Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ի՞նչ է իրենից ներկայացնում արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ի՞նչ արժե արդարադատությունը Հայաստանում:

21.08.2008

Մի առիթով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը մոտավորապես հետեւյալ միտքը արտահայտեց, որ լավ արդարադատություն ունենալու համար պետք է վճարես: Արդյունքում դատավորների աշխատավարձերը բարձրացան, սակայն լավ արդարադատություն դեռ չունենք: Իսկ նշված հանգամանքը անկուշտ մոծակի նման խմում է հասարակության արյունը, քանի որ քանի դեռ մենք լավ արդարադատություն չունենք դրա համար վճարում ենք մենք բոլորս, բացի «ռեժիմից»:

Ընդհանրապես, Հայաստանը կարելի է կոչել «վիրտուալ պետություն» որտեղ ամեն ինչ «վիրտուալ» բնույթ է կրում կարծես թե ունենք եվրոպականացված օրենքներ, դատարաններ, արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, «արդար» դատավորներ, «արդար» դատախազներ ու քննիչներ, բայց մարդկանց արդարադատության սովը չի հագենում:

Վերջերս Հայաստանում զարգացած դեպքերը շատերին են մտահոգում եւ մտորելու տեղիք են տալիս: Խոսքը մարտիմեկյան դեպքերի մասին է: Եթե փորձենք վերլուծել այն, ապա ըստ իս կհանգենք մի պարզագույն ճշմարտության, մասնավորապես այդ մարդիկ հրապարակ էին եկել ոչ թե իրենց նյութական կարիքները հոգալու անկարողությունից կամ վատ ապրելակերպից այլ ըստ իս այդ մարդիկ ունեն արդարադատության սով:

Այո հենց այս սովն էր, որ մարդկանց բերել էր հրապարակ, ինչը սակայն մեր իշխանական վերնախավը չհասկացավ եւ մինչեւ վերջերս էլ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենք իրենց համար չվերլուծելով մարտիմեկյան դեպքերը, հարցական հայացքներով, պահը չէին կորցնում շեշտել, որ մարդկանց կյանքը ակնհայտ լավացել է, քանի որ ըստ նրանց Հայաստանում շատացել են ավտոմեքենաները, շենքեր են կառուցվում եւ այլն, «իսկ էս անկուշտ ժողովուրդը չի հասկանում դա»:

ՀՀ արդարադատության նախարարությունը եւ մասնավորապես ՀՀ դատարանները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ այս ժողովրդի հույսերի մեծագույն մասը իրենցից է կախված, որ իրենց վատ աշխատանքը բերելու է բազմաթիվ մարտիմեկեր եւ էլ չգիտեմ թե ինչեր, քանի որ, երբ խախտվում է անձի իրավունքները նրա միակ հույսը ԴԱՏԱՐԱՆՆ Է, իսկ երբ դատարանը երկար ժամանակ չի իրականացնում արդարադատություն դա ի վերջո հանգեցնում է ինքնադատաստանի եւ համատարած ատելության:

Չլինելով կուսակցական, վեր կանգնելով ազգայինից, դավանելով համամարդկային արժեքները չեմ կարող իմ հիացմունքը չարտահայտել Ժիրայր Սեֆիլյանի վերջին քայլին, որով, երբ դատավորը ներս մտավ դատական դահլիճ նա ուղղակի ոտքի չկանգնեց: Կարծում եմ նման քայլը արդարացված էր, որովհետեւ դատավորները պետք է հասնեն նրան, որ ՀՀ քաղաքացիները իրենց հարգեն, ներկա դատավորները ցավոք սրտի դեռ չեն արժանացել այդ հարգանքին: Եվ այսօր էլ իրենց դատավարություններով էլ ավելի են խորացնում իրենց նկատմամբ ատելությունը:

Երբ որպես փաստաբան հետեւում եմ այսօրվա մարտիմեկյան դեպքերի հետ կապված դատաքննություններին սրտի ցավով զգում եմ, որ դատարանները վերածվել են դակիչ մարմնի, ինչպես վաղուցվանից այդպիսի մարմին է դարձել ՀՀ ազգային ժողովը:

Ծառայամտությունը և այլասերված իշխանատենչությունը Հայաստանում մի տեսակ դարձել է օրինաչափություն եւ պետք չէ պատրանք ստեղծել թե Հայաստանում իրականացվում են դատական բարեփոխումներ, քանի որ Հայաստանի դատարանների համար գործում է մեկ աքսիոմ՝ «Արդար լինել այնքանով, որքանով այդ արդարությունը չի հակասի Ռեժիմի շահերին և չի խփի իր գրպանին», իսկ օրենսդրական բարեփոխումները սոսկ գրանտակերություն են:

Կընդունենք եվրոպական օրենք, կմիանանք միջազգային պայմանագրերին, սակայն ո՛չ այդ օրենքները եւ ո՛չ էլ միջազգային պայմանագրերը Հայ իրականության մեջ չեն ստեղծի վարքագծի համապարտադիր կանոններ, քանի որ Հայաստանի դեպքում պետական հարկադրանքը գործում է այնքանով, որքանով դա ձեռնտու է տվյալ ժամանակահատվածում ձեւավորված կոնկրետ ռեժիմին: Ի դեպ սա նոր չէ այլ ձեւավորվել է դեռ Արտաշեսյան հարստության ժամանակ: Այստեղ ուղղակի պետք է հիշել միայն մի բան, որ ռեժիմները Հայաստանում կգան էլ՜ կգնան էլ՜, ինչպես եղել է դարեր ի վեր, բայց այդ ռեժիմների սանձարձակ վարքագիծը զսպող օղակ կարող է հանդիսանալ Դատական իշխանությունը եւ հասարակությունը:

Ի վերջո տեղին է ասել, որ այն պետությունը, որ մի հոգու վրա է հենված, դատապարտված է կործանման եւ ինչպես նշել է Պինդարոսը՝ «Պետությունների անսասան հիմքը արդարադատությունն է»:

Եվ որպես վերջաբան իմ կարծիքով արդարադատությունը չի կարող հավասարեցվել նյութական արժեքներին դա ավելի շատ հոգեւոր արժեք է եւ այն պայմանավորելը դրամով կամ քիչ վարձատրությամբ, կներեք, բայց դա անբարոյականություն է, ինչպես նաև անբարոյականության մարմնացում են այն դատավորները, որոնք կայացնում են ակնհայտ ապօրինի դատական ակտեր և իրենց մտերմիկ շրջանակներում արդարանում են, որ իրենցից կախված չէր, վերևներից ասված էր և այլն:

Ի դեպ այս դատավորները հույս ունեն, որ երբ գա իրենց պատասխանատվության կանչելու ժամը, նրանք կարդարանան նույն պատճառաբանություններով և որքան էլ, որ զարմանալի է նրանք հավատում են, որ դա կընդունվի, բայց ո’չ հարգելիներս այդ ապօրինի վճիռները ձեր խղճի վրա է, քանի որ եթե դուք կայացնեիք օրինական վճիռներ, ապա դա ձեզ կարժենար միայն ձեր պաշտոնը, ինչից դուք այնքան~ կախված եք: Սթափվեք, միթե դատավորի պաշտոնը այդքան թանկ է, որի համար կարելի է վաճառքի հանել ձեր հոգիները:

Կարդացեք նաև