եւ այն բոլոր նախարարներին, զորապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնվում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները: Նրանք կերան, խմեցին, հագեցան եւ ուրախացան: Երբ խրախճանքն ավարտվեց, Դարեհ թագավորը մտավ իր սենյակը, բազմեց իր գահին եւ քնեց:

Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագավորը դեռ քնած էր, սենյակի ներսում կանգնել էին նրան սպասավորելու համար եւ պահպանում էին նրան: Նրանք սկսեցին իրար հետ խոսել եւ ասացին. «Եկե՛ք յուրաքանչյուրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից ավելի իմաստուն բան ասի, թող Դարեհ թագավորը մեծամեծ պարգեւներ տա նրան:»:

Այդ ժամանակ նրանցից յուրաքանչյուրը գրեց իր խոսքը: Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին. «Երբ արթնանա, այդ գրությունները կտանք նրան. թող թագավորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խոսքը գտնեն առավել իմաստուն, հաղթողի պարգեւը թող տան նրան»:

Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից հաղթողն ու զորավորը»: Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագավորն է բոլորից հաղթողն ու զորավորը»: Երրորդը գրեց եւ ասաց. «Կանայք են բոլորից հաղթողն ու զորավորը, բայց ճշմարտությունը հաղթում է բոլորին»: Երբ թագավորը արթնացավ, վերցրեց գրությունները, կարդաց եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ իշխաններին: Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրությունները: Թագավորն ասաց. «Այստե՛ղ կանչեք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խոսքերը»:

Առաջինը, որ գինու զորության մասին էր խոսել, ասաց. «Ո՜վ մարդիկ, մի՞թե ամենից զորավորը գինին չէ. բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն, գինին հիմարացնում է նրանց մտքերը. թագավորների ու տառապյալների միտքը նա դարձնում է նույնը, այդպես էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներին ու աղքատներինը: Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դեպի ուրախություն: Երբ խմում են, էլ չեն հիշում թագավորներին կամ իշխաններին եւ դառնում են մեծախոս: Մարդ երբ խմում է, չի հիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ հաճախ սուր է հանում, եւ երբ անցնում է գինու ազդեցությունը, չի էլ հիշում, թե ինչ է արել: Ո՛վ մարդիկ, մի՞թե զորավորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել:»:

Երկրորդը, որ գրել էր թագավորի զորության մասին, սկսեց խոսել եւ ասաց. «Ո՛վ մարդիկ, մի՞թե ճիշտ չէ, որ մարդիկ հզորացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կա նրանց մեջ: Իսկ հզոր թագավորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապես. նույնիսկ, եթե հրամայի, որ ընկերը պատերազմի ընկերոջ դեմ, նրանք չեն համարձակվի զանց առնել թագավորի խոսքը: Թագավորն է միայն, որ հզոր իշխան է բոլորի վրա. եթե հրամայում է սպանել, կսպանեն, ապրեցնել՝ կապրեցնեն, կառուցել՝ կկառուցեն, քանդել՝ կքանդեն: Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակա է թագավորի ուժին եւ լսում է նրա հրամանը: Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թե զորավորը թագավորը չէ, որի հրամանի խոսքը լինում է այսքան հզոր, եւ նա իշխում է բոլորի վրա»:

Երրորդը, որ ասել էր կանանց զորության եւ ճշմարտության մասին, ասաց. «Ո՛վ մարդիկ, եթե մեծազոր է թագավորը կամ բազմաթիվ այլ մարդիկ, կամ թե զորավոր է գինին, ապա ո՞վ է, որ հաղթում է եւ տիրում է բոլորին. կանայք չեն արդյո՞ք, քանզի նրանք են, որ ծնում են թագավորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնվել են նրանցից: Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ գինի ստանում դրանցից: Տղամարդը թողնելով իր հորն ու մորը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ, եւ հոգով այնպես է միանում նրան, որ մինչեւ իսկ չի հիշում ո՛չ հորը, ո՛չ մորը եւ ո՛չ էլ իր երկիրը: Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ, շատերն են մատնվել կորստի, մեռել ու սպանվել, սխալվել ու ընկել մեծ մեղքերի մեջ՝ կանանց պատճառով:»:

Զորոբաբելն սկսեց խոսել ճշմարտության մասին եւ ասաց. «Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զորավոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշավելով երկնքի կամարաձեւ խորանի միջով՝ մի օրվա մեջ դարձյալ արագ սլանում եւ հասնում է իր տեղը: Արդյո՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը: Արդարեւ, մեծ է ճշմարտությունը եւ ամեն ինչից զորավոր: Ամբողջ երկիրը ապավինում է ճշմարտությանը, երկինքը օրհնում է ճշմարտությունը, ամեն ինչ սասանվում եւ դողում է նրա առաջ. ճշմարտության մեջ անիրավություն չկա, ոչ մի անիրավություն: Անիրավ է գինին, անիրավ է թագավորը, անիրավ են նաեւ կանայք, անիրավ են բոլոր մարդկանց որդիները, անիրավ են նաեւ նրանց բոլոր գործերը, ճշմարտություն չկա նրանց մեջ, եւ իրենց անիրավության մեջ էլ կկորչեն իրենք: Իսկ ճշմարտություն կա, մնում է եւ զորավոր է հավիտենապես, կենդանի է նա, եւ նրա իշխանությունը՝ հավիտենական: Աչառություն չկա նրա մեջ, նա չի փոփոխվում երբեք, այլ միշտ հաստատում է արդարությունը, մերժում չարությունն ու անիրավությունը. ճշմարտության բոլոր գործերը հաճելի են ամենքին: Անիրավություն չկա նրա դատաստանի մեջ. Ճշմարտություն է թագավորների հզորությունը, նրանց իշխանությունն ու նրանց մեծությունը: Օրհնյալ է ճշմարտության Տեր Աստվածը»:

Այդ ժամանակ բոլոր հավաքվածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտությունը, ե՛ւ հաղթող, ե՛ւ զորավոր»: Իսկ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կտամ գրվածից ավելին, քանզի դու բոլորից իմաստուն գտնվեցիր. դու կնստես իմ երկրորդ աթոռին եւ կկոչվես իմ ազգականը»:

Եզրասի առաջին գիրք

Կարդացեք նաև