Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դիմում-առաջարկ

05.04.2008

Հարգելի պարոն Մանուկյան

Սույն թվականի դեկտեմբերի տասին Ձեր կողմից հիմք ընդունվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի դրույթները որոշում է կայացվել, որով 2007 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների հավատարմագրերի գործողության ժամկետները երկարաձգվել է մոտ մեկ տարով:

Կարծում եմ, որ նշված որոշումը հակասում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությանը հետեւյալ պատճառաբանությամբ:

Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի 6-րդ մասի՝ «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին եւ հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:»:

Ինչպես երեւում է նշված հոդվածի վերլուծությունից՝ «Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով» նախադասությունը կրում է իմպերատիվ բնույթ եւ որեւէ բացառություն չի նախատեսում, հետեւաբար Վճռաբեկ դատարանի նախագահը իր նախաձեռնությամբ չէր կարող երկարաձգել հավատարմագրերի ժամկետները:

Այս առումով կարծում եմ, որ 10.12.2007թ.-ին ընդունված N-79Ա հրամանը հակասում է օրենքին եւ այն պետք է ուժը կորցրած ճանաչվի:

Ինչ վերաբերվում է փաստաբանների հավատարմագրման ինստիտուտին ընդհանրապես, ապա կարծում եմ, որ այն չի նպաստում իրավունքի զարգացմանը, ուստի այդ օրենքը եւ դրան համապատասխան ընդունված այլ օրենքներն ու իրավական ակտերը պետք է վերանայվեն եւ կատարվեն համապատասխան փոփոխություններ հետեւյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի դատավորների հետ մասնավոր զրույցներում, դատավորները հավատարմագրման ինստիտուտի ներդրումը հիմնականում պատճառաբանում են վճռաբեկ բողոքները ավելի որակյալ լինելու հանգամանքով: Սակայն ինչպես ցույց տվեց պրակտիկան այս ժամանակահատվածում վճռաբեկ բողոքները ավելի որակյալ չդարձան:

Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն փաստաբանը, որը իր ձայնը տալիս է այլ փաստաբանի, հետագայում էլ իր գիտելիքներին համապատասխան կազմում է վճռաբեկ բողոքը, սակայն բողոքը ստորագրում է ոչ թե բողոք կազմած փաստաբանը այլ հավատարմագիր ստացած փաստաբանը առանց այն ընթերցելու (քանի որ ինչ-որ մի տեղ կասկածի տակ կդնի իր կոլեգայի գիտելիքները), քանի որ որոշակի բարոյական պարտավորություն է զգում վերջինիս նկատմամբ: Արդյունքում փաստաբանները վճռաբեկ դատարան են ուղարկում այնքան բողոք, ինչքան ուղարկում էին նախկինում՝ «ընտրյալ» փաստաբանների միջոցով:

Հիմքում ունենալով վերը նշված հանգամանքները, ինչպես նաեւ դրսեւորելով բարի կամք եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 27.1. հոդվածով, որը մասնավորապես սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:»

առաջարկում եմ

  1. Ուժը կորցրած ճանաչել 10.12.2007թ.-ին Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ընդունված N-79Ա հրամանը.
  2. Դրսեւորել բարի կամք՝ ստեղծել Դատական դեպարտամենտի համապատասխան աշխատակիցներից եւ Փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կքննարկի համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները եւ վերջնական տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարություն՝ Աժ օրակարգ ընդգրկելու համար:

Կարդացեք նաև