Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի առաջարկը վարչապետին եւ ԱԺ նախագահին

23.04.2010

Հայաստանի Հանրապետության
վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
Պատճենները՝ ՀՀ Ազգային ժողովի
նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ պարոն Արթուր Ջավադյանին

Հարգելի պարոնայք սույն թվականի ապրիլի մեկին Կառավարությունն ի թիվս այլ օրենքների նախագծերի հավանության է արժանացրել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծը: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որը վերաբերվում է վերաքննության իրավունքից հրաժարվելուն:

Այս առումով այդ նախագծի հիմնավորման 10-11 էջերում նշվում է՝ «հայեցակարգային լուրջ խնդիր է վերաքննության իրավունքից հրաժարվելու համաձայնագրի վերաբերյալ դրույթի նկատմամբ հստակ մոտեցում դրսևորելը։ Ըստ գործող օրենսդրության (213-րդ հոդված), վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե գործին մասնակցող անձանց միջև առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն։

Նշված դրույթը, ըստ էության, հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության 43-րդ հոդվածով։ Ընդ որում, դրանք ընդհանուր ոչինչ չունեն համաձայնության հիման վրա սահմանափակումներ ամրագրելու հետ, ուստի այդ կետը նախագծով ուժը կորցրած է ճանաչվել.»:

Ողջունելով կառավարության նշված քայլը, ավելին համոզված լինելով դրա կենսունակության մեջ այնուամենայնիվ չեմ կարող իմ մտահոգությունը չարտահայտել Կառավարությունում ձեւավորված իրարամերժ եւ հակասական դառը փորձի վերաբերյալ, որի արդյունքում տպավորություն է ձեւավորվում, որ Կառավարությունը օրենքների նախագծերը մշակելիս շատ ժամանակ առաջնորդվում է սուբյեկտիվ մղումներով, իսկ Ազգային ժողովն էլ դրանում բացարձակապես խորամուխ չի լինում որն էլ իր հերթին հասարակության մոտ ընդհանրապես առաջացնում է անվստահության եւ նիհիլիզմի տարրեր:

Մասնավորեցնելով ասվածը պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին » 17.06.2008թ.-ին ԱԺ կողմից ընդունված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը վերտառության ներքո սահմանում է՝ «Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:»: Իհարկե անվիճելի է, որ նշված Օրենքը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդուհանդերձ անվիճելի է նաեւ, որ նշված Օրենքը հավանության է արժանացել հետեւաբար նաեւ Ազգային ժողով է ուղարկել Կառավարությունը, սակայն այս Օրենքի հիմնավորման մեջ զարմանալիորեն բացակայում է Կառավարության այն դիրքորոշումն, որ դատական պաշտպանությունից հրաժարվելը հակասահմանադրական է: Ահա այստեղ է, որ Կառավարությունը օրենքներ մշակելիս առաջնորդվում է ոչ թե հասարակական հարաբերությունների զարգացման օբյեկտիվ պահանջներով, այլ կոնկրետ ոլորտներին սուբյեկտիվ առավելություններ տալով, ուստի մենք ձեզ հետ միասին կարծում եմ, որ պետք է արմատախիլ անենք այս դառը պրակտիկան:

ՀՀ սահմանադրության 27.1 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետներում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:»:

Այսպիսով, առաջնորդվելով համագործակցելու եւ բարի կամքի սկզբունքներով, ՀՀ սահմանադրության 27.1 հոդվածով եւ հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ առժամանակ մի կողմ դնելով սահմանադրական դատարանի միջոցով առաջացած խնդիրները լուծելու ուղին

Առաջարկում եմ

1.Հնարավորինս սեղմ ժամկետներում Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի ուժը կորցրած կճանաչվի «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը եւ դրա հետ օրգանապես փոխկապակցված այլ օրենքները՝ հավատարիմ մնալով ձեր իսկ կողմից հայտնած արդարացի եւ ճշմարիտ դիրքորոշմանը.

2.Հրահանգել Արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաեւ Կառավարության իրավաբանական վարչության աշխատակիցներին առավել զգոն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մասնավորապես, օրենքների նախագծերի վերաբերյալ դիրքորոշումները կազմելիս, կարդալիս, ուշադիր լինեն, որ այն չհակասի նախկինում արտահայտված դիրքորոշումներին.

3.Միշտ չէ, որ Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են սահմանադրությանն ինչի վառ ապացույցն է Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներն, ուստի օրհասական անհրաժեշտություն է ԱԺ նախագահի կողմից պետաիրավական հանձնաժողովի արդյունավետ եւ պրոֆեսիոնալ աշխատանքների կազմակերպումը.

4.Իրական համագործակցության ձեռք մեկնել հասարակության շահագրգիռ զանգվածին եւ մասնավորապես փաստաբանական համայնքին օրենքների մշակման գործընթացներում:

Կարդացեք նաև