Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Սողոմոնյան արդարադատություն

02.01.2010


Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև: Կանանցից մեկն ասաց. «Լսի'ր ինձ, տե'ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք: Ես երեխա ունեցա այդ տանը: Այնպես պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց: Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը:

Գիշերը սրա որդին մեռավ, որովհետև նա իր երեխայի վրա էր պառկել: Սա գիշերվա կեսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես` քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ մեռած որդուն դրել է իմ ծոցը: Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսա, որ մեռած է: Ցերեկը մի լավ դիտեցի նրան և տեսա, որ դա իմ ծնած երեխան չէ»:

Մյուս կինն ասաց. «Ո'չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանի է»: Այսպես վիճեցին արքայի առջև:

Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թե` «Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է», իսկ դու էլ ասում ես` «Ո'չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է»»: Արքան ասաց. «Սուրն ի'նձ բերեք»: Սուրը բերեցին թագավորի մոտ: Արքան ասաց. «Կտրեցե'ք, երկու կես արե'ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կեսը տվե'ք սրան ու մյուս կեսը` նրան»:

Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար: Նա ասաց արքային. «Լսի'ր ինձ, տե'ր, կենդանի մանկանը տվե'ք նրան, միայն թե մի' սպանեք մանկանը»: Մյուս կինն ասաց. «Ո'չ իմը թող լինի, ո'չ նրանը, մեջտեղից կիսեցե'ք նրան»:

Պատասխան տվեց արքան`ասելով. «Նրա'ն տվեք կենդանի մանկանը, ով ասաց, թե` «Դրա'ն տվեք, միայն թե մի' սպանեք երեխային»: Նա է դրա մայրը»: Եւ ամբողջ Իսրայելը լսելով արքայի վճռած դատաստանը` երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստունությունը կար:

Կարդացեք նաև