Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբանությունը Ռուսաստանում:

01.05.2010


Ռուսաստանում «Փաստաբան» բառն առաջին անգամ որպես հասկացություն կիրառվել է 1716թ.-ին՝ Պետրոս I-ի Զինվորական կանոնադրությունում: Գլուխներից մեկը կոչվում էր «Փաստաբանների եւ լիազոր ներկայացուցիչների մասին» եւ սահմանում էր նրանց իրավասություններն ու խնդիրները:

Ռուսական փաստաբանության ամենախոշոր կարգավորումներից էր 1864թ. բարեփոխումները, ինչը վերաբերվում էր փաստաբանության կազմակերպմանը եւ գործունեության կարգավորմանը: Բարեփոխումների հիմքը եւ դատավարության կազմակերպման ժողովրդավարական սկզբունքների երաշխիքը դարձավ երդվյալ ատենակալների դատարանի ստեղծումը, որն ապահովում էր բնակչության անմիջական մասնակցությունն արդարադատության իրականացման գործում:

Նշված բարեփոխումներով ներմուծված փոփոխությունները գոյատեւեցին մինչեւ 1917թ. հեղափոխությունը: Այդ կայունությունը բացատրվում է հասարակության կողմից փաստաբանության պահանջի գիտակցմամբ՝ որպես մի ինստիտուտի, որն անհրաժեշտ է դատարանի իրական անկախության ապահովման եւ ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական դատավարության ընթացքում օրինականության սկզբունքների պահպանման համար:

Խորհրդային ժամանակաշրջանում փաստաբանությունը հիմնականում կրում էր զուտ ձեւական բնույթ եւ գործում էր այնքանով, որքանով չէր հակասում ռեժիմի շահերին: Ըստ այդմ 1917-1991թթ. ժամանակահատվածը պայմանականորեն բաժանվում են չորս փուլերի՝ 1917-1922թթ., 1922-1939թթ., 1939-1962թթ., 1962-1991թթ.-ներ, որոնց ժամանակ փոփոխությունների ենթարկվեցին փաստաբանության ոլորտը կարգավորող նորմերը:

Ձեւավորելով անկախ Ռուսաստանի իրավա-տնտեսական նոր համակարգը, բարեփոխումների տարբեր փուլերում փորձեր կատարվեցին 1980թ. փաստաբանության կանոնադրությունը փոխարինել նոր օրենքով: Սակայն Ռուսաստանում դա հաջողվեց իրագործել միայն 2002թ.-ին, քանի որ ռուսաստանի հասարակությունը դուրս եկավ տնտեսության եւ իրավունքի ոլորտների զարգացման նոր փուլ:

Նշվածը պայմանավորված էր երկու գործոնով: Առաջինը այն էր, որ 1980թ.-ի փաստաբանության կանոնադրության հիմնադիրները, իմանալով, որ սոցիալիստական կարգերի պայմաններում այն իրականում անիրագործելի է, ներառել էին միջազգային իրավունքի հիման վրա հիմնված դրույթներ, որոնք մինչ այժմ գործում են: Երբ գաղափարախոսական «վարագույրները» վերացան, կանոնադրությունը սկսեց իրագործվել եւ լիովին բավարարում էր հասարակության պահանջմունքներին: Երկրորդ գործոնը այն էր, որ նոր իշխանությունները սկզբնական փուլում դեռեւս չէին կողմնորոշվել, թե զարգացման որ ուղիով պետք է առաջնորդվեն:

Սակայն իրավական բարեփոխումների զարգացման նոր փուլում հին կանոնադրությունն արդեն սպառել էր իրեն, ուստի ընդունվեց նոր դաշնային օրենք «Ռուսաստանի Դաշնության փաստաբանության եւ փաստաբանական գործունեության մասին»:

Նշված օրենքով Ռուսաստանում փաստաբանությունը հանդիսանում է ոչ առեւտրային գործունեության տեսակ: ՌԴ սուբյեկտի փաստաբանական պալատի գործունեության շրջանակներում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար փաստաբանները կարող են ինքնուրույն ընտրել փաստաբանական կազմակերպաիրավական ձեւեր, որոնք նախատեսված են Օրենքով: Ըստ այդմ գոյություն ունեն հետեւյալ ձեւերը՝ փաստաբանական գրասենյակ, փաստաբանական բյուրո, փաստաբանների կոլեգիա եւ իրավաբանական խորհրդատվություն:

Կարդացեք նաև