Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ներխուժման ինստիտուտի վերաբերյալ

05.04.2008

Դիմում

Հարգելի պրն Հարութունյան

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի օրակարգ էր ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203 հոդվածի փոփոխված նախագիծը, որը իմ խորին համոզմամբ չի նպաստում քաղաքացիական իրավունքի զարգացմանը և չի բխում դրա էությունից: Այդ կապակցությամբ համաձայն ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի ներկայացնում եմ իմ դիտողությունները և խնդրում եմ օրենքը (այն ԱԺ կողմից մերժվել է) լրամշակելիս հաշվի առնել այն:

Այսպես, փոփոխությունով առաջ է քաշվել այսպես ասած «Ներխուժման» ինստիտուտը, որը մինչ այդ հայտնի չէր քաղաքացիական իրավունքի տեսությանը: Դրանով սահմանվել է, որ ներխուժում է համարվում «օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը», ինչպես նաև «օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը»:

Նույն օրենքի նախագիծը սահմանում է, որ «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը:

Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ»:

Ինչպես նկատում եք սույն օրենքի նախագծի դիսպոզիցիան իրավունք է տալիս անձին որոշակի հանգամանքների առկայության դեպքում իր նախաձեռնությամբ կիրառելու խելամիտ ուժ այսինքն բռնություն: Տվյալ պարագայում «խելամիտ» բառը շատ վտանգավոր է և այն տարբեր մարդկանց կողմից կարող է ընկալվել տարբեր ձևերով, ուստի այս դեպքում ուժ գործադրելը դուրս է քաղաքացիաիրավական կարգավորման ոլորտից, քանի որ դրա համար կա քրեաիրավական ոլորտ, որը կարգավորում է այդ հարցերը: Եթե ենթադրենք, որ ուժ գործադրելը տվյալ դեպքում տեղավորվում է քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի 8-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքի ինքնապաշտպանության ինստիտուտի մեջ, ապա ինքնապաշտպանությունը տեղավորվում է քրեական օրենսգրքի 42-րդ և 44-րդ հոդվածներով նախատեսված (անհրաժեշտ պաշտպանություն և ծայրահեղ անհրաժեշտություն) ինստիտուտների մեջ (Այս դեպքում թերևս հարկ չկա խոսելու ինքնապաշտպանության պայմանագրային (տուգանք, տույժ և այլն) ձևերի մասին): Այդ է ասում նաև քաղաքացիական օրենսգրքի 1060-րդ և 1061-րդ (անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելը և ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը) հոդվածները (Տես Комментарий к гражданскому кодексу РФ, Н. Д. Егорова, А. П. Сергеева, Москва 2006):

Թերևս այս դեպքում անիմաստ է դառնում քաղաքացիական օրենսգրքի 203 հոդվածի մեջ ներառել խելամիտ ուժի կիրառման ինստիտուտը, քանի որ այն շատ հստակ կարգավորվում է վերը նշված ընթացակարգով: Բացի այդ ինքնապաշտպանության միջոցները, որպես կանոն, կիրառվում են այն դեպքերում, երբ հանգամանքներն իրավունքների պաշտպանության համար պետական մարմիններին դիմելու հնարավորություն չեն ընձեռում (Տես ՀՀ Քաղաքացիական իրավունք, Տ. Կ. Բարսեղյան, Երևան 2004թ. էջ 75):

Անձի հողամաս այլ անձի կողմից ներխուժելու դեպքում անձը հանգիստ կարող է դիմել պետական մարմիններին, իսկ եթե անձը ուժ կիրառի մեկ այլ անձի նկատմամբ իր նախաձեռնությամբ նախագծում նշված սահմաններում (քանի որ նախագծով նաև ներխուժում է համարվում անձի իր հողամասից դուրս չգալու առաջին իսկ պահանջը չկատարելը), ապա շատ հնարավոր է, որ այն համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118 կամ 119 հոդվածների դիտվի որպես հանցագործություն: Իսկ ինչ վերաբերվում է անձի կամքին հակառակ նրա հողամաս, շենք կամ շինություն մուտք գործելու հանգամանքին, ապա ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածը տվել է այդ հարցի պատասխանը ուղղակիորեն երաշխավորելով անձի բնակարանի (տվյալ դեպքում «բնակարան» հասկացության տակ մտնում է նաև «այլ անշարժ գույք» հասկացությունը) անձեռնմխելիության իրավունքը, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի այն համարվում է հանցագործություն և դրա համար նախատեսված է համապատասխան պատիժ:

Հարկ եմ համարում անդրադառնալ նաև նույն հոդվածում տեղ գտած մեկ այլ նորամուծությանը այսպես կոչված «ոստիկանությանը լիազորելը»:

Գոյություն ունի Ոստիկանության մասին ՀՀ օրենք, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության, քրեական օրենսգրքեր որոնք հստակ սահմանում են իրավապահ մարմինների լիազորությունները, և անձանց բնակարան կամ այլ տարածք օրինական տիրապետողի կամքին հակառակ մուտք գործելու դեպքում նույն իրավապահ մարմինները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ անօրինականությունը կանխելու կամ այն վերացնելու համար դա նրանց պարտականությունն է և այստեղ լիազորել ոստիկանությանը մեղմ ասած անհասկանալի է և անթույլատրելի, քանի որ վերջիններս կվերածվեն առևտրային կազմակերպությունների:

Այսպիսով հաշվի առնելով, որ նման փոփոխությունները չեն նպաստում իրավական մտքի զարգացմանը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածը.
առաջարկում եմ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203 հոդվածի նախագիծը լրամշակել և այն համապատասխանեցնել քաղաքացիական իրավունքի տեսությանը և քաղաքացիական օրենսգրքին մասնավորապես վերացնելով ներխուժման ինստիտուտը:

Կարդացեք նաև