Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ներող եղեք տղեք էլ չեմ անի

27.01.2009

Փաստաբանների պալատ.

Օրենսդրական վերջին փոփոխություններով Վճռաբեկ դատարանում բողոք բերելու իրավունք ունեն բոլոր փաստաբանները:

1.Ընդունելի՞ եք համարում այն եւ Ձեր կածիքով բոլո՞ր փաստաբաններն ունեն բավարար գիտելիքներ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար:

2.Օրենսդրական ի՞նչ լուծում կառաջարկեիք:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի կարծիքը.

1.Իրավական պետություն ունենալու համար անշուշտ կարեւոր է գրագետ փաստաբաններ ունենալը, սակայն պետք է նշել, որ առավել կարեւոր է գրագետ դատավորներ ունենալը: Այս առումով կարծում եմ, որ բարձրացված հարցադրումները վաղաժամ են տասնյոթ տարեկան Հայաստանի դատական համակարգի համար: Սակայն ասվածս հիմնավորելու համար ինչպես դա ընդունված է փաստաբաններիս մոտ կբերեմ մեկ թարմ օրինակ:

2008 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննության է առել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Երբ ծանոթանում ես այդ գործին (Տե՛ս ՀՀ ՊՏ N2 (668) 14 հունվար 2009, էջ 327) ուղղակի ապշում ես դատավորի «բավարար գիտելիքների» աստիճանի վրա, ըստ այդմ մեջբերում եմ որոշումից մեկ հատված՝ «Բողոքը եւ կից փաստաթղթերը ուսումնասիրելու ժամանակ, երբ դատավորը եկել է այն հետեւության, որ այն պետք է քննարկի եւ որոշում կայացնի վերը նշված կարգով, առանց անալոգիա կիրառելու, ՄՏԱԲԵՐԵԼ Է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձին հոդվածներ թույլ են տալիս դատավորին կայացնել որոշումներ առանց կողմերին ծանուցելու եւ արձանագրություն կազմելու:» ուշադրություն դարձրեք, նա մտաբերել է, չի ուսումնասիրել այդ հոդվածները այլ ուղղակի մտաբերել է, սակայն ի ուրախություն բոլորիս Կարգապահական հանձնաժողովը ոչ թե մտաբերել է այլ հայտնաբերել է, որ հարգելի դատավորը սխալ է մտաբերել, եւ, շարունակում եմ մեջբերումը՝ «Ուսումնասիրելով Կարգապահական հանձնաժողովի որոշման մեջ նշված փաստարկները եւ օրենսդրական ակտերին կատարված հղումները, իր համար պարզ է դարձել, որ նույնիսկ բողոքն ըստ էության չքննելու պարագայում անհրաժեշտ է նշանակել դատական նիստ, ծանուցել կողմերին եւ արձանագրել բողոքի քննության ընթացքը:

Ընդհանրացնելով, Յու. Բաղդասարյանը ամբողջությամբ ընդունել է իր կողմից թույլ տրված սխալները եւ հայցել է Կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը:» ասել կուզի՝ ներող եղեք տղեք էլ չեմ անի: Ոչինչ որ ինչ-որ մեկի իրավունքները գետնովն եմ տվել:

Այս պարագայում հարգելի Պալատ ես ճիշտն ասած նեղվում եմ, երբ հարցադրման մեջ կարդում եմ՝ «Ձեր կածիքով բոլո՞ր փաստաբաններն ունեն բավարար գիտելիքներ» նախադասությունը, իսկ Ձեր կարծիքով բոլո՞ր դատավորներն ունեն բավարար գիտելիքներ վճիռներ գրելու՝ առավելեւս վճռաբեկ որոշումներ: Եթե մենք ունենանք երկրոդ հարցադրման պատասխանը, ապա կունենանք նաեւ առաջին հարցադրման պատասխանը:

2.Երկրորդ հարցադրման վերաբերյալ կասեմ, որ Հայաստանում արդեն սովորույթ է դարձել, երբ մարդիկ պարապ են մնում օրենքներ են փոփոխում, այդ շարքից է օրինակ, երկու փաստաբանության մասին օրենք ունենալը (մեկը 1998թ-ի մյուսը՝ 2004թ-ի), երեք հատ ապահովագրության մասին օրենք ունենալը (1996թ.-ի, 2004թ.-ի եւ 2007թ.-ի), երեք հատ սնանկության մասին օրենք ունենալը (1995թ-ի, 2003թ-ի եւ 2006թ.-ի) եւ այսպես շարունակ, ընդ որում խոսքը փոփոխությունների մասին չէ այլ փաթեթով ընդունված օրենքների: Այս առումով կցանկանայի մեջբերել իմ կողմից շատ հարգված փաստաբան՝ Հայկ Ալումյանի պատմած անեկդոտը, երբ անգլիացի պարտիզպանին հացնում են թե ինչպես է անում, որ այգու սիզամարգը (գազոն) այդքան գեղեցիկ է մնում, հավասար, միշտ կանաչ, նա պատասխանում է – հարյուր հիսուն տարի առավոտյան եւ երեկոյան ջրում ես, ամեն ամիս կտրում ես եւ հարյուր հիսուն տարի հետո ունենում ես այն արդյունքը ինչը տվյալ պահին առկա է:

Միանշանակ օրենսդրական լուծում արդեն Սահմանադրական դատարանը իր 08.10.2008 թվականի որոշմամբ առաջարկել է, ուստի պետք չէ կրկին աճպարարություններ անել այդ ոլորտում:

ՍԱ Է ԻՄ ԿԱՐԾԻՔԸ…


Հարգանքով՝

Գեւորգ Գյոզալյան

Կարդացեք նաև