Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ԴԻՄՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ-ՀՈՐԴՈՐԱՆՔ

31.03.2010

Մեծարգո Արդարադատության խորհրդի անդամներ, հարգարժան պարոն Մկրտումյան.

Ուսումնասիրելով 17.03.2010թ.-ի ՀՀ պաշտոնական տեղեկագրի թիվ 11 (745) համարը ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ ԱԽ) 2010թ.-ի փետրվարի 19-ին քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կայացրել է այնպիսի որոշում, որն ըստ իս իր մեջ արտացոլում է Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկան` օրենքի խտրական կիրառման մասով: Այն մասնավորապես, դրսևորվում է ակնհայտ երկակի չափանիշներ կիրառելու մեջ, որն էլ իր հերթին ստեղծում է անձեռնմխելիների և խոցելիների խմբեր:

Լինելով փաստաբան որի գործառույթներից մեկն էլ ի թիվս այլի նաև օրինականություն քարոզելն է, բնավ չստանձնելով դատավոր Յու. Բաղդասարյանի շահերի պաշտպանությունն, ավելին համամիտ լինելով ԱԽ-ի որոշման եզրափակիչ մասի հետ, այնուամենայնիվ, առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 27.1 հոդվածով, ըստ որի «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետներում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:», ներկայացնում եմ սույն դիմում, առաջարկ-հորդորանքը հետևյալի մասին:

ԱԽ-ն իր վերը նշված որոշման 5-րդ մասում պարզելով, որ դատավորը կիրառել է ուժը կորցրած օրենք արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, մեջբերում եմ «… Նշված հոդվածից հետևում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության: ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` Գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:» մեջբերման ավարտ:

Այս առումով ուղղակի անկարելի է չհիշել ոչ վաղ անցյալում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հակասահմանադրական և ուժը կորցրած օրենքի կիրառման գործը, որը հասավ մինչև Սահմանադրական դատարան: Հիշեցման համար նշեմ, որ Սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ 866 որոշման 3-րդ կետում նշել էր` «ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրական դատարանի որոշումները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին, պետական իշխանության համապատասխան մարմիններին, այդ թվում` ՀՀ Ազգային ժողով և ՀՀ վճռաբեկ դատարան, հրատարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և սահմանադրական դատարանի տեղեկագրում: Իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի և 66-րդ հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց համար:»:

Նշված մեջբերումից հստակ երևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր ձեռքում ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել օրենքը, այնուամենայնիվ կիրառել է այն, Ձեր իսկ խոսքերով ասած չապահովելով պատշաճ մասնագիտական պատրաստվածություն: Տվյալ դեպքում մենք ունենք երկու միանման գործեր, որով մի դեպքում դատավորը ուժը կորցրած օրենք կիրառելու համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ մյուս դեպքում ոչ, քանի որ ըստ ամենայնի հանդիսացել են վճռաբեկ դատարանի դատավորներ, ավելին` նրանցից պարոն Աբելյանը ներկայումս հանդիսանում է ԱԽ անդամն և անմիջական մասնակցություն է ունեցել ուժը կորցրած օրենքը կիրառելու գործում:

ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` «Էթիկայի հանձնաժողովը դատավորի կողմից աշխատանքային կարգապահության կամ վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում` մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:»: Այս առումով բնականաբար թե՛ էթիկայի հանձնաժողովը և թե՛ կարգապահական հանձնաժողովը որևէ խախտում չեն հայտնաբերել միանգամայն ինձ համար հասկանալի պատճառներով:

Այսպիսով, նկատի ունենալով, որ ԱԽ անդամ, վճռաբեկ դատարանի դատավոր պարոն Վ. Աբելյանը վճռաբեկ դատարանի մյուս դատավորների հետ միասին Հայաստանի Հանրապետության անունից կիրառել են ուժը կորցրած օրենք և դրա համար որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, ուստի ելնելով արդարադատությունը Հայաստանում տեսանելի, ընկալելի և հասկանալի դարձնելու սկզբունքներից, ինչպես նաև ԱԽ-ի եւ Վճռաբեկ դատարանի գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացման օրհասական անհրաժեշտությունից, հավատալով նաեւ, որ կյանքում լինում են հրաշքներ.

առաջարկում և հորդորում եմ.

Պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից որոնց նկատմամբ կիրառվել է ուժը կորցրած օրենք եւ այն տեղադրել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ արդարադատության նախարարության կայքէջերում:

Հավատացնում եմ այն կնպաստի Հայաստանում արդարադատության դերի բարձրացմանն ու օրինականության քարոզմանը:

Փաստաբան` Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև